«ԶԻԼ» ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր կյանքը շատ զիլ է անցել, մենք ավելի շատ էինք հաճույք ստանում, առավոտ 5.30-6.00 արթնանում էինք, էլեկտրիչկայով գնում Հրազդան, այնտեղից ավտոբուսով մի կերպ գնում էինք լիժա, պրակատ բատինկեք էինք վերցնում: Բադրիջանի խավիար եւ մատնաքաշ էինք առնում, բուտերբրոդ անում, որ բան էլ չէր լինում անելու, մի հատ գնում էինք Մոնումենտ, բախչագող էինք խաղում, թաղի կռիվներին մասնակցում, մթնոլորտը շատ լավ էր: Կարելի է մտածել, որ ծանր էր, ամեն առավոտ ածուխով կամ սալյարկայով փեչ էինք վառում, բայց երբեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից չէինք նեղվում»,-ահա այսպես է հիշում իր մանկությունը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը: Մեկ ուրիշը գուցե ամաչեր, որ օտար մարդու այգի է մտել, գողություն արել, բայց նախարարը դա համարում է իր մանկության լավագույն հուշերից մեկը: Երեւի այսպես կամենում է ցույց տալ, որ ինքն անկեղծ մարդ է:
Անիի շրջանի Լանջիկ գյուղում ծնված ապագա նախարարը Երեւանում է միջնակարգ կրթություն ստացել, հետո էլ ավարտել է Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիայի ֆակուլտետը: 1976-ին ավարտել ու առանց բանակում ծառայելու աշխատանքի է անցել Նուռնուսի քարերի մշակման գործարանում որպես հերթափոխի պետ, այնուհետեւ` հանքի պետ, ապա նաեւ` արտադրության պետ: Սրանք Ա. Պետրոսյանի կարիերայի 1-ին կարեւոր տարիներն էին, որովհետեւ ինքնուրույն էր աշխատում, վայելում էր ազատությունը, աստիճանաբար ձեւավորում իր ֆինանսական կապիտալը: Նաեւ` «ավտորիտետը», որովհետեւ այս տարիներին նա նաեւ կարգին կռվարար տղա էր, հաճախ էր մասնակցում տարբեր ռազբորկաների, Նուռնուսում հասկացնել տալիս, որ ոչ մեկը չփորձի հիշեցնել, թե իր աչքի վերեւն ունք կա…
1981-ին Արթուր Պետրոսյանին գործուղել են ՀՍՍՀ ներքին գործերի մինիստրություն, ու մարդը, թողած արտադրության պետի եկամտաբեր պաշտոնը, դարձել է օպերլիազոր, ապա` ավագ օպեր: Ինչպես ինքն է նշել կենսագրության մեջ` հետագայում նաեւ բաժնի պետ ու վարչության պետ: Հետաքրքիր է, որ առանց մասնագիտական կրթության` Արթուր Պետրոսյանը բաժնի ու վարչության պետ է նշանակվել: Թե ով է եղել նրա հովանավորը, ով է այդպես մտահոգված եղել, որ ոստիկանությունում վերընթաց ունենա լեռնամետալուրգը, չգիտենք: Գիտենք, որ 1992թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական տեսչության օպերատիվ վարչության պետ, իսկ մեկ տարի անց էլ` ՀՀ հարկային պետական տեսչության պետի տեղակալ: Ընդամենը 2 տարի այս պաշտոնը զբաղեցնելուց հետո` 1995թ.,  նշանակվել է ՀՀ ՀՊՏ պետի 1-ին տեղակալ, օպերատիվ վարչության պետ:
Սակայն կարճ ժամանակ անց ընտանիքով հեռացել է երկրից ու բնակություն հաստատել Բուլղարիայում: Ինքը` Ա. Պետրոսյանը, իր հեռացումը երկրից այսպես է պատճառաբանել. «Երբ գնացել էի Բուլղարիա, մտածում էի` կարող է ՀՀՇ-ն ցմահ մնա, եւ երեխաներիս էլ բուլղարական դպրոց էի ուղարկել, բայց 98թ. վերադարձա»:  Իհարկե, այստեղ պարոն նախարարը թաքցնում է մի շարք կարեւոր «կենսագրական պահեր», չի կամենում ասել, որ իր անունը շրջանառվում էր որոշ կրիմինալ պատմությունների մեջ, որ կարող էր անգամ հայտնվել անազատության մեջ: Նրա գործունեությունն արդեն սկսել էր մտահոգել իրավապահ մարմիններին. 1995թ. մեղադրվել է կաշառակերության մեջ, հարուցված է եղել քրեական գործ, ուստի լավագույն լուծումը երկրից հեռանալն էր: Եւ Արթուր Պետրոսյանը, իր հետ վերցնելով Հայաստանում աշխատած հսկայական գումարները, մեկնեց երկրից եւ հաստատվեց  Բուլղարիայում` այնտեղ  բնակարան գնելով: Բայց նա Հայաստանում էլ էր հասցրել մի շարք տարածքներ գնել, բիզնես դաշտում իր ներկայությունը հաստատել: «Եթե մարդը պետական գործի է, լավ տարբերակն այն է, որ տարածք ունենաս եւ վարձով տաս, որ ոչ ոք չմեղադրի, թե բիզնեսդ առաջ ես գցում: Բրյուսովի կողքին գտնվող «Ջազվե» սրճարանի տարածքն իմն է, եւ ես այն վարձով եմ տվել»,-խոստովանել է նախարար Ա. Պետրոսյանը: Սա, իհարկե, նախարարի միակ ունեցվածքը չէ: Նրա անունն առնչվում է այլ բիզնեսների եւս:
1999թ.-ին Ա. Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական, իսկ 2003-ին էլ ընտրվել պատգամավոր` դառնալով ՄԱԿ-ի անդամ: Գուրգեն Արսենյանի հետ բարեկամությունը կաշառակերության մեջ մեղադրվողին դարձրել է ԱԺ պատգամավոր: Թե ինչ պետական պաշտոն է զբաղեցրել 2007-ից հետո, չգիտենք: Ավելի ճիշտ, այս տարիներին էլ զբաղվել է բիզնեսով` պատրաստվելով հերթական «թռիչքին»: Իսկ «թռիչքն» իրեն սպասեցնել չի տվել, ու 2009-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետ: Ուշագրավն այն է, որ գրեթե երբեք պետական բարձր պաշտոններ չզբաղեցնելով, չլինելով ակտիվ պատգամավոր` այս մարդը հայտնվել է կառավարման բուրգի կարեւոր հանգրվաններում` այսպես հուշելով, որ նրա նշանակումների մեջ բազմաթիվ «հարցականներ» կան: Ասենք, Աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնում նշանակվելու համար ինչ-որ «նախադրյալներ» էին պետք: Եւ հանրության շրջանում խոսակցություններ էին շրջանառվում, թե նա բավական մեծ գումար է տվել` այդ պաշտոնին տեր կանգնելու համար: Սրանք, իհարկե, խոսակցություններ են, սակայն մեզանում առանց կրակ ծուխ չի լինում:
Ինչեւէ, Ա. Պետրոսյանը 2010-ից  նշանակվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար` ունենալով Գագիկ Ծառուկյանի հովանավորությունը: Բայց երեւի Ծառուկյանը չգիտի, որ իր նախարարը դրամաշնորհների բաշխման հարցում կիրառում է «խնամի-ծանոթ» մեխանիզմները, դրամաշնորհներ տալիս միայն «ցանկալի» հասարակական կազմակերպություններին, ինչն էլ նրա եւ փոխնախարար Արսեն Քարամյանի միջեւ մշտական վեճի պատճառ է:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս