Armlur.am-ն այս անգամ կներկայացնի Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի տեղակալների ունեցվածքն ու կարողությունը: Բայց մինչ այդ կներկայացնենք նաև նախարարի դրամական միջոցները:
Նարեկ Սարգսյանն ունի երկու հողամաս, մեկ անհատական բնակելի տուն, մեկ բնակարան և մեկ ավտոտնակ: Նա ունի 7 մլն դրամ, 6000 դոլար և 3500 եվրո: Իսկ մեկ տարվա ընթացքում կարողացել է ձեռք բերել 8 մլն դրամ:
Նրա տեղակալ Արամ Բադալյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը և այդ նույն կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանի` Քաղաքաշինության նախարար դառնալուց հետո, նշանակվեց նրա տեղակալ: Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ներկայացրած հայտարարագրում Բադալյանը նշել է մեկ բնակարան: Նրա կարողությունը, ըստ այդ հայտարարագրի, կազմում է 54 հազար դոլար: Իսկ մեկ տարվա ընթացքում, հիմնականում աշխատանքի վարձատրություններից կարողացել է 5 մլն դրամ վաստակել:
Քաղաքաշինության նախարարի մյուս տեղակալն Արմեն Ղուլարյանն է, ով նախկինում զբաղեցնում էր Տավուշի մարզպետի պաշտոնը: Պաշտոնը ստանձնելու ժամանակ ներկայացրած հայտարարագրի համաձայն` նա ունի 12 մլն դրամ և 45 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում Ղուլարյանի եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատանքի վարձատրությունը` 3,095,928 դրամ: