Երեկ՝ հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա զինծառայող Գևորգ Ավագյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց Ոսկեվազ գյուղի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ Գևորգի դին երեկ են տեղափոխել հայրենի գյուղ:
«Մշակույթի տանն ենք հոգեհանգիստ իրականացնելու, քանի որ ընտանիքը շատ վատ պայմաններում է ապրում: Գյուղապետարանը, մարզպետարանը, նախարարությունն օգնում են, որ ծախսերն իրենց վրա չմնա: Ողջ համայնքն է սգում Գևորգի մահը: Շատ էր ուզում ծառայել, ով կպատկերացներ, որ նման ողբերգություն տեղի կունենա»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Սարգսյանը: