Տ. Սարգսյան. Պետությունն ունի բավարար կարողություններ` քաղաքացիների խնդիրները լուծելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն առաջարկելու է այնպիսի փոփոխություններ և ծրագրեր, որոնք ուղղված են լինելու քաղաքացիների խնդիրների լուծմանը: Այս մասին երեկ երեկոյան ՀՀԿ երևանյան ակտիվի հետ հանդիպման ու կուսակցության նախընտրական ծրագրի մշակման շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը: “Պետությունն ունի բավարար կարողություններ` այդ խնդիրները լուծելու համար, և մենք գիտենք դրա ճանապարհը: Մեր թիվ մեկ փոփոխությունը վերաբերվում է տնտեսական քաղաքականությանը, որը միտված է լինելու քաղաքացիների բարեկեցության ապահովմանը, ժամանակակից նոր աշխատատեղերի ստեղծմանը, որոնց եկամուտով քաղաքացին կկարողանա ապրել բարեկեցիկ կյանքով”, – ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին անգամ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղային քաղաքականություն: 11 ոլորտներում մշակվելու են զարգացման ծրագրեր, որոնց արդյունքում էլ ստեղծվելու են արդիական աշխատատեղեր: ՀՀԿ մամուլի ծառայության փոխանցմամաբ, վարչապետը նշել է, որ աղքատության հաղթահարման ռազմավարությունը սոցիալապես անապահով ընտանքիների համար աշխատատեղերի ստեղծումը և կրթությունը հասանելի դարձնելն է: Պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցներն ուղղվելու են այս խնդիրների լուծմանը: “Սա է այն ռազմավարությունը, որը հնարավորություն է տալու հաղթահարել աղքատության հիմնախնդիրը: Սոցիալական ոլորտում մենք կատարելու ենք արմատական փոփոխություն: 120 հազար սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական նպաստները հասցնել այն մակարդակին, որպեսզի նրանք հաղթահարեն աղքատությունը, անիրատեսական է և այդ ռազմավարությունը չի կարող բերել հաջողություն: Մենք պետք է պայքարենք աղքատություն ծնող պատճառների դեմ”, – ասել է Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ աղքատությունը կրթություն չստանալու պատճառ չպետք է հանդիսանա:




Լրահոս