Արմեն Մուրադյանն այցելեց Արագածոտնի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղավ Թալինի, Ծաղկահովիտի, Աշտարակի եւ Ապարանի բժշկական կենտրոններում: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ բուժհիմնարկների շենքային պայմաններին, կադրային եւ նյութատեխնիկական հագեցվածությանը, դեղերով ապահովվածությանը, ընթացիկ աշխատանքներին:

Արմեն Մուրադյանը նաեւ զրուցեց հիվանդների հետ, հետաքրքրվեց նրանց վիճակով եւ բուժման ընթացքով: Թալինի բժշկական կենտրոնում Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է կազմակերպել մարզերի որակյալ մասնագետների վերապատրաստումն արտասահմանյան լավագույն կլինիկաներում։ Դա կխթանի թե՛ մարզային հիվանդանոցներում բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, թե՛ այդ կլինիկաների հետ մասնագիտական գործընկերային հարաբերությունների

զարգացմանը։ Կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը ներկայացրեց, որ մշտապես հաջողությամբ համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով իրենց հիվանդանոցին կցված Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ: Իսկ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը ֆինանսավորել է այս կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վերանորոգումը եւ արեւային էներգիայի համակարգի ներդրումը: Թալինի բժշկական կենտրոնում է աշխատում սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանը, ով վերջերս կատարած անձնվեր աշխատանքի ու մասնագիտական հմտության շնորհիվ փրկել էր հիվանդներից

մեկի կյանքը։ Արմեն Մուրադանը բուժաշխատողի տոնի կապակցությամբ, մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ դրսեւորելու եւ սահմանային վիճակում գտնվող հիվանդի կյանքը փրկելու համար նրան պարգեւատրել է պատվոգրով։

Ծաղկահովիտի բժշկական կենտրոնը վերանորոգման եւ արդիականացման խիստ կարիք ունի։ Չնայած դրան, կենտրոնում աշխատում են բանիմաց եւ նվիրված մասնագետներ, նրանց թվում` սիրիահայ վիրաբույժ Բյուզանդ Քաղքեչյանը: Շրջայցի ընթացքում կենտրոնի այցելուներն իրենց գոհունակությունը հայտնեցին մասնագետների պատրաստվածության եւ հոգատարության համար եւ խնդրեցին նախարարին աջակցել հիվանդանոցի արդիականացման գործին:

Արմեն Մուրադյանը վստահեցրեց, որ նախարարությունը մարզային իշխանությունների հետ համատեղ աշխատանքներ կիրականացնի, որպեսզի Համաշխարհային բանկի մարզային հիվանդանոցների արդիականացման առաջիկա ծրագրում ընդգրկվի նաեւ Ծաղկահովիտի բժշկական կենտրոնը: Աշտարակի բժշկական կենտրոնը թեեւ հինգ տարի առաջ հիմնանորոգվել է, բայց ինժեներական ոչ ճիշտ լուծումների պատճառով կրկին լուրջ վերանորոգումների անհրաժեշտություն կա:

Ապարանի բժշկական կենտրոնը 2011 թվականին Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում հիմնանորոգվել եւ արդիականացվել է, ինչի շնորհիվ այն իր տեխնիկական հագեցվածությամբ եւ բուժօգնության կազմակերպման որակիվ չի զիջում մայրաքաղաքի հիվանդանոցներին:

Բոլոր բժշկական կենտրոններում նախարարը հետաքրքրվեց շտապ օգնության եւ լաբորատոր-գործիքային ծառայության հնարավորություններով եւ առկա խնդիրներով: Արագածոտնի մարզպետարանում մարզպետի եւ բուժհիմնարկների ղեկավարների մասնակցությամբ ափոփեց այցի արդունքները:

«Մարզերի բուժհաստատություններում հիմնականում առկա են կադրային եւ նյութատեխնիկական հագեցվածության խնդիրները: Նախարարությունը ամեն ջանք կգործադրի` աջակցելու կադրերով ապահովմանը, սակայն այս գործում ավելի մեծ անելիքներ ունեն հենց բուժհիմնարկները, համայնքները եւ մարզպետարանը»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը: Նրա գնահատմամբ` յուրաքանչուր մարզի համար որակյալ մասնագետներ ունենալը հպարտության մեծ առիթ պետք է լինի:

Նախարարը բժշկական կենտրոնների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց նաեւ ընդունարաններում առաջին բուժօգնության հնարավորությունները լիցենզիոն պահանջներին համապատասխանեցնելու եւ մասնագիտական անհրաժեշտ հմտություններ ապահովելու խնդրի վրա:

Նա մարզային հիվանդանոցների ղեկավաներին առաջարկեց նախարարության մասնագետների խորհրդատվությամբ կազմակերպել միանգամից մի քանի հիվանդների ընդունման ուսումնամեթոդական վարժանքներ:

Առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպիչը հորոդորեց նաեւ քայլել ժամանակին համընթաց, օգտվել Երեւանի առաջատար բժշկական կենտրոնների հետ հեռակապի հնարավորությունից, ինչպես նաեւ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում ընդգրկվելու համար:

ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակը նախնական հաշվարկներ է կատարել, թե որքան գումար է անհրաժեշտ Ծաղկահովիտի եւ Աշտարակի հիվանդանոցների արդիականացման համար: Արմեն Մուրադյանը նշեց, որ լրացուցիչ նոր հաշվարկներ կարվեն եւ կներկայացվեն հանրապետության վարչապետին` հնարավորության դեպքում նաեւ այս կենտրոնները Համաշխարհային բանկի վարկային առաջիկա ծրագրերում ընդգրկելու նպատակով: Անդրադառնալով պոլիկլինիկական ծառայություններին` նախարարն ընդգծեց, որ հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացմանը զուգընթաց կարեւորվում է հիվանդությունների կանխարգելումը եւ վաղ հայնտաբերումը:

Արմեն Մուրադյանը բուժհիմնարկների ղեկավարներին նաեւ հորդորեց ուժեղացնել հսկողությունը դեղերի ձեռքբերման, պահպանման եւ կիրառման գործընթացի հանդեպ:




Լրահոս