Մինչ ձերբակալությունը Լ. Հայրապետյանը Երևանում է եղել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 15-ին Մոսկվայում ձերբակալվել է հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանը: Այդ օրվանից տարբեր ասեկոսեներ և տեղեկություններ են տարածվել, որոնք, սակայն, մի շարք հակասություններ են պարունակում:

Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի, նրա գործում եղած հակասությունների և ձերբակալության ընթացքի մասին armlur.am-ը զրուցեց Հայրապետյանի վստահված անձ և գործընկեր Մացակ Փոլադյանի հետ, ով վերջերս է հանդիպել Հայրապետյանին և օրեր առաջ անձամբ է նրան Փարիզից Երևան ճանապարհել:

«Նա հիմա գտնվում է մեկուսարանում, նրան չեն տեղափոխել ոչ մի տեղ: Փաստաբանները սպասում են բողոքարկմանը: Շատ մեղադրանքներ կան, որոնք հակասական են և չեն համապատասխանում իրականությանը», – ասաց Փոլադյանը՝ հավելելով, թե հստակ երևում է, որ գործը «սարքած» է, և շատ բաներ չեն համընկնում:

Խոսելով Հայրապետյանի առողջական վիճակի մասին՝ նրա վստահված անձը նշեց, թե գործարարի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, և այն դեղերը, որ նա ստանում է մեկուսարանում, չեն օգնում: Փոլադյանի խոսքով՝ ռուսական կողմը բժիշկ է տարել Հայրապետյանի մոտ, ով, սակայն, զննելով վերջինիս՝ հայտարարել է, թե խնդիրներ չկան, և նա կարող է մնալ մեկուսարանում:

«Դա էլ ենք բողոքարկել, որ ճիշտ չէ, իր առողջությունը խաթարված է, մենք հիմա պահանջում ենք դատարանից, որ տան մեջ մեկուսանա: Փաստաբանները դա էլ են ասել, և իրենց բժիշկը զննել ու ասել է, որ  կարող է մնա: Մենք խնդրել ենք դատարանին, որ ինքը տան մեջ մեկուսանա», – հավելեց նա:

Փոլադյանի խոսքով՝ Հայրապետյանի գլխին «սարքել» են, քանի որ ցանկանում են տիրանալ նրա բաժնետոմսերին:

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե Հայրապետյանին ձերբակալել են Մոսկվայում, ուր նա ժամանել էր Մոնակոյից: Այստեղ Փոլադյանը ևս հակասություն նկատեց և պարզաբանեց.

«Ես եմ նրան Փարիզից ճանապարհել Երևան:  ՆԱ Նիցցայում էր՝ իմ մոտ, ուր Մոսկվայից էր եկել: Նիցցայում երեք օր մնացինք, գնացինք նրա բժշկի մոտ, դեղերը վերցրեց, միասին Նիցցայից գնացինք Փարիզ: Երկու օր մնացինք Փարիզում, ինքը վատացավ էլի:

Երկուշաբթի առավոտ ես իրան Փարիզից ուղիղ չվերթով ճանապարհ եմ դրել Երևան: Գնալուց նա օդանավակայանում նույնպես իրեն վատ էր զգում: Ինքը գնացել է Երևան, երևի հենց Երևանից է մտել Մոսկվա: Որ Մոսկվայից Նիցցա էր գալիս, ինչո՞ւ այդ ժամանակ չձերբակալեցին: Շատ հակասություններ կան», – հավելեց նա:




Լրահոս