ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես եւ սպասվում էր, «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքը չկայացավ: Սակայն կողմերը գտել են այլ լուծում` «Ազատ դեմոկրատներ»-ին ընդգրկելով «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում:
Բանն այն է, որ դաշինք կազմելու դեպքում ԱԺ-ում հայտնվելու համար այդ քաղաքական ուժը պետք է հավաքի նվազագույնը 7 տոկոս: Բայց քանի որ նրանց դեպքում սա լուրջ խնդիր է, որոշել են դաշինք չկազմել, այլ հանդես գալ մեկ ցուցակով. այս դեպքում արդեն պատգամավորական տեղեր ունենալու համար նրանցից կպահանջվի հավաքել 5 տոկոս: Այլ կերպ ասած` «Ազատ դեմոկրատներ»-ը որոշել են պարզապես օգտագործել «Ժառանգությանը»` իրենց տեղն ապահովելու համար: Կիրակի երեկոյան էլ հրապարակվել է համամասնական ցուցակի նախնական տարբերակը, որը լուրջ դժգոհությունների տեղիք է տվել առաջին հերթին հենց «Ժառանգություն»-ում: Այս կուսակցության անդամներից ոմանք մասնավոր զրույցներում չէին թաքցնում իրենց դժգոհությունը` հասկացնելով, որ ցուցակը կազմելիս իրենք տեղյակ չեն եղել:
Սակայն այս ամենի մասին բարձրաձայնեց միայն «Ժառանգության» վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, որը երեկ հայտարարեց նաեւ կուսակցությունից դուրս գալու մասին: Ըստ նրա` ինչպես իր, այնպես էլ կուսակցությունում շատերի համար ցուցակն անակնկալ է եղել, ավելին, այն չի կազմվել հիմնավորված կերպով: Հակոբյանի խոսքով` ցուցակը կազմվել է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իր մի քանի խորհրդականների հետ` փոխնախագահ, մամուլի քարտուղար եւ այլք: Հակոբյանը կարծում է, որ ցուցակի բովանդակությունը նվազեցրել է «Ժառանգության» շանսերը: Ի դեպ, այս ցուցակում չկա ոչ միայն տիկին Հակոբյանի անունը, այլեւ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի: «Ազատ դեմոկրատներ»-ից էլ ցուցակում չկա Արարատ Զուրաբյանի անունը, ով, ըստ 1in.am-ի, ԱԴԿ առաջնորդին առաջարկել է հրաժարվել «Ժառանգության» ցուցակից եւ գնալ առանձին: Իսկ պատգամավոր Անահիտ Բախշյանը ոչ անցողիկ տեղում է:
Նշենք, որ այս ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, նրան հաջորդում են Խաչիկ Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալիկ Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը, Թեւան Պողոսյանը եւ այդպես շարունակ: Իսկ  երեկ հրապարակված 25-հոգանոց ցուցակը եզրափակում է «Ժառանգությունի»-ց ժամանակին հեռացված, այնուհետեւ ՍԴՀԿ-ին անդամագրվելու փորձեր արած Վարդան Խաչատրյանը:
Ուշագրավն այն է, որ ցուցակում տեղ գտածներից Թեւան Պողոսյանն, օրինակ, ժամանակին սատարում էր Սերժ Սարգսյանին, ավելին, նա բազմիցս կողմ է արտահայտվել հայ-թուրքական արձանագրություններին: Մինչդեռ, հատկապես արձանագրությունների հարցում «Ժառանգություն»-ը մշտապես կտրականապես դեմ է արտահայտվել: Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մերձավոր շրջապատից է համարվում նաեւ համամասնական ցուցակում ընդգրկված ռադիոլրագրող Արաքս Պողոսյանը, սակայն, ըստ 1in.am-ի, նրա անունը կհանեն ցուցակից:
Ինչեւէ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, սակայն, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցնում էր, որ 2007թ. ԱԺ ընտրություններում Թեւան Պողոսյանը սատարել է «Ժառանգությանը», ինչ վերաբերում է Վարդան Խաչատրյանին, ապա, նրա խոսքերով, «աղմուկը բարձրացնողները լրագրողներն էին, վերադարձողը` ինքն իր կամքով»: Ինչ վերաբերում է Կարինե Հակոբյանի` կուսակցությունից դուրս գալուն, Սաֆարյանի ասելով` իրենք չեն տեսնում որեւէ խնդիր. «Կարինե Հակոբյանն ինքն իր կամքով է անդամակցել «Ժառանգությանը», գիտեք` բոլորովին վերջերս: Այնպես որ, նա ազատ է իր որոշումներում: Ուրախ ենք եղել նրան տեսնելու մեր թիմի մեջ, եւ տվյալ պարագայում խնդիր չեմ տեսնում»:
Հ.Գ. Ի դեպ, «Ժառանգություն»-ը որոշել է ՀՀ թվով 8 ընտրատարածքում թեկնածուներ առաջադրել մեծամասնական ընտրակարգով: Փոխարենը որեւէ մեկը չի առաջադրվում «Ազատ դեմոկրատներ»-ից:
Հնարավոր է նաեւ, որ փոփոխության ենթարկվի «Ժառանգության» ընտրացուցակը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս