«ՄԻԳՈՒՑԵ ԽՆԴԻՐՆ ԻՄ ՄԵ՞Ջ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի ԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ կհիշեք «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Փնտրվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերից, ինչպես նաեւ «Դժբախտ երջանկություն» եւ «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալներից: Հիմա մի հետաքրքիր փաստ Անիի մասին. նախքան դերասանական կրթություն ստանալը, Անին սովորել է լրագրության բաժնում: 2 տարի ուսանելուց հետո, սակայն, հասկացել է, որ դա իր ոլորտը չէ, եւ ընդունվել է Թատերական ինստիտուտ: Ուսանողական տարիներից մինչ հիմա Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի է:
-Ճի՞շտ եմ հիշում, որ Դուք տարիներ առաջ խաղում էիք նաեւ Ուրախների եւ հնարամիտների ակումբում:
-Այո՛, ես շատ տարբեր ուղիներով եմ անցել: ԽԹծ եմ խաղացել «Профессоры без професии» թիմում: Իմ կոլեգաները, ում հետ նույն կազմում ենք եղել` Վահագնը Գրիգորյան, Արմանը Խաչատրյան, շարունակեցին այդ ոլորտում, ես ընդունվեցի Թատերական, ամեն մարդ իր ճանապարհով գնաց ու էդպես ցրվեցինք:
-Բավականին երկար խաղացիք «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալում, որտեղ նաեւ սեւ կեղծամ էիք կրում, հերոսուհին էլ դրական կերպար չէր: Հե՞շտ էր համաձայնել բացասական կերպարի, չէ՞ որ բոլորն են ուզում արքա ու թագուհի խաղալ:
-Սերիալը տեւեց երկու տարի վեց ամիս եւ հինգ օր, իսկապես քիչ չէր: Իսկ կերպարս` Մարինան, բացասական գլխավոր հերոսուհին էր: Սկզբում այդ փաստն ինձ էլ էր մի քիչ ետ պահում` չնայած սիրում եմ բացասական դերեր խաղալ: Ինչեւէ, կեղծամն էլ հենց դրա համար դրեցի, որ ինձ չճանաչեն: Հետո էնպես ստացվեց, որ Մարինայի մեջ ես մարդկային լավ կողմեր գտա ու կերպարս դարձավ բարի:
-Վերջացավ նաեւ «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալը, հիմա ինչո՞վ եք զբաղվում, ինչ-որ տեղ նկարահանվո՞ւմ եք:
-Ունեմ երեք առաջարկ, մտածում եմ, բայց երեւի շուտով հեռուստադիտողն ինձ կրկին կտեսնի: Ճիշտն ասած, ես ինքս էլ ուզում էի մի քիչ հանգստանալ, դժվար է երկար ժամանակ այնպես խաղալ, որ չզզվեցնես հեռուստադիտողին: Նույնիսկ զարմանում էին, որ դադար եմ վերցրել: Բայց այս երկու ամիսն ինձ հարկավոր էր հանգստանալու համար:
-Բացի այն, որ դերասան-դերասանուհիներն ուզում են դրական դերեր խաղալ, նաեւ ճշտում են` կան արդյոք բաց կամ համբույրի տեսարաններ: Ձեզ համար այդ տեսակ սահմանափակումներ կա՞ն:
-Եղել են տեսարաններ, երբ ես համբուրվել եմ, բայց դա չի եղել խաղալու առաջին իսկ օրերից: Հայաստանում քննադատություններն այդ հարցի շուրջ մի քիչ ավելի շատ են: Նորմալ եմ նայում գեղարվեստական ֆիլմում այդ տեսակ տեսարաններին, բայց դա էլ պետք է դրդապատճառներ ունենա ու արդարացված լինի: Երբ դիմում ես որեւէ քայլի, նախ պետք է մտածես` արժե, թե ոչ: Եթե հայ դերասանուհին պատրաստվում է նկարահանվել մի քիչ բաց տեսարաններում, պետք է լավ մտածի: Ինչքան էլ հայ տղամարդիկ ցույց տան, որ ազատ ու հանգիստ են վերաբերում այդ ամենին, միեւնույն է, մի օր ընկերդ կամ կողակիցդ կասի` բա դու չէիր անո՞ւմ այդ ամենը: Հավատացեք, հայ դերասանուհիներին այդ փաստը շատ է խանգարում, ինչը  չես ասի հոլիվուդյան դերասանների մասին, որտեղ նման արձագանքներ չկան: Տարբերությունը ո՞րն է, չէ՞ որ դերասանն իր գործն է անում, ինչպես որ իրավաբանն ու այլ մասնագետները:
-Համարո՞ւմ եք Ձեզ խիստ հայկական ավանդական հայացքներով աղջիկ:
-Չեմ համարում, ես կոսմոպոլիտ եմ, բայց կան բարոյականության նորմեր, չափ, որ դրանց դեմ երբեք չեմ կարող գնալ: Բնությամբ ինքնուրույն մարդ եմ ու ինչ անում եմ, վստահ եմ անում, ընտանիքս էլ երբեք չի կասկածում, որ ես կարող եմ սխալ բան անել:
-Մշտապես կատակներ են անում շիկահեր կանանց ինտելեկտի ու խելքի վերաբերյալ: Դուք էլ շիկահեր եք, հետաքրքիր է, մազերի գույնը որեւէ կերպ ազդո՞ւմ է մարդկանց կողմից Ձեզ ընկալելու վրա:
-Երեւի առաջին հայացքից միանգամից ճիշտ ռեակցիա չի գնում: Սակայն շփման 10-րդ րոպեից ռեակցիան ընդհանրապես փոխվում է: Ի դեպ, այս հարցն ինձ շատ են տալիս:
-Աշխատանքից դուրս` ինչո՞վ եք զբաղվում:
-Սիրում եմ ընկերներիս հետ ժամանակ անցկացնել: Իսկ եթե հոբբիների մասին է խոսքը` գիրք կարդալն է, հանգստի այդ տեսակը շատ եմ սիրում: Սիրում եմ նաեւ ֆիլմեր դիտել, հատկապես դրամաներ:
-Իսկ պարե՞լ, ակումբ հաճախե՞լ:
-Պարել շատ եմ սիրում, բայց հիմա ակումբներ հազվադեպ եմ գնում: Դժվար է գնալ ակումբ ու քեզ ազատ զգալ: Մարդիկ գնում են այնտեղ հանգստանալու, ես` լարվելու: Ժամանակին կարաոկեներ էի սիրում գնալ ընկերներիս հետ, հիմա դա էլ եմ դադարեցրել:
-Ամուսնացա՞ծ եք:
-Ո՛չ:
-Ասպետի՞ եք սպասում:
-Ո՛չ, բայց որ ասպետ լիներ, վատ չէր լինի: Եթե պատասխանեմ այս հարցին, միգուցե մեր տղամարդկանց մեծ մասը վիրավորվի. ավելի լավ է ասեմ` չեմ գտնում այն մեկին, ում հետ կցանկանայի ապրել: Միգուցե խնդիրն իմ մե՞ջ է:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Եթե մարդ երազանք չունենա, ուրեմն անիմաստ է ապրում: Իմ երազանքներն ավելի գլոբալ են, կուզենայի, որ աշխարհն ավելի մաքուր լիներ, մարդիկ իրար մի քիչ ուրիշ աչքով նայեին: Իսկ ինձ համար ունեմ կոնկրետ երազանք, կցանկանայի մայրիկիս հետ գնալ Փարիզ: Ես դա մամային խոսք եմ տվել ու պետք է իրականացնեմ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս