ԵԹԵ ԱՏՈՄԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում երեկ կայացած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության (ԱԴԿ) երկրորդ արտահերթ համագումարն իր ընդունած բանաձեւով արձանագրեց, որ Հայաստանի զարգացման միակ հնարավոր ուղղությունը եվրոպական տիպի ժամանակակից ժողովրդավարական սոցիալական պետության կերտումն է:
Նկատենք, որ ԱԴԿ երեկ կայացած համագումարը հենց առաջին տպավորությամբ տարբերվում էր նմանատիպ միջոցառումներից: Մինչ օրս կուսակցական համագումարների ֆուրշետները կազմակերպվում էին միջոցառման ավարտին, իսկ ԱԴԿ-ն հակառակն էր արել: Կառավարության նիստերի դահլիճ տանող միջանցքը բավականին մարդաշատ էր, եւ մի տեսակ ճոխություն կար իրավիճակում: Մուտքից ձախ ֆուրշետի սեղաններ էին դրված, առաստաղից ԱԴԿ-ի խորհրդանիշով փուչիկներ էին կախված: Մարդիկ, բաժակները ձեռքներին, զրուցում էին միմյանց հետ:
ԱԴԿ-ն իր համագումարին հրավիրել էր միայն այն քաղաքական ուժերին, որոնք, իրենց պատկերացմամբ, չեն խոչընդոտում ՀՀ-ի այսօրվա ժողովրդավարացման ընթացքին: Միակ իշխանական ներկայացուցիչը վերջերս ԲՀԿ-ական դարձած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր: Այնտեղ էին ՀԱԿ անդամներ Արամ Սարգսյանը` մի քանի կուսակիցների ուղեկցությամբ, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը, «Ժառանգություն»-ը գրեթե ամբողջ կազմով, Հմայակ Հովհաննիսյանը, Աշոտ Մանուչարյանը, Արմեն Ռուստամյանը, Արամ Կարապետյանը եւ այլոք: ՀՀՇ-ն հրավիրված չէր: Եւ հաշվի առնելով ՀԱԿ-ից անջատված ԱԴԿ-ի փոխհարաբերությունները Կոնգրեսի հետ` լրագրողներն Արամ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ինչպես են իրենք ընդունել ԱԴԿ-ի հրավերը: «Ես կարծում եմ, որ մենք մարդկային առումով որեւէ պատճառ չունեինք չգալու»,-բացատրեց Արամ Սարգսյանը:
Ինչեւէ, շնորհավորանքներից հետո ԱԴԿ առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը ներկաներին հրավիրեց դահլիճ, որտեղ բավականին ցուրտ էր: ՀՀ օրհներգի կենդանի կատարմամբ մեկնարկեց համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հրապարակեց իրենց գերակայությունները.
1. ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորում, ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին, ԼՂՀ եւ ՀՀ ընդհանուր սահմանների ապահովում,
2. ՀՀ-ն պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի բոլոր հարեւանների հետ,
3. ՀՀ անդամակցություն Եվրամիությանը:
Նրա խոսքերով` ընտրությունների միջոցով իշխանությանը մասնակցելու հնարավորությունն ամենաօրինակելին է, որին իրենք պատրաստվում են որպես մրցունակ, ազատական գաղափարների դավանող քաղաքական բեւեռ:
Համագումարի ընթացքում ողջույնի ելույթներով հանդես եկան նաեւ ներկաները: ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն ասաց. «Աստված տա, որ մասնակցեք եւ հաղթեք, իսկ եթե ընտրություններն անցկացվեն այնպես, ինչպես միշտ, մենք ձեզ կսպասենք փողոցում»: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, որ պետք է համախմբված դուրս գանք ճգնաժամից: Ելույթով հանդես եկան նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, ինչպես նաեւ գրող, հրապարակախոս Մարինա Պետրոսյանը:
Նկատվեց, որ ԱԴԿ-ի համար ամենաանհարմար ելույթը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանինն էր: Նա ասաց, որ «մեր պետականության կայացման առաջին քայլը ռուսական գաղութատիրությունից ազատագրումն է, մեր անվտանգության ու զարգացման խոչընդոտը ՀԱՊԿ-ի պես փտած ու տոտալ ժանդարմի գործառույթներ ունեցող կառույցն է, մեր քաղաքական մշակույթի անկատարությունը ԱՊՀ կոչված անախրոնիզմն է, մեր պետության անվտանգության հուսալի երաշխիքը մեզ իսկապես հարազատ Արեւմտյան քաղաքակրթությունն է` իր անվտանգության համակարգ ՆԱՏՕ-ով: Քանի դեռ ՀՀ-ում են գտնվում 1920 թվականից այստեղ մտած ու այդպես էլ դուրս չեկող ռուսական օկուպացիոն զորքերը, որոնց ռազմաբազա անվանելով՝ որպես ձրիակերների դեռ պատրաստվում ենք պահել եւս 49 տարի, ապա մետրոպոլիայի օրինակով ՀՀ-ում եւս մշտապես լինելու են ընտրական համակարգի ձեւախեղումը, ժողովրդավարության լլկումը, թերուսների տոտալ գավառակրատիան, կոռուպցիոն համակարգը, որքան էլ որ թութակի պես կրկնենք, թե համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ»: Վերջում Հայրապետյանը մաղթեց, որ ԱԴԿ-ին հաջողվի վերջապես բացել ԿԳԲ-ի արխիվները եւ քաղաքական հետապնդումների մասնակիցներին հեռու պահել մեր պետության նավի ղեկից:
Այս ելույթից հետո ՀՀ նախկին ԱԳՆ, ԱԴԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը ստիպված եղավ հայտարարել, որ Հայրապետյանի կարծիքն իրենք չեն կիսում: Նկատենք, որ համագումարն իրենց ներկայությամբ պատվել էին ոչ միայն ՀՀ-ում ԱՄՆ, այլեւ ՌԴ դեսպանատների ներկայացուցիչները:
Իսկ արդեն համագումարին հաջորդած ճեպազրույցի ժամանակ էլ ԱԴԿ անդամ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ «Ժառանգության» հետ «դաշինք կազմելու հավանականությունը 99 տոկոս է, եւ եթե ատոմային պատերազմ կամ այլ ֆորս-մաժոր չլինի, դաշինքը կկայանա»: Ինչ վերաբերում է Օսկանյանի ներկայությանը, որը հրավիրվել էր որպես անհատ, ապա, ըստ Զուրաբյանի, «այստեղ լինելը չի ազատում նրան մարտի 1-ի համար պատասխանատվությունից»:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս