Մոսկվայում դաշնային ծառայության աշխատակիցները օրեր առաջ ձերբակալել էին հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանին: Նրան մեղադրում են «Բաշնեֆտ» ընկերության վաճառքից անօրինական կերպով մեծ շահույթ ստանալու մեջ: Սակայն դա այն դեպքում, երբ գործարքը տեղի է ունեցել 6 տարի առաջ. գրում է Коммерсант-ը և մի քանի մանրամասն ներկայացնում:
Մոսկվայի Բասմանի դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը: Բացի այդ` կալանք է դրվել«Բաշնեֆտ» ընկերության` նրա բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին: Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 160-րդ (վատնում) և 174-րդ (հանցավոր եկամուտների օրինականացում) հոդվածներով: Պարզվում է, որ նրան ձերբակալել են Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր, մի շարք ծանր հանցագործությունների համար ցմահ բանտարկված Իգոր Իզմեստևի ցուցմունքների հիման վրա:
Коммерсант-ը թերթը հայտնել է, որ նախկին սենատորը պատմել է, թե Հայրապետյանն իբր մասնակից է եղել 2009-ի ապրիլին «Բաշնեֆտ»-ը «Սիստեմա» ԲՖԿ-ին վաճառելու գործարքին: Թերթը գրում է, որ «Սիստեմա»-ն, 2 մլրդ դոլար վճարելով, մեծացրել է իր բաժինը բաշկիրյան վառելիքաէներգետիկ համալիրի 6 ձեռնարկությունում` «Բաշնեֆտ», «Ուֆանեֆտեքիմ», «Նովոյլ», «Ուֆաօրգսինթեզ», «Բաշկիրնեֆտեպրոդուկտ», Ուֆայի նավթամշակման գործարան:
Լևոն Հայրապետյանի փաստաբան Իգոր Կոմարովի խոսքով՝ նախնական վարկածը, թե ինչու են նրան ձերբակալել, վերջնական չէ: «Հետաքննության արդյունքում այն ոչ մեկ անգամ կարող էր փոխվել: Ես դեռ չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ », – նշել է փաստաբանը:
Թերթն ընդգծում է, որ Հայրապետյանը հանդիսանում է ազգությամբ հայ աշխարհի ամենահարուստ գործարարներից մեկը: Նա ծնվել է 1949թ. Լեռնային Ղարաբաղում: Ինչպես գրում է «Կամերսանտը», լրագրությունը թույլ է տվել Հայրապետյանին ծանոթանալ և պահպանել լավ հարաբերություններ շատ հայտնի գործարարների հետ: