Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (նստավայրը` Իջեւան) նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ մարտի 16-ին իրենց թեկնածությունն առաջադրել են եւս 2 հոգի` Տավուշի մարզպետի տեղակալ, ՕԵԿ-ի Տավուշի մարզային կառույցի ղեկավար Վահե Վարդապետյանը եւ անկուսակցական Սպարտակ Հարությունյանը: Վ. Վարդապետյանն առաջադրվել է ՕԵԿ-ի կողմից: Մինչ այդ ՀՀԿ-ն եւ Հայաստանի մարքսիստական կուսակցությունը առաջադրել էին վերջերս հանրապետական դարձած Հակոբ Հակոբյանի («Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ, թիվ 41 ընտրատարածքից գործող պատգամավոր) եւ մարքսիստ Դավիթ Հակոբյանի թեկնածությունը: Այսպիսով` թիվ 41-ում կոալիցիան կազմող քաղաքական ուժերի` ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի առաջադրած թեկնածուները մրցակիցներ են: Մեր տեղեկություններով` առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսը պաշտպանելու է Սպարտակ Հարությունյանի թեկնածությունը: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում մեր հանդիպման ժամանակ Սպարտակի ընկերը` Դավիթ Փոլադյանը, ասաց, որ Ս. Հարությունյանը դեռ խորհրդային շրջանում` 1989թ., Նավուրի բարձունքում կանգնեցրել է Զորավար Անդրանիկի արձանը, 2 տանկ ձեռք բերել Այգեձորի ինքնապաշտպանական ուժերի համար, Բերդի տարածաշրջանում բազմաթիվ բարեգործություններ կատարել: Սակայն փաստենք, որ նրան Իջեւանի եւ Դիլիջանի տարածաշրջաններում դեռեւս լավ չեն ճանաչում: Նշենք նաեւ, որ թիվ 41 ընտրատարածքի հետ կապված մի ուշագրավ հանգամանք կա: Պատգամավորի թեկնածու առաջադրված Վահե Վարդապետյանն ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանի ամուսինն է: Ա. Սարգսյանը հավաստիացնում է, որ դա ոչ մի նշանակություն չի ունենա, եւ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի առաջիկա ընտրություններն արդար եւ օրինական անցնեն:
Տավուշ