Երևանում կարող են գործել տարբեր սակագներով աշխատող երթուղայիններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը քննարկում է տրանսպորտի մի քանի սակագին սահմանելու հարցը: Եթե քննարկումները բարեհաջող ընթանան, ապա կլինեն 100, 150 և 200 դրամ սակագնով աշխատող երթուղայիններ: Նրանք նախաձեռնել են տրանսպորտային համակարգի հատուկ մոդել մշակել, ըստ որի ամեն ուղղությամբ կլինեն տարբեր սակագներով աշխատող երթուղայիններ:

Հետաքրքիրն այնն է, որ այս համակարգի մասին խոսակցություններն արդեն ընթանում են, սակայն ուղեվարձի թանկացման հարցով ստեղծված հանձնաժողովի անդամները տեղյակ չեն այս համակարգի մասին, իսկ հարցն էլ հանձնաժողովի ներսում այդպես էլ չի քննարկվել: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում նշեց հանձնաժողովի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Նման մոդելի ներդրումը պետք է էականորեն տարանջատված լինի: Մենք պետք է հասկանանք, թե ընդհանուր ծավալային բաշխումն ինչպես է լինելու: Մի գնահատական կարող եմ տալ. շատ վատ է, որ կա աշխատանքային հանձնաժողով, որը պետք է քննարկի հարցը և առանց հանձնաժողովի ինչ-որ քննարկումներ են արվում», – նշեց նա՝ կարծիք հայտնելով, որ հերթական անգամ նախագիծը վերջին պահին կներկայացվի և մարդիկ կողմ կքվեարկեն առանց հասկանալու էությունը:

Նշենք, որ խոսակցություններ կան, թե տարբեր սակագնով աշխատող երթուղայինները հատուկ ժամային բաժանումներով են աշխատելու: Ըստ այդմ՝ օրինակ, 200 դրամանոց սակագնով աշխատող երթուղային կգա 10 րոպեն մեկ, իսկ օրինակ 100 դրամով աշխատողը՝ 30 րոպեն մեկ: Անդրադառնալով այս հանգամանքին, Պիպոյանը նշեց.

«Հենց հարցը կայանում է նրանում, թե ինչ է նշանակում երկար սպասել: Երկար սպասելը դա մեկ ժա՞մ է, ավելի երկար սպասելը նախատեսված չվացուցակովա՞, ավելի երկար սպասելն ի վերջո  հնարավորություն տալո՞ւ է տեղափոխվելու, թե ոչ : Ամենակարևոր կետը՝ ինչպես է  վերահսկվելու մեխանիզմը և ինչ է լինելու նրանց հետ, ովքեր չեն պահելու օրենքով նախատեսվածը», – նշեց նա՝ հավելելով, որ այս մոդելի մասին առավել լայն գնահատական կարող է տալ միայն բոլոր հարցերի պատասխաններ ստանալուց հետո:

 




Լրահոս