ՊԱՏԻՎԸ ՓՈՂՈՎ ՉԳՆԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանը նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի միջնորդությամբ հրաժարվել է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացրած դատական հայցից եւ որպես փոխհատուցում 2 միլիոն 200 հազար դրամի պահանջից: Այս առնչությամբ զրուցեցինք բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, ինչո՞ւ էիք դատական ճանապարհով թերթին մեղադրանք առաջադրել:
-2011թ. սեպտեմբերի 9-ին «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված խնդրահարույց հոդվածում, հիմնվելով Նունե Սերոբյանի անհիմն մեղադրանքների վրա, փորձ է արվել արատավորել իմ համբավն ու հեղինակությունը` ապատեղեկատվության վրա հիմնված կարծիքը ներկայացնելով որպես գոյություն ունեցող փաստ: Սերոբյանի բանավոր խոսքը ներկայացվել է բացահայտ ճշմարտության երանգներով: Այնուհետեւ նույնաբովանդակ նյութեր են հրապարակվել հետագա համարներում` ավելի մասսայականացնելով նրա մեղադրանքները: Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում վիրավորական ձեւակերպումներով արատավորելով բարի համբավս: Ճիշտ է` թերթի կողմից երբեմն ներկայացվել են նաեւ իմ տեսակետները, սակայն ես այդ ներկայացումը համարում եմ ոչ համարժեք Ն. Սերոբյանի կարծիքների ներկայացմանը, քանի որ յուրաքանչյուր անգամ անվստահություն է ցուցաբերվել խոսքիս նկատմամբ: Փաստորեն, «Խաբեություն» խորագրի ներքո տպագրվել էր նյութ, որում ինձ վիրավորանք էր հասցված ու քրեական մեղադրանք ներկայացված: Կարծում եմ` այսքանը լիովին բավարար է` վիրավորվելու համար: Այդ իսկ պատճառով որոշում կայացրեցի իմ հեղինակությունը պաշտպանել օրինական ճանապարհով:
-Իսկ ինչո՞ւ հետ վերցրեցիք դատական հայցը:
-Հետ վերցնելը պայմանավորված էր մի քանի հանգամանքով: Նախ` կարծում եմ, որ տարիների իմ գործունեությունը եւ բժշկական ոլորտում ձեռք բերած համբավը չի կարող վտանգվել որեւէ մեկի անպատասխանատու հայտարարություններից: Ինձ ճանաչողները ճանաչում են այնպես, ինչպես ես կամ` իմ կենսագրությամբ, եւ չարժեր ամիսներով դատական գործընթացում ինչ-որ բան ապացուցել: Դա հատկապես կարեւորվում է այն տեսանկյունից, երբ փորձ էր արվում թյուր կարծիք առաջացնել, թե իբր Բենիկ Հարությունյանը պայքարում է թերթի դեմ եւ ցանկանում է գումար բռնագանձել ի հաշիվ լրատվամիջոցի բնականոն գործունեության: Դատարան դիմելով` ես նպատակ ունեի առաջին հերթին ապացուցել, որ հոդվածում ներառված նյութը անհիմն է, իսկ գումարային պահանջը ներկայացված էր զուտ սաստիչ ազդեցություն ունենալու համար, եւ այն օգտագործվելու էր բարեգործական նպատակներով: Բացի այս, ես մշտապես կողմնակից եմ եղել Հայաստանում խոսքի ազատությանը ու մամուլի զարգացմանը, քանզի միայն բազմակարծության պայմաններում կարող է պետության մեջ լինել մրցակցային դաշտ, որն անհրաժեշտ պայման է կայուն զարգացման համար: Այս հանգամանքներից ելնելով, ինչպես նաեւ ընդունելով պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի միջնորդությունը` որոշեցի հրաժարվել օրաթերթի նկատմամբ ներկայացրած դատական հայցից:
-Դուք ի՞նչ հարաբերություններ եք ունեցել ԱՄՆ-ում բնակվող Նունե Սերոբյանի հետ: Ինչո՞ւ է նա Ձեզ մեղադրում խաբեության մեջ:
-2001-2002թթ.-ին մասնագիտական խմբի կողմից նեֆելինային սիենիտների արտադրության վերաբերյալ ծրագիր էր մշակվել: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ էր 62.1 մլն ԱՄՆ դոլար: Ֆինանսավորման համար ԱՄՆ-ում ակադեմիկոս Սուրեն Այվազյանի միջոցով բանակցություններ էին սկսվել Պարգեւ Հակոբյանի հետ: Վերջինս համագործակցության առաջարկն ընդունել էր եւ խնդրել որոշ փաստաթղթեր ուղարկել իրեն Նունե Սերոբյանի միջոցով, ով էլ այնուհետեւ դառնում է միջնորդ Պարգեւ Հակոբյանի եւ Գարո Արմենյանի հետ հարաբերություններում: Քանի որ Ն. Սերոբյանը հաճախակի լինում էր Հայաստանում` ԱՄՆ-ում աշխատանքներն ավելի օպերատիվ կազմակերպելու համար, նա առաջարկում է դիմել իր ընկեր Արմեն Ասսարյանին, որը ֆինանսական շուկաներում աշխատելու փորձ ուներ եւ կարող էր օգտակար լինել: Այնուհետեւ անհասկանալի, անտրամաբանական ձգձգումներ են առաջանում, եւ պարզվում է, որ կոնֆլիկտ է առաջացել Նունե Սերոբյանի, Արմեն Ասսարյանի ու Պարգեւ Հակոբյանի, Գարո Արմենյանի միջեւ, եւ վերջիններս հրաժարվել են հետագա համագործակցությունից (հետագայում նպատակը պարզվել է` Նունե Սերոբյանը եւ Արմեն Ասսարյանը, մեղմ ասած, հուսախաբ են արել Պարգեւ Հակոբյանին ու Գարո Արմենյանին):
«Արմինտերգոլդ» ՍՊԸ-ի կողմից հրավիրված 2004թ. հուլիսի 21-ի ժողովում ամրագրվել է, որ մինչ այդ պահն Արմեն Ասսարյանն ու Ն. Սերոբյանն իրենց պարտավորությունները չեն կատարել:
-Նունե Սերոբյանը մինչ օրս պնդում է, թե կարող է ապացուցել, որ ինքը խաբվել է Ձեր կողմից: Նա փաստաթղթեր ունի: Դուք ի՞նչ հակափաստարկներ ունեք:
-Նշեմ, որ ինձ երբեք անձնական գումարներ չեն տվել, որ հնարավոր լիներ դրանք ետ պահանջել. բոլոր ծախսերը կատարվել են ընդհանուր բիզնես ծրագրի համար նախապես ստանձնած պարտավորությունների շրջանակներում, այն ընկերության համար, որին բաժնետեր էր նաեւ հենց ինքը` Ն. Սերոբյանը: Իրենց անհետեւողական ու ոչ գործարար պահվածքով ահռելի նյութական ու բարոյական վնաս հասցնելով ընկերությանը, միաժամանակ կորցնելով որեւէ կերպ իրենց կատարած ծախսը վերականգնելու հնարավորությունը` Նունե Սերոբյանը սկսել է զրպարտությունների ու վարկաբեկման ճանապարհով ճնշում գործադրել ինձ վրա: Նա, փոխանակ դատական ատյաններում վիճարկեր իր եւ ընկերության հարաբերությունները, դիմել է ՀՀ դատախազություն (ընդ որում, 2 անգամ)` խարդախության անհիմն մեղադրանք ներկայացնելով իմ դեմ, որոնք երկուսն էլ մերժվել են: 2007-ին նա դիմել է Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան «Նեֆելինային սիենիտների համալիր արտադրություն» ՍՊԸ-ից պահանջելով 35.000 ԱՄՆ դոլար նախավճարը, ապա հրաժարվել է հայցից: Ի դեպ, նշեմ, որ այս գործով Ն. Սերոբյանը նույնիսկ դատական ծախսերը չի վճարել, իսկ իր շահերը պաշտպանող իրավապաշտպանի հետ կոնֆլիկտ է ունեցել, եւ վերջինս հրաժարվել է հայցից: Այնուհետեւ դիմել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան` պահանջելով «Նեֆելինային սիենիտների համալիր արտադրություն» ՍՊԸ տնօրենին` ինձ, որոշակի գործողություններ պարտավորեցնել: Այս գործով հայցը եւս մերժվել է: Նաեւ դատական հայց են ներկայացրել ԱՄՆ Կալիֆորնիայի դատարան` ավելի քան 100 էջ կեղծ տեղեկություններով եւ վիրավորանքներով, որին ի պատասխան` ես ընդամենը մեկ հակիրճ պատասխան եմ ներկայացրել, եւ դատական հայցը մերժվել է: Ամփոփելով` կարող եմ ասել, որ նրանց եւ իմ կողմից ներդրած գումարները ծախսվել են փոխադարձ համաձայնություններով եւ ընդհանուր բիզնես ծրագրի համար, սակայն քանի որ բաժնետերերը, այդ թվում` Ն. Սերոբյանը, այդ ծրագրի համար բավարար ֆինանսավորում չեն կարողացել ապահովել, ծրագիրը կյանքի չի կոչվել, եւ նախնական վճարումների համար ծախսված գումարները կորցրել ենք: Կորցրել եմ նաեւ ես: Ինչ վերաբերում է նրան, որ նա պնդում է, թե փաստաթղթեր ունի եւ կարող է ապացուցել, ասացե՛ք խնդրեմ, ո՞րն է տրամաբանությունը, որ մարդը տարիներ շարունակ ասում է փաստաթղթեր ունեմ եւ կարող եմ ապացուցել, սակայն այդպես էլ այդ փաստաթղթերն ի ցույց չի դնում: Ակնհայտ է, որ դա շանտաժ է եւ վարկաբեկման փորձ:
-Խնդրի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:
-Իսկ ի՞նչ խնդրի մասին է խոսքը: Ես խնդիր չեմ տեսնում, որպեսզի հանգուցալուծում առաջարկեմ: Նշեմ, որ եղել է հնարավորություն վերականգնելու յուրաքանչյուրիս կատարած փաստացի ծախսերը` ընկերությունը վաճառելու ճանապարհով, սակայն նրանք հրաժարվել են` պահանջելով շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Այս գործողությամբ հնարավորություն չեն տվել ոչ միայն իրենց փաստացի կատարած ծախսերը վերականգնել, այլեւ իմ եւ մյուս գործընկերների: Հիմա ես հարցնեմ ձեզ. իսկ ո՞վ է փոխհատուցելու իմ կրած վնասները: Բացի այդ, բազմիցս թերթի հրապարակումներում փաստվել է, որ հաստատված վճիռ կա, որով ես ԱՄՆ քաղաքացիներին 295 հազար ԱՄՆ դոլար եմ պարտք: Թող իրենց վճիռը կյանքի կոչեն, ոչ թե զրպարտություններ տարածելով` փորձեն վնաս հասցնել ինձ: Իհարկե, հասկանում եք, որ աբսուրդ է եւ ծիծաղելի  նման վճռի առկայության մասին խոսելը: Դա ամերիկյան արդարադատության կայացրած վճիռ լինել չի կարող, այլ ընդամենը Նունե Սերոբյանի հերթական կեղծարարությունն է:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս