Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armlur.am-ը, Սյունիքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել փաստաբան Արշավիր Խալափյանի կողմից առևտրային կաշառք (ՔՕ 200 հոդված) ստանալու առիթով:
Armlur.am-ի հետ զրույցում փաստաբանը վստահեցրեց, որ մի խումբ դավադիրներ փորձում են իր հետ հաշվեհարդար տեսնել, քանի որ ինքը շատերին է խանգարում իր գործունեությամբ:
«Ես իմ գործունեությամբ մշտապես եղել եմ այն մարդկանց կողքին, որոնք ունեն սահմանափակ նյութական կարողություններ և իրավունքի ու արդարության հետ կապված խնդիրներ: Բնականաբար հակառակ ճամբարում կանգնածներին ես խանգարում եմ: Դրանով պայմանավորված այս ամբողջ ոդիսականն իր բացատրությունն ունի»,- փոխանցեց փաստաբանը՝ հավելելով, որ ոչ ոք հրեշտակ չէ, այդ դասին շատերը չեն հավակնում:
Փաստաբան Արշավիր Խալափյանը համոզմունք հայտնեց, որ ոչ մեկին չի հաջողվի իր համբավը գետնով տալ կամ նվաստացնել: Թե ինչ ընթացքում է գտնվում քննությունը, փաստաբանը հրաժարվեց մեկնաբանել՝ ասելով, թե ժամանակը ցույց կտա, և եթե ինքը զգա, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, անպայման կդիմի լրատվամիջոցների օգնությանը: