ՀՀԿ-Ն ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր իմիջով, փոխվելու համար գրեթե երդում տված ու որակական հեղափոխությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող Հանրապետական կուսակցությունն ամենեւին էլ չի փոխվել: ՀՀԿ-ում շարունակում են մնալ բռնության կողմնակից, որի վառ վկայությունը երեկ` երեկոյան, գրասենյակի դիմաց գրանցված միջադեպն է:
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանն ու ֆոտոլրագրող Սահակ Մուրադյանը գնացել են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ պարզվել է, որ կուսակցության շենք մուտք գործելու համար նրանք նախապես պետք է հավատարմագրվեին ՀՀ նախագահի նստավայրում: Այդ պատճառով մեր գործընկերները կանգնել են գրասենյակի դիմացի աստիճանների վրա: Քիչ անց տարածքում հայտնվել է Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), ով խիստ վրդովվել է, որ Սահակն իրեն լուսանկարել է: Ոչ ադեկվատ ձեւով Սեդրակյանն առաջ է եկել` ասելով. «Էս ի՞նչ ես անում, կտամ, կջարդեմ»: «Ես չգիտեմ` խփելու էր Սահակին, թե ֆոտոխցիկն էր վերցնելու, ամեն դեպքում չհասցրեց: Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները պահեցին նրան: Այդ ժամանակ ես ասացի, որ պատգամավոր եք ուզում դառնալ, նկարում ենք, ի՞նչ խնդիր կա: Սեդրակյանը բղավեց, թե հերդ ա ուզում պատգամավոր դառնա, գնա՛ հորդ նկարի եւ ուժգին հարվածեց ձեռքիս: Լավ է, որ ձայնագրիչս ամուր էի պահել: Այնուհետեւ նա, քթի տակ ինչ-որ բաներ ասելով, մտավ գրասենյակ. միայն լսեցինք այլանդակներ բառը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Լուսինե Բարսեղյանը:




Լրահոս