
Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածուների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել է ընդամենը երեք կուսակցություն: Դրանք են՝ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (45 թեկնածու), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (75 թեկնածու) և Միավորված հայեր կուսակցությունը (29 թեկնածու): Այսօր, առաջադրումների վերջին օրը, սպասվում է, որ գրանցման փաստաթղթեր կներկայացնեն հիմնական կուսակցությունները և Հայ Ազգային կոնգրես դաշինքը, որը մինչև այսօր պաշտոնապես չի հրապարակել թեկնածուների ցուցակը: Առաջադրման վերջնաժամկետն այսօր է մինչև ժամը 18:00-ն, որից հետո կսկսվի պատգամավորության թեկնածուներին գրանցելու ժամանակահատվածը: Այն կտևի մինչև ապրիլի 1-ը ժամը 18:00-ն: