էլեկտրաէներգիայի թանկցման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» թիմը հայտարարություն է տարածել, որով կառավարությունից պահանջում է ստեղծել անկախ հանձնաժողով` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշումը վերանայելու համար:
Նման պահանջով թիմի անդամներն օգոստոսի 1-ի երեկոյան՝ ժամը 19:00-ին, Մատենադարանի մոտից բողոքի երթ են անցկացնելու` կառավարությունից պահանջելով նաև էլեկտրաէներգիայի սակագինը թողնել անփոփոխ՝ մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը:
Երթի մասակիցներն իրենց հետ ունենալու են մոմեր և կոչ են անելու քաղաքացիներին` անջատել իրենց բնակարանների էլեկտրական սարքավորումներն ու լույսերը` ի նշան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրենց բողոքի:
Հիշեցնենք, որ հենց օգոստոսի 1-ից է ուժի մեջ մտնում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած նոր սակագինը:
Օգոստոսի 1-ից սպառողներն իրենց սպառած էլեկտրէներգիայի դիմաց պետք է վճարեն արդեն 10 %-ով ավելի թանկ՝ 1 ԿՎտ/ ժամ-ի դիմաց նախկին 38 դրամի փոխարեն 42 դրամ: