2008 թվականի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ սպանվեց Տիգրան Աբգարյանը: Չորս տարի առաջ այդ օրը` առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում, ոստիկանությունը հարձակվեց Ազատության հրապարակում շուրջօրյա բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների վրա եւ դաժանաբար հեռացրեց նրանց: Արդյունքում եղան 10 զոհ, 500-ից ավել վիրավորներ, ինչին հետեւեցին 20-օրյա արտակարգ դրությունն ու երկարատեւ դատավարությունները: Այսօր Տիգրանի ծննդյան օրն է, վերջինս կդառնար 23 տարեկան:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Տիգրանի մայրիկի` 59-ամյա Ռուզաննայի հետ, ով նշեց, որ արդեն 4 տարի է անցել, եւ ինքն այլեւս չի հավատում, որ իր որդու սպանությունը կբացահայտվի. «Ասում են` հույսն ամենավերջում է մեռնում, բայց ես արդեն մեռած եմ, իմ ամուսինն էդպես էլ չկարողացավ տեսնել, իմանալ, երեք ամիս առաջ մահացավ»:
Նշենք, որ երեք ամիս առաջ «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժնում 62 տարեկան հասակում կաթվածից մահացավ Տիգրան Աբգարյանի հայրը` Էդիկ Աբգարյանը: Նա աշխատում էր «Նաիրիտ» գործարանում, եւ ինչպես պատմում են հարազատները, որդու մահից հետո սրտի հետ կապված խնդիրներ ուներ: Էդիկ Աբգարյանն Արարատի մարզի Տափերական գյուղից էր, իսկ Տիգրան Աբգարյանի գերեզմանը գտնվում է Խոր Վիրապ գյուղում: «Իմ ամուսինը չդիմացավ էս անարդարություններին, իմ տղայի մահից հետո երկու ինֆարկտ էր տարել, մեկ ամիս առաջ էլ Տիգրանի տատիկը մահացավ, էլ ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ կամ որեւէ հույս ունենամ, ես, այսպես ասած, իմ սեւով տառապում եմ եւ վերջ»,-լացակումած ասաց տիկին Ռուզաննան:
«Իմ տղայի ծննդյան օրն է, եւ ես պատրաստվում եմ գերեզմաններ գնալ, իմ տղան ընդամենը 23 տարեկան կդառնար: Տիգրանը ներքին զորքերում էր ծառայում, իրավաբանականի երկրորդ կուրսում էր, գնացել էր հայրենիքին ծառայելու, որ հետո գար ու շարունակեր իր ուսումը: Բայց դե տեսաք, վզի հատվածում հրազենային վնասվածք ստացավ մարտի 1-ին եւ մահացավ»,-արտասվելով նշեց Տիգրանի մայրը: Տիգրանի եղբայրը հանրապետությունում չէ, իսկ քույրն ամուսնացած է: Տիկին Ռուզաննան այժմ մենակ է բնակվում:
Արձանագրենք, որ մարտի 1-ի ողբերգությունից չորս տարի անց դեռեւս որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել այդ սպանությունների համար, ոչ ոք պատասխան չի տվել, թեեւ հայտնի են հատուկ միջոցներ կիրառած 4 ոստիկանների անունները, որոնց կրակոցներից սպանվել են 10 զոհերից 3-ը:
ՏԻԳՐԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 23 ՏԱՐԵԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ