ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ առավոտյան, ժամը 10.00-ին վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդները հավաքվելու  էին  Գյումրիի կայարանամերձ  հրապարակում, որպեսզի խաղաղ ավտոերթ կազմակերպեին դեպի Բավրայի անցակետ:Սակայն վաղ առավոտյան, վարորդներից շուտ ոստիկաններն էին հավաքվել (շուրջ 300 ոստիկանության աշխատակից, շատերը քաղաքացիական հագուստով): Հրապարակ մտնող վրացական պետհամարանիշով մեքենաներին կանգնեցնում էին, վարորդներին բռնի ուժով տանում  ոստիկանության բաժանմունքներ՝  առանց որեւէ պատճառաբանության: Վարորդներից մի քանիսին ասել են, որ նրանք ապակայունացնում են իրավիճակը, խանգարում հասարակական կարգը, ահա թե ինչու ակտավորելու են, որից հետո միայն ազատ են արձակելու: Նշենք, որ ոստիկանության աշխատակիցներին մահակներ էին բաժանում հենց հրապարակում: Կարդում էին անուն-ազգանունը, ոստիկանը ստորագրում էր, վերցնում իր հասանելիք մահակն ու շարք կանգնում: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչի՞ համար են մահակներ բաժանվում, Գյումրիի ոստիկանության պետ Արթուր Բիչախչյանը պատասխանեց. «Մահակ չենք բաժանում, հասարակական կարգ ենք պահպանում:  Մեկը հիվանդ ա, մեկը անհապաղ ինքնաթիռի տոմս ունի, մեկը անձնական գործեր ունի, իսկ մարդիկ մի քանի հոգու համար ճանապարհ են փակում: Չի՞ կարելի նման բան անել»: Թե քանի վարորդի էին ոստիկանները բերման ենթարկել, Բիչախչյանը համառորեն չնշեց: Վրացական պետհամարանիշներով մեքենա շահագործող մարդիկ  պատմեցին, թե առավոտ վաղ ինչ է տեղի ունեցել իրենց հետ: Վարորդ Ռաֆիկ Մուրադյանի խոսքերով, անգամ  60-անց մի մարդու ոստիկանները ուժի զոռով իջեցրել են ղեկից եւ նույն կերպ նստեցնելով իրենց մեքենան, հեռացրել ցուցարարին: «Բռնապետություն է, ոստիկանական պետություն: Տեսե՛ք, մեզնից շատ միլիցա է հավաքվե հրապարակ: Ըստեղ, աղջիկ ջան, հնարավոր չէ ապրել: Ինձ ռուլից իջեցրել է միլիցիայի աշխատողը, տարել գայի: Ինչի՞ համար: Ի՞նչ ենք էրե»:  Ոստիկանները շրջափակեցին նաեւ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, քանի որ վարորդներն առանց մեքենաների հավաքվել էին «Ասպարեզ»-ի դիմաց: Ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը դա այսպես մեկնաբանեց. «Մեր ոստիկանությունը մնացել է 70-ականների վերջերի մակարդակին: Իրանք առաջնորդվում են տեսողական զգայարաններով: Տեսել են վարորդներն «Ասպարեզ»-ի դիմաց են, մտածել են` հեղափոխությունը էստեղից է  սկսվում: Ոստիկանությունը պետերով ու մնացած բաներով որոշել է  գալ ու խաչմերուկները փակել»:«Ասպարեզ»-ը շրջափակված մնաց ժամեր շարունակ, մինչեւ Գյումրի հասան «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները՝ Ռուբեն Հակոբյանն ու  Զարուհի Փոստանջյանը: Վարորդներին նրանք խոստացել են խնդրին հետամուտ լինել՝ բարձրաձայնել ԱԺ-ում եւ կառավարության նիստերի հարց ու պատասխանի ժամանակ:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս