«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին հուլիսի 18-ին արել է բավական հետաքրքրական հայտարարություններ անվանգության թեմատիկայով։ Մասնավորապես, նա նախազգուշացրել է Ռուսաստանին, որ եթե Ադրբեջանին տրվող ռուսական զենքը կրակի, ապա դրանից առաջին հերթին տուժելու է հենց Ռուսաստանը։ Թեհրանն անշուշտ հասկանում է Մոսկվայի ռազմավարական խնդիրներն ու թիրախները տարածաշրջանում, որոնք անկասկած հասնում են ընդհուպ Իրան։ Մոսկվայի համար կարեւոր է ոչ միայն Արցախում ռազմական ներկայության հաստատումը, այլեւ դրա միջոցով Իրանի հանդեպ ազդեցիկ դիրքի ամրագրումը՝ արգելափակելով Իրանի խաղի հնարավորությունը Կովկասի ուղղությամբ, իսկ հետո բնականաբար ձգտելով Իրանի վրա հասնել ազդեցության այն աստիճանի որը հնարավորություն կտա Թեհրանը վերածել հաջորդ «ֆորպոստի»։
Իրանը Ռուսաստանին նախազգուշացնում է, որ թույլ չի տա սկսել այդ ծրագրի առաջին փուլը՝ Արցախում ռազմական ներկայության ապահովումը։
Միաժամանակ, շատ հետաքրքրական է Իրանի դեսպանի հայտարարությունը Նախիջեւանի վերաբերյալ։ Թեհրանը, ըստ ամենայնի, Հայաստանին մեսիջ է հղում, որ Նախիջեւանի ուղղությամբ հավելյալ սրացումներ տալ պետք չէ, ինչպես նաեւ պետք չէ տրվել պրովոկացիաներին, որ կարող են լինել թուրքական վտանգի մասին տեղեկությունների շահարկումով»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։