Դիլիջանցին թալանել է հարազատ քեռուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջանի բնակիչ, 1985 թ. ծնված Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել հարազատ քեռու տնից խոշոր չափերի գողության համար:

Ըստ մեղադրանքի՝ նա 2014թ. փետրվարի 19-ին գիշերել է քեռու՝ Աշոտ Թամրազյանի Տավուշի մարզի Թեղուտ գյուղում գտնվող տանը, որտեղ խոսակցություններից տեղեկացել է, որ այդ ընտանիքի անդամները հաջորդ օրվա երեկոյան բացակայելու են, եւ որ տանը եղած գումարը դրամապանակով պահվում է ննջասենյակի ներքնակի տակ:

Նախապատրաստվելով գողության` նա փետրվարի 20-ի առավոտյան բացել է խոհանոցի պատուհանի փեղկը, նույն օրը կիսաբաց վիճակում գտնվող խոհանոցի պատուհանը հրել-բացելու միջոցով մուտք է գործել տուն եւ հափշտակել 150 հազար ռուսական ռուբլի՝ պատճառելով 1 միլիոն 729 հազար 500 դրամ նյութական վնաս: Ա. Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (ՙԳողությունը, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով՚):

Դիլիջանցուն այդ հոդվածով սպառնում է 4-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատական հերթական նիստը նշանակված է հուլիսի 24-ին:

Ոսկան Սարգսյան,

Տավուշ




Լրահոս