Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, մասնակցությամբ՝ ամբաստանյալ Գագիկ Վասիլյանի, տուժող Հայաստան Հակոբյանի, դռնբաց դատական նիստում, քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Գագիկ Սամվելի Վասիլյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով (խարդախություն) վճռել է գործը կարճել և ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Այսպես, նախկինում 6 անգամ դատապարտված, ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող 31-ամյա Գագիկ Վասիլյանը 2012 թվականի հուլիսի 11-ից քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում՝ 2013 թվականի փետրվար ամսվա սկզբին՝ գործով չպարզված օրը և ժամին, խարդախություն կատարելու դիտավորությամբ, իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել է տուժող Հայաստան Հակոբյանի բջջային հեռախոսահամարին և վերջինիս ամուսնուն` Ա.Հակոբյանին, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից, իբրև բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով, մինչև 2013 թվականի փետրվարի 18-ը, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պատրվակով պահանջել է 400 000 ՀՀ դրամ գումար և հայտնել, որ նշված գումարը փոխանցի իր մորը` Նինա Բաղդասարյանին:
2013 թվականի փետրվար ամսվա սկզբին՝ գործով չպարզված օրը և ժամին, երկու անձանց ներկայությամբ Հայաստան Հակոբյանը 400 000 ՀՀ դրամ գումարը փոխանցել է Ն.Բաղդասարյանին և հայտնել, որ այդ գումարով Գ.Վասիլյանը պետք է Ա.Հակոբյանին «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Ն.Բաղդասարյանը գումարը փոխանցել է որդու կողմից ուղարկված, իրեն անծանոթ, գործով չպարզված անձին: Հ. Հակոբյանը գումարը փոխանցելուց հետո զանգահարել է Գ.Վասիլյանին, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին, որից նա հասկացել է, որ Գ.Վասիլյանն իրեն խաբել է, չի կազմակերպել Ա. Հակոբյանի տեղափոխումը և տիրացել գումարին:
Տուժող Հ. Հակոբյանը 2014 թվականի հուլիսի 16-ին դատական նիստի ընթացքում հայտնել է, որ նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքները պնդում է, սակայն հաշվի առնելով, որ իրեն պատճառված վնասը` 400 000 ՀՀ դրամը, ամբողջությամբ վերականգնվել է, ինչպես նաև այն, որ ինքը հաշտվել է ամբաստանյալ Գ.Վասիլյանի հետ և վերջինիս նկատմամբ որևէ պահանջ չունի, միջնորդել է Գ.Վասիլյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Ամբաստանյալ Գ.Վասիլյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում, տուժող Հ. Հակոբյանին պատճառված վնասը` 400 000 ՀՀ դրամը, ամբողջությամբ փոխհատուցվել է, և վերջինիս հետ հաշտվել են:
Դատարանն էլ հաշվի առնելով, որ տուժող Հ. Հակոբյանին պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է, և տուժողը հաշտվել է ամբաստանյալ Գ.Վասիլյանի հետ, գտել է, որ գործի վարույթը պետք է կարճել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել: