Միջազգային հանրության լռության արյան գինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներն ու տարբեր դիվերսիաները կրում են պարբերական բնույթ: Ընդ որում, բացի դիվերսիաներից ու դիպուկահարների կրակոցներից, Ադրբեջանի զինված ուժերը սկսել են ինտենսիվորեն գնդակոծել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը` Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր:

Ընդ որում, կրակոցներն ուղղված են հենց խաղաղ բնակչության դեմ:

Հուլիսի 14-ին Ասկերանի շրջանում հերկի ժամանակ էլ ադրբեջանական կողմի կրակոցից սպանվել էր տրակտորիստ Արվիդ Դանիելյանը: Հասկանալի է, որ քանի դեռ չի լուծվել ԼՂ հիմնախնդիրը եւ տարածաշրջանում վերջնականապես չի հաստատվել խաղաղություն, հրադադարի ռեժիմի խախտումները կամ դիվերսիոն փորձերը կարող են պարբերաբար կրկնվել: Միայն թե, վերջին շրջանում նման միջադեպերը գնալով ավելի ինտենսիվ բնույթ են կրում:

Իսկ վերջին օրերին ամենաքննարկվող թեման դարձել է ադրբեջանցի դիվերսանտների ներթափանցումը Քարվաճառ ու Վարդենիս: Ճիշտ է, ԼՂՀ պաշտպանական բանակի կողմից դիվերսիոն խումբը վնասազերծվել է, սակայն մինչ այդ ադրբեջանցի դիվերսանտների կրակոցից զոհվել էր հայ սպա` մայոր Սարգիս Աբրահամյանն ու վիրավորվել մի կին` Կարինե Դավթյանը:

Բացի այդ, մինչեւ բացահայտվելը, ադրբեջանցի դիվերսանտներն առեւանգել ու դաժանաբար սպանել էին 17-ամյա Սմբատ Ցականյանին: Երեկ էլ գնդակոծվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքը:

Բայց չնայած այդ հանգամանքին, միջազգային հանրությունն առ այսօր որեւէ կերպ չի արձագանքել ո՛չ հրադադարի ռեժիմի խախտումներին, ո՛չ դիվերսիոն փորձերին, ո՛չ խաղաղ բնակիչների սպանության դեպքերին: Այս առնչությամբ քար լռություն են պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Քար լռություն են պահպանում ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների արտգործնախարարներն ու դեսպանները: Լռում է ԱՄՆ-ը, Ֆրանսիան, եւ անգամ ռազմավարական գործընկեր համարվող ՌԴ-ն:

Լռում են նրանք, ովքեր հակամարտության կարգավորման հարցում ստանձնել են միջնորդի դեր եւ պետք է ջանք ու եռանդ չխնայեին խաղաղության հաստատման հարցում:

Մինչդեռ, այսօր պետք է լիներ ճիշտ հակառակը, եւ առնվազն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է հայտարարություն տարածեին` կոչ անելով հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը: Իսկ Հայաստան ներթափանցած դիվերսանտների դեպքից հետո նրանք պետք է այցելեին տարածաշրջան: Որքան էլ նրանց այդ քայլերը ձեւական են թվում, այնուամենայնիվ, դրանք անհրաժեշտ են:

Ի վերջո, դիվանագիտությունը միայն լայն ժպտալը չէ, այլեւ անհրաժեշտ են հստակ գործողություններ, առավելեւս, երբ դրա համար մեծ աշխատավարձ են վճարում, որպեսզի որքան հնարավոր է քիչ հեղվի մարդկանց արյունը: Նշենք, որ միայն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն է մեկնել Ստեփանակերտ ու հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: ԼՂՀ նախագահն անդրադարձել է դիվերսիոն խմբի ներթափանցմանը ԼՂՀ տարածք, եւ նշել, որ միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատականի արժանացնի կատարվածը:

«Ժողովուրդ»-ը վերջին դիվերսիոն հարձակման վերաբերյալ հարցումներ է ուղարկել Հայաստանում ԱՄՆ, ՌԴ եւ ԵՄ անդամ երկրների դեսպանատներ` ցանկանալով իմանալ նրանց տեսակետները կատարվածի մասին: Սակայն երեկվա դրությամբ նաեւ նրանք որեւէ պատասխան չէին ուղարկել: Նշենք, որ այս ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջ.Հեֆֆերնը խոսել է միայն յոթ շրջաններ Ադրբեջանին վերադարձնելու մասին, իսկ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն՝ պատասխանելով հարցին, թե ինչու դիվանագետներն իրենց հայտարարություններում միշտ հավասարության նշան են դնում ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, երբ ադրբեջանական ուժերն են խախտում հրադադարը, ասել է.

«Դիվանագիտությունն ունի հստակ կանոններ եւ հենց դրանք պահպանելով է, որ քաղաքական բարձրաստիճան այրերն արտահայտում են իրենց կարծիքը: Կան խաղի կանոններ, որոնք ընդունված են բոլոր երկրների կողմից, այդ թվում նաեւ ԵԱՀԿ-ի: Հասկանում եմ ձեր հարցը, բայց դիվանագիտության որդեգրած կանոնները մամուլի կանոնները չեն»:

Համաձայնվեք, որ այս իրավիճակը հետեւանք է նաեւ Հայաստանի ԱԳՆ-ի անգործության. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այս օրերին բացի ճամփորդություններից, որեւէ այլ հարցով չի զբաղվում: Այնինչ, նա իր հերթին պետք է ամեն ինչ աներ` ստիպելու ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներին արտահայտեին իրենց վերաբերմունքը: Կամ առնվազն հենց իրենք հանդես գային դատապարտող հայտարարությամբ:

Հ.Գ. Իսկ մինչ այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել հայկական տարածքում ադրբեջանցի դիվերսանտների ձերբակալման առնչությամբ, թե տարածքները, որտեղ հայտնաբերվել են ադրբեջանցիները, իբր իրենց տարածքներն են, եւ ոչ ոք չի կարող արգելել ադրբեջանցիներին գնալ ու ազատ տեղաշարժվել այնտեղ, ասել է թե` ըստ Ադրբեջանի` այդ անձինք պետական սահմանը չեն խախտել:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս