Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով լայն թափ ստացած Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը նոր փուլ է մտնում: ԱՄՆ-ն իր հերթին, ԵՄ-ն իր հերթին որոշել են ընդլայնել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ցանկը, ինչին Մոսկվան բավականին կոպիտ է հակադարձել:
Նախ` չորեքշաբթի օրը, ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել ՌԴ նկատմամբ նոր պատժամիջոցների հարցում: Այսուհետ, «սեւ ցուցակում» կհայտնվեն ռուսական այն ընկերությունները, որոնք ինչ-որ կերպ աջակցել են Կրեմլին Ուկրաինայի դեմ պատերազմում: Ավելին` ինչպես նշված է ԵՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, հնարավոր է` այս պատժամիջոցները վերաբերեն նաեւ անհատների, ովքեր ակտիվորեն ֆինանսական աջակցություն են ցուցաբերել:
Բացի այդ, «Ներդրումային ու Վերակառուցման եւ զարգացման» եվրոպական բանկերը պատրաստվում են փակել ՌԴ-ում իրենց նոր ծրագրերը, կհետաձգվի նաեւ ՌԴ-ին նախատեսված Եվրոպական հանձնաժողովի 450 միլիոն եվրո վարկը: Իր հերթին, ԱՄՆ-ը փակել է ռուսական մի շարք էներգետիկ ընկերությունների ու բանկերի մուտքն ամերիկյան ֆինանսական շուկաներ: Ընդ որում, ԱՄՆ-ի «սեւ ցուցակում՚» են հայտնվել «Ռոսնեֆտ»-ը, «Գազպրոմբանկ»-ը, որոնք գործում են նաեւ Հայաստանում:
«Սեւ ցուցակում» են նաեւ իր մեծությամբ երկրորդ գազային ընկերությունը` «Նովատեկ»-ը, «Վնեշէկոնոմբանկ»-ը: «Մենք միշտ նախընտրել ենք այս հարցը դիվանագիտորեն լուծել, բայց պետք է կոնկրետ քայլեր տեսնեինք Ռուսաստանի կողմից ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու համար: Առայժմ Ռուսաստանը չի հաջողել այդ հարցում եւ, փաստորեն, շարունակում է աջակցել Ուկրաինայի անկախությանը վնասող անջատողականներին»,- – հայտարարել է Օբաման:
Տեղի ունեցածը, բնականաբար, սուր արձագանք է ստացել ՌԴ-ում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է ԱՄՆ-ին` հայտարարելով, թե պատժամիջոցները բումերանգի էֆեկտ են ունենում եւ կվատթարացնեն ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները: Իսկ ՌԴ ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունն իր հռետորաբանությամբ նմանվում է խորհրդային ժամանակների բառապաշարին:
«Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը համարում ենք վրեժի պրիմիտիվ փորձ այն բանի համար, որ Ուկրաինայում իրադարձությունները չեն զարգանում Վաշինգտոնի սցենարով: Ներքին խոր ճգնաժամի եւ զոհերի հանգեցրած հարեւան երկրի քաղաքացիական պատերազմի մեղքը Ռուսաստանի վրա բարդելու վրդովեցուցիչ եւ չհիմնավորված փորձը վկայում է ԱՄՆ-ի ռազմավարության ձախողման մասին: Ուկրաինական ղեկավարությանը խելքի բերելու փոխարեն, Սպիտակ տունն արյունահեղություն է հրահրում:
Ավելին` ցինիկաբար փորձելով իր վրայից գցել պատասխանատվությունը եւ կոպտորեն խեղաթյուրելով փաստերը` կրկին սկսել է ճոճել իր սիրելի զենքը` պատժամիջոցային մահակը: Մեկ անգամ չէ, որ ասել ենք` Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով խոսելը, ինչ մասշտաբի էլ որ դրանք լինեն, անիմաստ է: Այդպիսի ճանապարհը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Հայտնի է, որ պատժամիջոցները երկսայրի գործիք են»,- ասված է հայտարարության մեջ:
Ընթացող զարգացումները հիշեցնում են խորհրդային տարիներին ԽՍՀՄ-ի ու Արեւմուտքի միջեւ առկա սառը պատերազմը, եւ եթե իրադարձություններն ընթանան այս տեմպերով, ապա կրկին կարող է կախվել երկաթյա վարագույրը: Նկատենք, որ Արեւմուտք-ՌԴ հարաբերություններն իրենց հետեւանքները կունենան նաեւ տարածաշրջանի վրա, մանավանդ, երբ Վրաստանը բռնել է եվրաինտեգրացիայի ուղին, իսկ Հայաստանը` վերջին բոլշեւիկի ջանասիրությամբ ընթանում է ԵՏՄ: Մյուս կողմից, ինչպես հայտնի է, Հայաստանի էներգետիկ համակարգը գտնվում է ռուսական ընկերությունների ձեռքում:
Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ի «սեւ ցուցակում» ռուսական էներգետիկ եւ այլ ընկերությունների հայտնվելը կարող է բացասաբար անդրադառնալ նաեւ Հայաստանի տնտեսության վրա:
Ի դեպ, այսօր այդ մասին խոստովանում են նաեւ հայ պաշտոնյաները: Կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է. «Կարծում եմ, ինչ-որ բացասական ազդեցություն այդ պատժամիջոցները մեզ վրա կարող են ունենալ»:
Միայն թե, Ճշմարիտյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ հետեւանքների մասին է խոսքը: Ավելին` Ճշմարիտյանը չի մանրամասնել նաեւ, թե իշխանություններն ի՞նչ են անում այդ հետեւանքները մեղմելու համար, եւ ընդհանրապես` այսքանից հետո, որքանո±վ է նպատակահարմար դեպի ԵՏՄ գնալը, մանավանդ, եթե Սերժ Սարգսյանը պնդում է «եւ-եւ»- սկզբունքի մասին, բայց թե նման դեպքերում ինչպես է իրականացվելու «եւ-եւ»-ի սկզբունքը, մնում է միայն կռահել:
Արման Գալոյան