Երբ երկարատեւ մտորումներից հետո 2006թ. Սերժ Սարգսյանն ի վերջո որոշեց դառնալ Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ, քաղաքական դաշտի որոշ երկարակյացներ կանխատեսեցին, որ նա գնում է քանդելու Հանրապետականը: Նման հեռանկարն այդ ժամանակ աբսուրդային էր թվում եւ այսօր էլ կարող է անհիմն թվալ: Ի վերջո, Ս. Սարգսյանն իր նախագահության տարիներին ամեն ինչ արել է, որպեսզի, ինչպես նշեց իր ելույթում, «հանրապետականներն ամենուր լինեն` հանրային կյանքի բոլոր ոլորտներում եւ երկրի բոլոր անկյուններում»:
Սակայն խնդիրն էլ հենց այն է, որ այսօր հանրապետականներն ամենուր են, կամ` ամենուր հանրապետականներ են` անկախ նրանց գաղափարական, մասնագիտական եւ մարդկային որակներից: Աշոտ Նավասարդյանի ստեղծած, Վազգեն Սարգսյանի կայացրած եւ Անդրանիկ Մարգարյանի հզորացրած ՀՀԿ-ն ժամանակին համարվում էր գաղափարական ուժ, որի անդամները լուրջ քաղաքական կենսագրություն ունեին` լի գաղափարական պայքարի էջերով: Մինչդեռ Սարգսյանի նախագահությունից հետո ՀՀԿ-ն աղետալի արագությամբ սկսեց համալրվել մի քանի անգամ ճամբարափոխ եղած պատեհապաշտ գործիչներով: Եւ գալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ` կուսակցության շարքերի վերջին համալրումները ցույց են տալիս, որ այդ միտումն էլ ավելի է խորանում: Երեկ, օրինակ, հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ի շարքերն է ընդունվել Սամվել Ֆարմանյանը, ով ընդամենը մի քանի օր առաջ ՄԻԱԿ քարտուղարի կարգավիճակով մասնակցում էր այդ կուսակցության համագումարին: Իսկ այժմ նախկին ՕԵԿ-ական եւ նախկին ՄԻԱԿ-ական Ֆարմանյանն արդեն երդվյալ ցեղակրոն է եւ երեկ Ս. Սարգսյանի ձեռքից ստացավ ՀՀԿ անդամատոմսը` արդեն երրորդն իր այդքան երիտասարդ տարիքում:
Ժամանակին, երբ ստեղծվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, նույն ՀՀԿ-ի անդամները հեգնանքով նշում էին, թե ԲՀԿ-ն մեկ մարդու կուսակցություն է` զուրկ գաղափարական հիմքերից: Այսօր, սակայն, արդեն դժվար է ասել, թե ինչով է ՀՀԿ-ն տարբերվում ԲՀԿ-ից: ՀՀԿ-ն էլ է վաղուց արդեն վերածվել մեկ անձի կուսակցության: Երբ նախկինում ԲՀԿ-ականներն ասում էին, թե այս կամ այն հարցը պետք է որոշի Գագիկ Ծառուկյանը, դա նույն ՀՀԿ-ականների կողմից քմծիծաղով էր ընդունվում, այսօր, սակայն, հանրապետականներն առավել հաճախ են շեշտում, որ իրենց կուսակցությունում բոլոր հարցերը որոշվում են մեկ մարդու` Ս. Սարգսյանի կողմից: ՀՀԿ` որպես դասական իմաստով կուսակցության կազմաքանդման մասին է խոսում նաեւ նրանց պաշտոնական կայքէջը, որի տեղեկատվական կենտրոնում տեղադրված վերջին երեք տարիների նորությունների 90 տոկոսը Սերժ Սարգսյանի մասին է` ասես դա ՀՀ նախագահի` president.am կայքը լինի: Մինչդեռ եթե դիտարկում ենք ավելի վաղ` Անդրանիկ Մարգարյանի նախագահության շրջանի նորությունները, ապա տեսնում ենք, որ դրանց մեծ մասը սկսվում է ոչ թե Մարգարյանի անուն-ազգանվամբ, այլ Հայաստանի հանրապետական կուսակցություն բառերով:
Ինչ-ինչ, բայց ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանը կարողացավ փոխել: Հավատաց ու փոխեց:
ՓՈԽՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ