Կոալիցիոն ուժերի մեջ մրցավազքը գնալով ավելի սուր բնույթ է ստանում: Այդ հանգամանքն առավել ցայտուն երեւաց շաբաթ օրը տեղի ունեցած ԲՀԿ համագումարի ժաման ակ, երբ ԲՀԿ-ն փորձում էր ամենաուժեղ ու ամենահզոր ուժի տպավորություն ստեղծել:
Ի տարբերություն ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի` ԲՀԿ-ն իր համագումարն անցկացրեց Մարզահամերգային համալիրի ամենամեծ դահլիճում: Մասնավոր զրույցներում նրանք չէին էլ թաքցնում իրենց հրճվանքը. այս համագումարն իր պատվիրակների թվով ամենամեծն էր ՀՀ կուսակցությունների պատմության մեջ: ԲՀԿ-ն առանձնացավ նաեւ օտարերկրյա հյուրերի առատությամբ. համագումարը ողջունելու էին եկել ոչ միայն ԱՊՀ մի քանի երկրից, այլեւ Չինաստանից: Միակ բանը, որով ԲՀԿ-ն զիջեց ՀՀԿ-ին, «Եդինայա Ռոսիա» կուսակցության ողջույնն էր. նրանց ուղերձ էր հղել ոչ թե ՌԴ նախագահ Պուտինը, այլ ՌԴ պետդումայի նախկին ղեկավար Բորիս Գրիզլովը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը դեռեւս շաբաթ օրը գրել էր, որ Պուտինի ուղերձը չի լինելու` չնայած Ռոբերտ Քոչարյանը հատուկ դրա համար Մոսկվա էր մեկնել:
Ընդհանրապես, այս համագումարը եւս հիշեցնում էր խորհրդային հին ու բարի ժամանակները: Միայն թե` եթե ՀՀԿ-ի միջոցառումը ՍՄԿԿ համագումարներին նմանվում էր իր ձանձրալիությամբ, ապա ԲՀԿ-ինն առանձնացավ միջոցառման ընթացքում տիրող անձի պաշտամունքի մթնոլորտով:
Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի` դահլիճ մտնելը հայտարարվեց հատուկ հանդիսավորությամբ ու անմիջապես լսվեց ծափողջույնների ձայնագրություն: Դահլիճը գլխի ընկավ` պետք է հոտնկայս ծափահարել: Ու այդպես ծափերով խլացրին ձայնագրությունը: Սերժ Սարգսյանն առանձնապես ուշադրություն չդարձրեց, երբ համագումարում անվանապես ողջունեցին իրեն, փոխարենը նա ուշադրությամբ թերթում էր ԲՀԿ բրոշյուրը: Համագումարն ընթացավ սովորականի նման, մինչեւ ԲՀԿ-ին ողջունելու համար ամբիոնին չմոտեցավ ՀՀ-ում Չինաստանի դեսպանի պաշտոնակատարը: Նա ելույթն ընթերցում էր իրենց մայրենի լեզվով, այնուհետեւ թարգմանում ռուսերեն: Ու դեսպանի` չինարեն խոսքի ժամանակ դահլիճի առաջին շարքում նստածները հազիվ էին զսպում իրենց բարձր ծիծաղը: Իսկ մյուսները բացահայտ հռհռում էին: Հնարավորինս փորձում էին լուրջ երեւալ նաեւ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը, մինչդեռ Արթուր Բաղդասարյանն այդ ընթացքում անընդհատ թեքվում էր Ս.Սարգսյանի կողմն ու ծիծաղելով ինչ-որ բաներ ասում:
ԲՀԿ համագումարի կիզակետը, սակայն, Գագիկ Ծառուկյանի ելույթն էր: Նա անխնա քննադատեց տիրող արտագաղթը, սոցիալ-տնտեսական իրավիճակը: Ընդ որում, Ծառուկյանը թեկուզ անհասցե, բայց այնպես էր քննադատում իշխանություններին, որ կնախանձեին անգամ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: «Մեր մեծ հայրենակից Շառլ Ազնավուրի հարցադրումը, թե ինչպես կանգնեցնել արտագաղթի աղետալի գործընթացը, վստահ եմ, ունի հստակ պատասխան. պետք է ամեն ինչ անել, որ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փոխվի, երկրի գործարար միջավայրը բարելավվի, ստեղծվեն նոր աշխատատեղեր, եւ լուծվի ամենակարեւոր խնդիրը` զբաղվածության խնդիրը»,-ասաց նա: Ծառուկյանը նաեւ խոսեց փոքր ու միջին բիզնեսի մասին: «Փաստն այն է, որ մեզանում փոքր եւ միջին բիզնեսը մնաց, բառիս բուն իմաստով, անտեր: Մի զգալի մասը փակվեց եւ հեռացավ երկրից»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա, Ծառուկյանի խոսքերով, դրանք պետք է անցնեն ազատ եւ արդար. «Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ընտրությունները լուրջ մարտահրավեր են մեր երկրի համար. մեզ պետք է ոչ թե թշնամանքի, այլ սթափ մրցակցության մթնոլորտ: Թշնամանքով երբեք որեւէ խնդիր չի լուծվել եւ չի լուծվելու: Մեկ բան հստակ է` արդար մրցակցութուն: Արդար ընտրությունների անցկացման շուրջ պետք է համախմբվի ողջ քաղաքական դաշտը, հասարակությունը»: Ընդդիմադիր շեշտադրումները շատ ավելի սուր էին վերջերս ԲՀԿ-ական դարձած ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ելույթում: Նա, մեջբերելով վերջերս անցկացված մարդահամարի տվյալները, ասաց, թե արտագաղթն այն աստիճանի է հասել, որ արդեն անցել ենք 3 մլն-ի` անգամ հոգեբանական շեմը: «Այսինքն` մենք իջել ենք 3 միլիոնի հոգեբանական շեմից, եւ այլեւս չենք կարող ասել, որ 3-միլիոնանոց երկիր ենք, որովհետեւ չենք: Ակնհայտ է, որ եթե առաջիկա տարիներին Հայաստանում սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ բարոյա-հոգեբանական իրավիճակը կտրուկ չփոխվի, ոչ հեռու ապագայում մենք արդեն հատած կլինենք 2,5 միլիոնի շեմը»,-նշեց Օսկանյանը:
Այս ողջ քննադատությունը ԲՀԿ-ն հնչեցրեց հենց Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Ու տպավորություն էր, որ Սարգսյանին իրենց համագումարին էին կանչել այս ամենը հրապարակայնորեն նրա դեմքին ասելու համար: Սա, իհարկե, հաջողված կարելի էր համարել, եթե քննադատողը լիներ իրապես ընդդիմադիր ուժ, այլ ոչ թե կոալիցիայի ներկայացուցիչ: Իսկ ԲՀԿ-ն շատ ավելի ազնիվ կվարվեր, եթե այսքանից հետո դուրս գար կոալիցիայից ու վայր դներ իր նախարարական պորտֆելները: Կամ էլ խոսեր ստեղծված իրավիճակի համար իր պատասխանատվության մասին: Ի վերջո, 5 տարի շարունակ լինելով իշխանության մեջ, ունենալով նախարարական 4 պորտֆել` ԲՀԿ-ն եւս մեղավոր է երկրում ստեղծված իրավիճակի համար:
Հ.Գ. Ձայնը, կեցվածքը, հագուստը քաղաքական կապիտալ է: Սակայն այս կարեւորագույն բանը ԲՀԿ-ում կարծես թե չէին հասկացել եւ համագումարը վարելու գործը վստահել էին ակնհայտ ձայնային խնդիրներ ունեցող ԲՀԿ շտաբի ղեկավար Վարդան Վարդանյանին` այդպիսով փչացնելով համագումարի պերճանքը:
ԲՀԿ-Ն ՔՆՆԱԴԱՏԵՑ ԻՆՔՆ ԻՐԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ