80-ամյա միայնակ թոշակառու Հրանուշ Վարդանյանին տեղացիները «Ռոբինզոն տատիկ» են կոչում: Հրանուշ տատիկը հաշմանդամ է, չի ամուսնացել, չունի ոչ մի հարազատ, ամբողջ կյանքում ապրել է միայնակ` Հրազդանի Վանատուր թաղամասի կիսաքանդ տնակում: Թեեւ տնակ բառն այս դեպքում չափազանցություն է:
Դա ընդամենը տանիք է, որտեղ ոչ մի կոմունալ հարմարություն չկա. ոչ ջուր, ոչ սանհանգույց: Ծեր կինն իր բնակարանում ընդհանրապես ոչինչ չունի. քնում է գետնին փռված ներքնակների վրա, ջուրը կրում է դրսից, անհիշելի ժամանակներից էլ լույս չունի (անջատել են վարձը չվճարելու պատճառով): Տնակը փայտից է, որի պատերը տեղ-տեղ պոկված են. լույս չունենալու պատճառով ծեր կինը փայտերը պոկել եւ ձմռանը վառել է: Ինչպես ինքն է ասում` ամեն ձմեռ տնակը բարակում է:
Հրանուշ տատիկն ապրում է թոշակ-նպաստով. մոտակա խանութից պարտքով ուտելիք է վերցնում, նպաստը ստանալուց հետո` վճարում:
Հրանուշ տատիկի կյանքի միակ երազանքը գոնե մեկ օր մարդավայել ապրելն է: Բակում ունի տարածք, որտեղ կարելի է կառուցել մի փոքր տուն: Շատ է դիմել պատկան մարմիններին, որպեսզի ձեռք մեկնեն,օժանդակեն փոքր-ինչ,բայց…Վերջին օգնությունը Կոտայքի նորանշակ մարզպետ Արամ Հարությունյանից էր՝100դոլար: Հիմա հուսահատ դիմում է մեզ: Ասում է. «Չեմ ամաչում, ցույց տվեք, թող բոլորն էլ իմանան, որ շան կյանք եմ քաշում, ընդամենը մեկ օր, մեկ օր մարդավայել ապրել եմ ուզում, առանց «Ռոբինզոն»-ի պիտակի»:
Արեւիկ Հակոբյան
Հրազդան