ՀԱՐՑ. Ես, մինչ իմ տասնութ տարեկանը լրանալը, ապրում էի ծնողներիս հետ: Հիմա ցանկություն ունեմ առանձին ապրելու, եւ ինձ հետաքրքրում է, թե ծնողներս իմ չափահաս դառնալուց հետո որքանով են պարտադրված ինձ պահել կամ ապահովել գումարով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ծնողները պարտավոր են պահել իրենց չափահաս երեխաներին, եթե վերջիններս անաշխատունակ են եւ օգնության կարիք ունեն (ՀՀ ընտանեկան օրենսգրքի 73-րդ հոդված): Անաշխատունակությունը` որպես օրենք, մարդու առողջության լուրջ խաթարումն է օրգանիզմի գործունեության լուրջ խանգարմամբ, որը հանգեցնում է մասնագիտական աշխատունակության զգալի կամ ամբողջական կորստի կամ էլ կյանքում լուրջ դժվարությունների : Եթե Դուք չունեք նմանատիպ խնդիրներ, ապա Ձեր ծնողներն օրենքով նախատեսված պարտավորություններ` գումարով ապահովելու կամ Ձեզ պահելու, չունեն: Նրանք դա կարող են անել միայն իրենց ցանկությամբ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հենց այդ պատճառով էլ 18 տարին լրացած անձը համարվում է չափահաս: Զուտ մանկավարժական ու հոգեբանական տեսակետից ինքնուրույնության ձգտումը, իհարկե, խրախուսելի է, բայց եւ նման տարիքում ընտանիքից, ծնողներից առանձնանալն այնքան էլ չի համընկնում հայկական ավանդական ընտանիքի մասին պատկերացումներին: Հարցի նյութական կողմը ավելի քան տարօրինակ է. եթե նոր-նոր չափահասության շեմը բոլորած երիտասարդն ակնարկում է ծնողներից սպասվող նյութական օժանդակության մասին, նշանակում է` նման ակնկալիք էլ ունի: Մինչդեռ արդեն նա պետք է մտածի ծնողներին օգնելու մասին:
Ամեն դեպքում, մարդն ինքն է ընտրում իր կենցաղը, ու ամեն մեկն ինքն է պատասխանատու իր խղճի ու պարտավորությունների հարցում: