ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2007թ. հոկտեմբերից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածաշրջանում եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում պետության ունեցվածքի պահպանության նկատմամբ կազմակերպված դավադրություն է իրականացվում:
Սեւանի տարածաշրջանում հողերի պահպանության ոլորտում, սկսած 2007թ. հոկտեմբերից, երկրի մակերեւույթի հողային ծածկույթից ապօրինի կերպով դուրս է բերվել շուրջ 3.300մ3 ավազ, 16.715մ3 խիճ-ավազ-կոպիճ, 6.278մ3 սեւահող, 63.700մ2 կամ 4.459մ3 բուսահող (ճիմ), բնական ռեսուրսներ` ընդամենը 30.749մ3, ՀՀ ժողովրդի ազգային հարստությունը համարվող բնական պաշարներ (միայն 2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին` 27.949մ3), որոնք ամբողջությամբ իրացվել են  Սեւանա լճի առափնյա հանգստյան գոտու տնտեսվարող սուբյեկտների կողմից: Յուրացրած գումարների չափի մասին մոտավոր պատկերացում կազմելու համար նշում ենք, որ իրավասու մարմինը 22մ3-ի համար կազմել է ակտեր եւ 3 քաղաքացուց գանձել 220.000 դրամ` բնությանը պատճառած վնասի դիմաց, ինչպես նաեւ 330.000 դրամի վարչական տուգանք: Այսինքն` գանձել է 550.000 դրամ ու գործը սրանով համարել ավարտված: Այդ նույն տրամաբանությամբ շարժվելու դեպքում 37.000մ3 համար էլ կարող էր գանձել 767,5 մլն դրամի գումար` դրանով էլ վերականգնելով պետության սեփականության պաշտպանության խախտված իրավունքը: Սակայն 2008թ. մինչեւ օրս ոչինչ չի արել ու չի ուզում անել:
 «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով 2006-2012թթ.-ին, ըստ հրապարակումների, կատարվել են 1786 հա արհեստական անտառների հատման եւ կոճղարմատներից մաքրման աշխատանքներ. (2006թ.` 123 հա, 2007թ-ին` 95, 2008թ.` 95, 2009թ.` 600, 2010թ.` 200, 2011թ.` 273): Եւ այսպես, 2006թ. մինչ այժմ փաստացի հատվել են 120 մլրդ դրամ արժողությամբ, բնի 4-32սմ  հաստությամբ շուրջ 2.400` 30-40 տարեկան սոճենի ծառեր, 3,4 մլրդ դրամի արժողությամբ, բնի 40-90սմ հաստությամբ շուրջ 45.000` 40-50 տարեկան բարդի ծառեր: Իսկ մնացած` շուրջ 35 տեսակ հատված ծառերի քանակի եւ նրանց նյութատվության որակական գնահատման տեղեկատվությունը կներկայացվի համապատասխան ստուգումից հետո:
Ամբողջությամբ իրացնելով 123.4 միլիոն դրամի ընդհանուր արժողության   հանրային սեփականություն հանդիսացող անտառային պաշարները (շինափայտը, վառելափայտը, ջախը (ցախը) եւ նույնիսկ արմատները) ու գրպանելով միլիարդների հասնող դրամական միջոցները` կառավարությունից շորթել են նաեւ, ըստ հրապարակումների, 797.0 մլն դրամ գումար իբր ջրում հայտնված հատված ծառերի կոճղարմատները մաքրելու համար: Սակայն փողից չկշտացածները մսխել են նույնիսկ օրենքով սահմանված կենսապաշարի օգտագործման համար հարյուրավոր միլիոնների հասնող պարտադիր վճարները, որի ապացույցն են 2006-2012թթ. «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից հարկային մարմիններին ներկայացրած բնօգտագործման հաշվարկի հաշվետվությունները: Մինչդեռ հրապարակվում է, որ անտառների` ջրասույզ լինելու ենթակա վերջնական ճշգրտված մակերեսը կազմելու է շուրջ 3000 հա:
Իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունը 2007թ. հոկտեմբերից իբրեւ թե վերահսկողության գործառույթներ է իրականացնում շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման եւ դրանց վերարտադրության ոլորտներում:

ՀԵՆՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
շարունակելի




Լրահոս