ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ»-ի ցավից պրծանք, հիմա էլ անցել ենք ԱԺ ընտրությունների դարդին: Ո՞ւմ եք ընտրելու, ո՞ր կուսակցության անդամ եք. հարցեր, որ այսօր ամենից հաճախ են հնչում մամուլում ու եթերից: Զարմանքի ալիք բարձրացրեց նաեւ այն փաստը, որ պատգամավոր դառնալու ցանկություն են հայտնել մի քանի մշակութային գործիչներ: Տեսնես ինչի՞ց դրդված են նրանք ուզում ստանձնել ոչ այդքան դյուրին պաշտոնը: Օրինակ` Շուշան Պետրոսյանն իր այդ ցանկությունը պարզաբանել է հետեւյալ կերպ. «Ես պայքարող տեսակ եմ, ես կցանկանամ որեւէ բան փոխել: Ես միշտ կռիվ ունեմ եւ միշտ կողմ եմ մշակութային ներկայացվածությանը»: Իսկ այ երգչուհի Ջուսը պնդում է. «Քաղաքականության ոլորտում ես ինձ կոմֆորտի մեջ չեմ զգա ու հետո` կապ չունեմ: Խորհրդարան էլ կգնայի միայն մի քանի րոպեով: Իսկ եթե, այնուամենայնիվ, ինձ հարցնեին` ինչ նախագիծ կներկայացնեի, այս կամ այն օրենքում ինչ փոփոխություն կցանկանայի կատարել, կընտրեի մշակույթի ոլորտը, մասնավորապես շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարգելու նախագիծ, որ ժողովուրդը հարգեր իր արտիստին ու չքննադատեր»: Հավանական թեկնածուների շարքում նշվում էր նաեւ DJ Վակցինայի անունը, ով իր առաջադրվելու մասին ասել է, որ իր` պատգամավոր դառնալու ժամանակը դեռ չի հասունացել: Հավելենք, որ երգչուհի Սոֆի Մխեյանի անվան շուրջ էլ էին պտտվում ասեկոսեներ, թե հայր ու աղջիկ ուզում են հաստատվել ԱԺ-ում, բայց հակառակ այդ պնդումների` Սոֆին ասել է. «Հորս` քաղաքականության մեջ լինելու փաստն անընդհատ շահարկվում է… Վաղուց դրան ուշադրություն չեմ դարձնում, ի վերջո, իմ անցած ուղուց, ստեղծագործական գործունեությունից արդեն երեւում է իմ աշխատանքը, ու պարզ է` ինչով եմ առաջ գնում: Ամեն մեկս մեր գործն ենք անում»: Մեզ էլ մնում է միայն գուշակել, թե էլ որ մշակութային գործիչը կցանկանա դառնալ ԱԺ պատգամավոր:




Լրահոս