ԱՍՈՒՄ ԵՆ` ՀԱԿ-Ի ՀԵՏ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ «Հանրապետություն» կուսակցությունից միայն Արամ Սարգսյանն է լինելու Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակում: Այս մասին կուսակցության կայացրած որոշումից հետո լուրեր տարածվեցին, որ առաջիկա ընտրություններին մի շարք ընտրատարածքներում «Հանրապետություն»-ը թեկնածուներ կունենա:
Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Հանրապետություն»-ը հրաժարվել է նաեւ իր այդ մտադրությունից: Ըստ մեր տեղեկությունների` ՀԿ-ն տարաձայնություններ ունի Հայ ազգային կոնգրեսի հետ:
Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀԱԿ-ի հետ տարաձայնություններ ունի նաեւ մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:
Այս առիթով մի քանի հարց ուղղեցինք Անդրանիկ Քոչարյանին եւ  «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանին:  
-Պարո՛ն Մկրտչյան, տեղեկություններ կան, որ «Հանրապետություն» կուսակցության անդամները հրաժարվում են մեծամասնականով առաջադրվել, քանի որ տարաձայնություններ ունեք ՀԱԿ-ի հետ:
-Ձեր հարցերին կպատասխանի Արամ Սարգսյանը: Բայց նշեմ, որ մենք պայքարի մեջ ենք, որեւէ խնդիր չունենք, դրանք ընդամենը հերյուրանքներ են: Մենք որեւէ տարաձայնություն չունենք:
-Եթե նման բան չկա, կասե՞ք` կոնկրետ «Հանրապետություն» կուսակցությունից մեծամասնականով որտեղ են առաջադրվելու:
-Ճիշտն ասած,  էս քանի օր է` ես շատ զբաղված եմ եւ կոնկրետ վերջին դեպքերից տեղյակ չեմ: Ես 4-5 օրվա տվյալներ գիտեմ եւ ինչքան գիտեմ, դեռեւս ոչ ոք չի առաջադրվել: Համամասնականով վաղուց արդեն հայտարարություն արել ենք, Սարգսյանը կա, այդ դեպքում ինչպե՞ս մենք կարող ենք չպայքարել, դուրս մնալ, ինքը գնաց պայքարի, կուսակցությունը դո՞ւրս կմնա:
-Իսկ հնարավո՞ր է` Արամ Սարգսյանը մինչեւ ընտրությունները դուրս գա համամասնական ցուցակից կամ էլ ընտրություններից հետո մանդատից հրաժարվի:
-Նման բան չկա, կարող եք իրենից հարցնել` ընտրվելուց հետո մանդատից կհրաժարվի, թե ոչ: Դուք տեղյակ չե՞ք, որ այդ մարդն ասել է, որ ընտրվելուց հետո ինքը վայր կդնի մանդատը, ինչի դուք չգիտե՞ք այդ մասին: Անպայման ինտրիգնե՞ր եք փնտրում: Անպայման ուզում եք սուր պատասխաններ տանք, որպեսզի  լարվածություն ստեղծվի: Բացարձակապես, մենք որեւէ խնդիր չուենենք Հայ ազգային կոնգրեսի հետ: Մենք էլ այս ընտրություններին պայքարելու ենք եւ վերջ:
Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյան
-Պարո՛ն Քոչարյան,  Ձեզ շատ հազվադեպ կարելի է տեսնել ՀԱԿ-ի հետ, ինչո՞ւ:
-Եթե տեղյակ չեք, ասեմ, որ վերջին ժամանակներս առողջական խնդիր ունեի:
-Որքանով տեղյակ ենք, ոտքի հետ կապված ինչ-որ խնդիր ունեիք:
-Այո՛, ասում են` մոտ երկու ամիս էլ էսպես հատուկ կոշիկով ման կգամ, հետո արդեն սեփական ոտքերով: Ինչպե՞ս կարող եմ տարաձայնություններ ունենալ ՀԱԿ-ի հետ, եթե ես 4-5 օր առաջ եմ վերադարձել Հայաստան: Ես այստեղ չէի, ո՞ւմ հետ պետք է շփվեմ կամ տարաձայնություններ ունենամ: Եւ, ի վերջո, պարոն Քոչարյանը (նկատի ունի իրեն-Ս.Գ.) տարիներ շարունակ հանդես է եկել որպես անկախ փորձագետ: Մի քիչ սպասե՛ք, երկար մնամ էստեղ, եւ եթե տարաձայնություններ ձեւավորվի, այդ դեպքում Ձեր հարցն ուղղե՛ք:
-Ըստ շրջանառվող լուրերի` Դուք հատկապես տարաձայնություններ ունեք Լեւոն Զուրաբյանի հետ:
-Պարոն Քոչարյանը տարաձայնություններ կարող է ունենալ, ասենք, մարտի 1-ը կոծկողների հետ: Բայց պարոն Քոչարյանը տարաձայնությունների մեջ ինչո՞ւ պետք է լինի, եթե ինքը հանդես է եկել որպես անկախ փորձագետ:
-Դուք ՀԱԿ-ի համամասնական ցուցակում կա՞ք:
-Իսկ ցուցակը որեւէ մեկը տեսե՞լ է, ես տեղյակ չեմ ցուցակից:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս