2012թ. փետրվարի 20-ին` ժամը 9:50-ի սահմաններում, մահացել էր ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը: Նարեկին փետրվարի 16-ին ՊՆ կենտրոնական կլինիկայի վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել` միայն նրա մորը` տիկին Նազիկին թույլ տալով տեսակցել որդուն: Երեկ Նարեկի մայրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ որդու մահվան առնչությամբ որեւէ նորություն չկա` հավելելով, որ այդ բացահայտումներն անգամ չեն մեղմացնի իր հոգու ցավը:
Տեղեկացրել էինք, որ Նարեկ Մարտիրոսյանը երկկողմանի օջախային թոքաբորբ, ձախակողմյան էքսուդատիվ պլեւրիտ` անբավարար շնչառություն ախտորոշմամբ էր տեղափոխվել հոսպիտալ: Նարեկը Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչ էր, բանակ էր զորակոչվել 2011թ. գարնանը՝ Վայքի զինկոմիսարիատից: Նարեկի մայրը` տիկին Նազիկը, Վայքի ատամնաբուժարանում բուժքույր է աշխատում: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը զրուցել էր նրա ամենամոտ ընկերուհու` տիկին Վարդուհու հետ, որը նշել էր, որ Նարեկի թոքերում թարախ է եղել: «Թոքերում պինդ թարախ ա եղել, մենք առայժմ այդքանը գիտենք, թոքաբորբով հիվանդ ա եղել, նախ պառկել ա Ստեփանակերտի հոսպիտալում, հետո տեղափոխել են Երեւան: Սկզբում Նարեկը ծառայում էր Հոկտեմբերյանի զորամասում, իրան նոյեմբերի 6-ին են տեղափոխել Ստեփանակերտի Ցոր զորամաս, Նարեկի մաման գնացել ա հունվարի 26-ին ու Նարեկին տեսել ա ողջ-առողջ, իսկ փետրվարի 11-ին Նարեկի մամայի ծննդյան օրն էր, ես էլ իրենց տանն էի, Նազիկն ասաց, որ Նարեկը հազում էր ու տրամադրություն չուներ: Նազիկը լացեց, ասեցի` լա՛վ, էրեխեն երեւի մտքով ստեղ ա, դրա համար ա անտրամադիր, մի՛ նեղվի»,-պատմել էր տիկին Վարդուհին:
Զինվորի մայրը երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ դեռեւս ոչ մի տեղեկություն չունի որդու մահվան իրական պատճառի մասին. «Դեռեւս ոչ մի տեղեկություն չկա, սպասում ենք պատասխանի»: Ասաց, որ որդուն վերջին անգամ տեսել է հունվարի 26-ին, եւ նա այդ ժամանակ շատ նորմալ վիճակում է եղել. «Հետո Նարեկին տեսել եմ հիվանդանոցում, բայց այդ ժամանակ Նարեկի շնչառությունը լավ չէր, եւ ես երկար ժամանակ չկարողացա նրա հետ խոսել, բայց ընթացքում, որ ծառայության մեջ էր, միշտ էլ զանգում էր, խոսացել ենք, նորմալ էր, առողջությունից չէր բողոքում»:
Տիկին Նազիկը նշեց, որ փետրվարի 11-ին Նարեկին տեղափոխել են բուժկետ, իսկ 16-ին արդեն ՊՆ կենտրոնական կլինիկայի վերակենդանացման բաժանմունք: «Բժշկուհին ասում ա` ինչ-որ կայծակնային ա եղել, ես չգիտեմ, ինչ-որ միանգամից ա վատացել, իսկ Նարեկը դրանից առաջ առողջական որեւէ խնդիր չի ունեցել, ասում են` հենց դրանից ա եղել, որ կարողացել ա դիմանալ ու միանգամից վատանալ»: Նարեկի մայրն ասաց, որ վերջին օրը Նարեկն անընդհատ իրեն հարցրել է, թե որտեղից է տեղեկացել, որ ինքը հիվանդանոցում է. «Տեսքով Նարեկը շատ նորմալ էր, կողքի հիվանդների, բժիշկների հետ էր խոսում, վերջին երկու օրը, երբ գլուխը նկարեցին, նոր հասկանալի դարձավ Նարեկի վիճակը»:
Ըստ մեր զրուցակցի` ինքը որեւէ ակնկալիք չունի, որ իր որդու մահվան առնչությամբ ինչ-որ բացահայտումներ են լինելու. «Ի՞նչ պիտի լինի, չեմ կարծում, որ որեւէ բան կլինի, կարող ա ինչ-որ բաներ բացահայտվեն, մտածում եմ, որ եթե անգամ ինչ-որ մեկին որոշեն պատժել, ապա դա բժիշկ լինի կամ աֆիցեր, կասեն` ուշացել է: Նորություն չեմ ասում, մեր պետության կարգն էդ չի՞, ընդամենը էդ պետք է լինի, ուրիշ ոչ մի բան: Շուրջ 6 տարի ա` ես իմ էրեխեքին մենակ եմ մեծացրել, իմ ամուսինը դիալեզով հիվանդ ա եւ արտասահմանում բուժվում ա, արդեն 6 տարի է, պատկերացրե՛ք` ինչ վիճակում ենք ապրում: Մեծացրեցի, ուղարկեցի բանակ, որ գնա, ծառայի, հետ գա, բայց խնդրեմ, հիմա դուք եք տեսնում արդյունքը»:
Տեղեկացանք նաեւ, որ Նարեկի` արտասահմանում բուժվող հիվանդ հայրն արդեն գիտի որդու մահվան մասին. «Ինչպե՞ս կարելի էր չասել, ինքը մի այլ կարգի մոտ էր Նարեկի հետ, եւ հնարավոր չէր նման բանը թաքցնել»: 19-ամյա ժամկետային զինծառայողի մայրը վերջում հավելեց, որ ոչ մի բան իր սրտին «դարման» չի դառնա, քանի որ ինքն արդեն իր որդուն կորցրել է. «Սա իմ ցավն է, ես ոչ մի բան էլ չեմ մտածում, չեմ ուզում, էն գիտեմ, որ իմ զավակին կորցրել եմ, էլի ի՞նչ մտածեմ կամ ի՞նչ ուզեմ»:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ փաստի առթիվ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հ.Գ. Երեկ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ մարտի 14-ին խայտառակ դեպք է տեղի ունեցել ՀՀ ԶՈՒ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանությունում: Զորամասերից մեկում դեռեւս մեկ ամիս առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով մի խումբ զինվորների բերման են ենթարկել ՌՈ եւ դաժանորեն ծեծել: Այդ ամենին անմիջական մասնակցություն են ունեցել Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռ. Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը եւ քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:
ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ