Չնայած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության եւ «Ժառանգության» միջեւ առկա ջերմության՝ քաղաքական դաշտում շարունակվում են խոսակցություններ պտտվել, որ երկու կուսակցություններին չի հաջողվելու նախընտրական դաշինք կազմել: Այս առիթով զրուցեցինք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: -Պարո՛ն Հովհաննիսյան, ի վերջո, «Ազատ դեմոկրատներ»-ի հետ դաշինքը ստացվելո՞ւ է, թե՞ ոչ: -Կիրակի օրը մեր խորհուրդն ընտրական բոլոր հարցերին պատասխան կտա: -Իսկ Դուք ի՞նչ տրամադրվածություն ունեք, միավորման կողմնակի՞ց եք: -Ես կանխավ խիստ դրական տրամադրվածություն ունեմ: -ԱԴԿ առաջնորդ Խաչիկ Քոքոբելյանը մի անգամ հայտարարեց, որ ինքը պատրաստ է զիջել առաջին համարը Ձեզ: Դուք ի՞նչ կասեք, համամասնական ընտրացուցակում տեղերի բաշխման առումով «Ժառանգություն»-ը խնդիր ունի՞: -Ես շատ ուրախ կլինեմ, որ միասնական հավաքի ցուցակը ղեկավարի մի թարմ, նոր, երիտասարդ դեմք, որին մենք կարող ենք ուղեկցել, օգտակար լինել որպես ավագ գործընկերներ: Իմ նախընտրությունը դա է: -Պարո՛ն Հովհաննիսյան, տարածված կարծիք կա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին են փորձում ձեզ միավորել, եւ այդ հնարավոր դաշինքը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ծրագիրն է: -Ես դավադրության տեսությունների կողմնակից չեմ եղել, եւ կարող եմ ասել, որ իմ տեղեկության համաձայն` նման առաջարկը, խոսակցությունը հերյուրանքների ոլորտից է: -Իսկ ինչո՞ւ չի ստացվում ձեր ու ՀԱԿ-ի համագործակցությունը: Մե՛կ տպավորություն է ստեղծվում, որ դուք իրար հետ լավ եք, մե՛կ էլ` թե անհամատեղելի եք: -Համագործակցությունը ենթադրում է երկկողմանի կամ համալիր արտահայտություն. կարող եմ «Ժառանգության» անունից ասել, որ մենք համագործակցության եզրերը միշտ փնտրել ենք, ողջունել ենք թե՛ ՀԱԿ-ի հետ, թե՛ խորհրդարանական եւ արտախորհրդարանական այլ կարեւոր ուժերի հետ: -Իսկ ՀԱԿ-ի դաշինքի կազմում ընտրություններին մասնակցելու ծրագիր ունե՞ք: -Դուք լավ գիտեք, որ ՀԱԿ-ն ինքը որոշում է, արդեն ինքը` ՀԱԿ-ը, դաշինքն է: -Այո՛, ինչո՞ւ չմիացաք դաշինքին, առաջարկ չի՞ եղել: -Ո՛չ, ո՛չ, չի եղել: Իմ կարծիքով, միգուցե դա քաղաքացիական ֆանտաստիկայի ոլորտից է, այո՛: -Իսկ Դաշնակցության հետ միավորվելու հարցն ինչո՞ւ չստացվեց, տարաձայնությունները շա՞տ էին: -Միավորման հարց երբեք չի քննարկվել: Մենք համագործակցում ենք խորհրդարանում, խորհրդարանից դուրս` արտաքին քաղաքական հարցերում, եւ ընդհանրապես նաեւ համամասնական հարցի առաջարկմամբ, եւ վստահ եմ, որ այդ համագործակցությունը եւս կշարունակվի: -«Նոր ժամանակներ»-ը հայտարարել է, որ այս ընտրություններին պետք է չէ մասնակցել, քանի որ ձեւավորվելիք ԱԺ-ն Սերժ Սարգսյանի գծագրած խորհրդարանի մասն է լինելու: -Նախ` մեր մասնակցության հարցը, ընտրական բոլոր մանրամասները կքննարկվեն, կորոշվեն այս կիրակի օրվա խորհրդի նիստում: Ես լիազորված չեմ այդ հարցին պատասխան տալու: Հարգելի տեսակետ է, բայց բոլոր դեպքերում «Ժառանգություն»-ն իր համագումարով հերթական անգամ որոշել է, որ մենք պիտի օգտագործենք հնարավոր բոլոր եղանակները` ընտրությունից մինչեւ հրապարակ, մեր երկիրը փոխելու համար: Ներկա լինելով եւ ոչ երբեք բացակա: -Խորհրդարանական ընտրությունների ելքի մասին ի՞նչ կանխատեսում ունեք` ձեր կուսակցության մասով: -Կարծում եմ, այսպես թե այնպես պարտավոր ենք մայիսի 7-ին զարթնել նոր Հայաստանում: