ՄԱՐԶՊԵՏԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 100 ՀԱԶԱՐ ԱՐԺԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Թամրազյանը վճռեց հօգուտ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի «Ժողովուրդ» օրաթերթից բռնագանձել 200 հազար դրամ եւ պարտադրել հերքում: Իսկ «Ժողովուրդ»-ի ներկայացրած հակընդդեմ հայցը, առանց որեւէ մեկնաբանության, դատավորը մերժեց:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով` դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցի հաղթանակն ապահովելու համար: Այս հրապարակումից մարզպետը վիրավորվել էր եւ «Ժողովուրդ»-ից պահանջում էր 2,5 մլն դրամ` իրեն զրպարտելու եւ վիրավորելու դիմաց: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթն էլ հակընդդեմ հայցով մարզպետից հրապարակային ներողություն էր պահանջում` սիմվոլիկ մեկ լումայի փոխհատուցմամբ, քանի որ Պողոսյանն իր անպատասխանատու հայտարարություններով արատավորել է «Ժողովուրդ»-ի բարի համբավը: Սակայն դատավորը կարծում է, որ օրաթերթի հեղինակությունը չի տուժել:
Եւ այսպես, դատավոր Արթուր Թամրազյանը, ով առաջին հայացքից տառաճանաչ էր թվում, այնուամենայնիվ համոզվել է, որ ուրիշի ուղղակի խոսքով գրված «կաշառք է վերցրել» արտահայտությունը խիստ նսեմացնում է մարզպետի պատիվն ու արժանապատվությունը, քանի որ որպես գործադիր իշխանության եւ քաղաքական ուժի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, արատավորվել է Պողոսյանի բարի համբավը:  
Գավառում երեւանցի տղա աշխատող Թամրազյանն ամիսներ շարունակ այդպես էլ չհասկացավ, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 1-ին կետի համաձայն` լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության եւ բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 2-րդ կետի համաձայն` լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա` հրապարակային ելույթի… բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին:
Այսինքն` «Ժողովուրդ»-ը պահպանել է օրենքների, էթիկայի ու բարեխղճության բոլոր նորմերը: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի եւ 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով` իրականացրել մասնագիտական օրինական գործունեություն եւ բառացի վերարտադրել ինչպես մարզպետ Նվեր Պողոսյանին կաշառք վերցնելու մեջ մեղադրող Աննա Թորոսյանի, այնպես էլ մարզպետի խոսքերը:
Սակայն այս պարզ ճշմարտությունը չհասկանալով` դատավոր Թամրազյանը վճռել է. ««Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից հօգուտ Նվեր Ղազարի Պողոսյանի բռնագանձել երկու հարյուր հազար ՀՀ դրամ, որից 100 հազար ՀՀ դրամը որպես փոխհատուցման գումար, 100 հազար ՀՀ դրամը որպես փաստաբանի վարձատրության գումար: «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ Նվեր Ղազարի Պողոսյանի, երրորդ անձ Աննա Թորոսյանի` պատիվն ու արժանապատվությանն արատավորող տեղեկությունները հերքելու եւ զրպարտության փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին, մերժել»:
Այսպիսով` «Ժողովուրդ» օրաթերթը, տպագրելով Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել, «մեղավոր» դուրս եկավ, իսկ Աննա Թորոսյանն ու մարզպետ Նվեր Պողոսյանը` անմեղ «հրեշտակներ»: Եւ փոխանակ մարզպետն Աննային դատի տար` իրեն ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար, «Ժողովուրդ»-ից է ցանկանում 100 հազար դրամով գնել իր պատիվը: Եւ լավ է, որ դատավորը պաշտոնապես արձանագրեց` մարզպետ Նվեր Պողոսյանի արժանապատվությունը ոչ թե 2,5 մլն արժե, այլ ընդամենը 100 հազար ՀՀ դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը կարծում է, որ ի հեճուկս ամբոխահաճո հայտարարությունների` մամուլի, խոսքի ազատության, Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀՀ դատական համակարգը ծառայեցնել իրենց եւ համապետական ընտրություններից առաջ լռեցնել մամուլը: Որպեսզի այսուհետ թերթերը երկմտեն` այս պաշտոնյայի մասին արժե՞ որեւէ թթու խոսք գրել:
Բայց ո՛չ, պարոնա՛յք, ձեզ չի հաջողվի լռեցնել «Ժողովուրդ»-ին: Մենք կշարունակենք բարձրաձայնել հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող արատավոր երեւույթների մասին` անգամ տարաբնույթ տուգանքների արժանանալու պարագայում: Այնպես որ, բարգավաճ երկիր կառուցելու եւ փոխվելու խոստումներ շռայլելու փոխարեն, ազնի՛վ եղեք` գոնե ինքներդ ձեզ հետ: Ի վերջո, կա՞ մարդ Հայաստանում, որ հավատում է` ՄԱՐԶՊԵՏ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿԱՇԱՌՔ ՉԻ ՎԵՐՑՐԵԼ… Ուրեմն «Ժողովուրդ»-ը չի պարտվել դատարանում` չնայած դատավորի կայացրած խղճուկ վճռին:

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»




Լրահոս