Անտառաշենի աշակերտների դպրոցի ճամփան դժվար է ու երկար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի Անտառաշեն համայնքը մոտ երեք ամիս է, ինչ համայնքի ղեկավար չունի, քանզի նախկին ղեկավար Վլադիմիր Ասլանյանը մահացել է: Նշանակվել են արտահերթ ընտրություններ: Թեկնածուները երկուսն են, եւ երկուսն էլ ՀՀԿ-ական` Ռաֆիկ Խառատյանն ու Ռազմիկ Ղումաշյանը: «Ժողովուրդ»-ը  առաջիկա ընտրությունների եւ համայնքի այլ խնդիրների շուրջ զրուցեց Ռազմիկ Ղումաշյանի հետ:

-Գյուղապետի ընտրություններում առաջի՞ն անգամ եք առաջադրում Ձեր թեկնածությունը:

-Առաջին անգամ եմ:

-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:

-Դե, գյուղի համար մի լավ բան անենք, էլի: Ես տեսնում եմ, թե ինչ վիճակում է մեր գյուղը եւ ուզում եմ, որ մի քիչ լավանա:

-Ի՞նչ վիճակում է գյուղը:

-Դպրոց, բուժկետ, մանկապարտեզ, փոստ չունենք, ոչ մի բան չունենք: Իսկ բնակչության թիվն էլ կլինի մի 300:

-Այդ դեպքում գյուղի աշակերտները որտե՞ղ են հաճախում դպրոց:

-Խեղճերը ստիպված 2 կմ ու կես քայլում են եւ գնում են հարեւան Լերմոնտովո համայնքի դպրոց:

-Երեխաներին տեղափոխելու համար փոխադրամիջոց չկա՞:

-Ավտոբուս կա, ուղղակի մարզպետարանը պետք է հովանավորի դիզվառելիքի համար: Այն էլ չեն տալիս:

-Եթե բենզինի գումարը չեն տալիս, ապա երեխաներն ի՞նչ են անում:

-Ոտքով են գնում  ու գալիս՝ մոտ 5 կմ: Ստիպված համայնքապետարանն իր բյուջեի հաշվին է բենզին տրամադրում:

-Գյուղի բնակիչներն աշխատատեղ ունե՞ն, թե՞ոչ:

-Կով են կթում ու կաթն էլ վաճառում են: Դրանով են ապրում: Դրա համա էլ պետք է ավտոբուս տրամադրենք բնակիչներին, որպեսզի կարողանան կաթը տանել Վանաձոր ու այնտեղ վաճառել:

-Այդ ավտոբուսի բենզինի գումարն էլ է մարզպետարանը վճարո՞ւմ:

-Չէ, նման բան չկա: Համայնքապետարանի փոքրիկ բյուջեի հաշվին է:

-Իսկ Ձեր եւ Ձեր մրցակցի միջեւ լարվածություն կա՞, թե՞ ոչ:

-Մի գյուղից ենք, իրար ճանաչում ենք, ոչ մի լարվածություն էլ չկա:

-Համոզելո՞ւ եք գյուղի բնակիչներին, որ Ձեզ ընտրեն:

-Չէ, ինչու համոզեմ: Բոլորս էլ իրար ճանաչում ենք, կցանկանան՝ կընտրեն:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք. կանցնե՞ք այս ընտրություններին, թե ոչ:

-Չգիտեմ: Չեմ կարող ասել:

-Դուք ինչքա՞ն ժամանակ է, որ ՀՀԿ-ական եք:

-Վաղուց է:

-Կուսակցությունն ընտրություններին օգնելո՞ւ է Ձեզ:

-Հավանաբար կօգնի:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 




Լրահոս