Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տիրող ոչ առողջ մթնոլորտին «Ժողովուրդ»-ն արդեն իսկ անդրադարձել է, ներկայացրել ենք նաեւ թաստրոնի նախկին նկարիչ-բեմադրող Հովսեփ Մեսրոպյանի եւ գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի տեսակետն այդ ամենի շուրջ:
Երեկ, սակայն, պարզվեց, որ թատրոնի տնօրինությունը շարունակում է «վրեժխնդիր լինել» հեռացված նկարիչ-բեմադրողից: Բանն այն է, որ Վանաձորում փակցված` Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մեր մեղքը» ներկայացման ազդագրում նշված է միայն ռեժիսոր Ջանիկ Ավետիսյանի անունը` որպես բեմադրիչ, իսկ երաժշտական ձեւավորող Սեդրակ Զարգարյանի եւ նկարիչ-բեմադրող Հովսեփ Մեսրոպյանի անունները չկան:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք հեղինակային իրավունքի խախտում չէ սա: «Այդ կարգի պաստառների վրա չի գրվում այն ամենը, ինչ հետաքրքրում է: Ոչ, հեղինակային իրավունքը դրանով չի լինում, հեղինակային իրավունքը փոխանցվում է», -ասաց Վահե Շահվերդյանը, ում անունը, ի տարբերություն այս ստեղծագործության հեղինակների, պատվավոր նշված է ազդագրում:
Բանն այն է, որ Սեդրակ Զարգարյանը եւս թատրոնի ղեկավարության հետ լարված հարաբերությունների մեջ է, իսկ Հովսեփ Մեսրոպյանն, ինչպես արդեն նշվեց, ղեկավարության կողմից անձնական հետապնդումների պատճառով, այժմ հեռացված է թատրոնից:
«Մեր մեղքը» ներկայացումը բեմադրվել է անցյալ տարի, խաղացվել է մոտ 7 անգամ, եւ ստեղծագործողների խոսքով` ներկայացման ազդագրում իրենց բոլորի անունը նախկինում նշվել է: Ուշագրավ է նաեւ, որ այս պաստառի կողքին մյուս ազդագրերի վրա ստեղծագործական կազմերը նշված են ամբողջությամբ:
Ինչ վերաբերում է հեղինակային իրավունքին, ապա ի գիտություն Վահե Շահվերդյանի՝ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով` ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով: Ստեղծագործությունը համարվում է ստեղծված, եթե այն արտահայտված է ընկալելու հնարավորություն թույլատրող որեւէ օբյեկտիվ ձեւով եւ կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից եւ որեւէ այլ գործողության կատարումից:
Նույն օրենքի 7-րդ հոդվածով` երկու կամ ավելի անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է համահեղինակներին համատեղ՝ անկախ ստեղծագործության կառուցվածքից: Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջեւ կնքված պայմանագրով. Պայմանագրի բացակայության դեպքում ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է բոլոր հեղինակներին համատեղ:
Իսկ նշված օրենքով` միանշանակ հեղինակային իրավունքի օբյեկտների թվում են՝ դրամատիկական եւ երաժշտադրամատիկական ստեղծագործությունները, սցենարները, սցենարային պլանները, լիբրետոները եւ բեմական ցուցադրման այլ ստեղծագործությունները:
Ադրինե Թորոսյան
Վանաձոր