Ինչպես էր 1998թ. ձեւավորվում Քոչարյանի իշխանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1998թ-ին . Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները տրամաբանական է, որ չէին կարող վրիպել դիվանագիտական շրջանակների ուշադրությունից: Ուստի պատահական չէ, որ Քոչարյանի` Հայաստանի նախագահ դառնալու ու դրա հնարավոր հետեւանքների մասին ԱՄՆ Կոնգրեսում համապարփակ վերլուծություն է իրականացվել, ինչն էլ հրապարակայնացվել է «Վիկիլիքս»-ի շնորհիվ:

Փաստաղթղի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Կարոլ Միգդալովիչն է, ով այս ուսումնասիրության մեջ քննարկում է իշխանափոխության հետեւանքները, դրա ազդեցությունը ԼՂ եւ հայ-թուրքական հարաբերությունների վրա: Ուշագրավ է ԱՄՆ պետական բարձրագույն մարմինների վերաբերմունքն իշխանափոխության ու հատկապես Քոչարյանի` նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հեղինակը տեղեկացնում է, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականին հետեւած արտահերթ ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել 1998թ. մարտի 16-ին, որի ընթացքում 12 թեկնածուներից հիմնականներն էին Ռոբերտ Քոչարյանը, 1996թ. նախագահի ընտրությանը պարտված Վագզեն Մանուկյանն ու Կարեն Դեմիրճյանը, ով 1974-88թթ. ղեկավարել է կոմունիստական Հայաստանը, իսկ պաշտոնաթողությունից հետո նախընտրել քաղաքականապես պասիվ կենցաղավարությունը:

Կոնգրեսի փորձագետը նկատում է, որ թեկնածուներից ոչ ոք չի ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը, ուստի անցկացվել է երկրորդ փուլ Կ.Դեմիրճյանի ու Ռ.Քոչարյանի մասնակցությամբ` նույն թվականի մարտի 30-ին: Ամերիկացիները Դեմիրճյանի` մեծաքանակ ձայներ ստանալու փաստը բացատրում են այն հանգամանքով, որ իբր հայ հասարակությունը տարված էր տնտեսական եւ մյուս բնագավառներում անցյալի կայուն հարաբերությունների նոստալգիայով:

Արձանագրելով երկրորդ փուլի արդյունքը` Միգդալովիչը փաստում է, որ Քոչարյանը ստացել էր 59,49 %, իսկ Դեմիրճյանը` 40,51 %: ԵԱՀԿ ուղղարկած դիտորդները ղեկավարվել են ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեմ Բրաունի կողմից: Նախնական զեկույցի համաձայն` ընտրական գործընթացն, ի համեմատություն 1996թ., «Ժողովրդավարության հաստատման ուղղությամբ մեկ քայլ առաջ էր», թեպետ ուղեկցվել է խախտումներով, որոնք վերջնարդյունքի վրա ազդեցություն չեն ունեցել:

Հեղինակը, սակայն, համեմատության համար հիշատակում է նաեւ վերջնական զեկույցի համապատասխան հատվածը, որով արձանագրվել է, որ 1996թ. ընտրությունը չի կարող լինել 1998թ. ընտրության գնահատման չափանիշ, քանզի այն չի համապատասխանել ԵԱՀԿ առաջ Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Զեկույցում բացակայում է նաեւ հստակությունը, թե ինչպիսի նշանակություն են ունեցել ընտրախախտումները եւ որքան է եղել դրանց ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա:

Փաստաղթղի հեղինակի ուշադրությունը գրավել են Քոչարյանի հայտարարությունները, ըստ որոնց` Հայաստանի տնտեսական դժվարությունների պատճառը միայն շրջափակումները չեն: Ըստ այդմ` կառավարությունը կենտրոնանալու է տնտեսական շինարարության վրա: Հատկանշական է, որ Քոչարյանը, կարելի է ասել, մասամբ կատարեց իր խոստումը, բայց երկրի տնտեսության զարգացման փոխարեն կենտրոնացավ սեփական բարեկեցության վրա, ինչի մանրամասն պատկերը ժամանակին ներկայացրել էին ռուսական պարբերականները:

Ի դեպ, օտարերկրացիների ուշադրության կենտրոնում է եղել Քոչարյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանին էլեկտրաէներգիա մատակարարող երկիր: Ավելացնենք, որ Քոչարյանի հախուռն ջանքերով իշխանության եկած Սերժ Սարգսյանն ու իր կառավարությունը հաջողությամբ ավարտին հասցրին նաեւ այս խոստումը. այսօր Հայաստանը էլեկտրաէներգիա է ներկրում Վրաստանից:

Շարունակելով իրավիճակի ներկայացումը` Միգդալովիչը ներքաղաքական իրավիճակը որակում է որպես անկայուն ու փոփոխական: ՀՅԴ-ի` քաղաքական դաշտ վերադառնալու փաստին փորձագետը հակադրում է ՀՀՇ-ի` ստվերում մնալը: Անդրադառնալով նախկին իշխանությունների նկատմամբ նորերի վերաբերմունքին` փորձագետն արձանագրում է, որ «բացի Ղարաբաղի հիմնահարցից, Քոչարյանը Տեր-Պետրոսյանին չի քննադատել»:

Ամփոփելով զարգացումները` հեղինակը տեղեկացնում է, որ Քոչարյանի ընտրությամբ տարբեր շրջանակների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե խաղաղության հաստատման գործընթացը կասեցված է. «Բայց եւ այնպես, Տեր-Պետրոսյանի անկումն ու Քոչարյանի վերելքը ցույց տվեցին, որ առաջինի քաղաքականությունը ներքին աջակցություն մեծ մասամբ չուներ»: Հակադրվելով այս մոտեցմանը փորձագետը նկատում է, որ հակամարտության լուծման գործում ոչ մի տեղաշարժ չկա, ուստի Քոչարյանի հայտարարությունները ոչ հետընթաց էին, ոչ էլ առաջընթաց:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա այստեղ խնդիրներն ավելի շատ են», քանզի նոր կառավարությունը հայտարարել է, որ երկխոսության մեջ պետք է ներառվի նաեւ Ցեղասպանության ճանաչման հիմնահարցը, ինչի հետ թուրքերը կտրականապես համաձայն չեն: «Սա հակադրության մեջ է Տեր-Պետրոսյանի մոտեցման հետ, ըստ որի` պատմությունը պետք է մի կողմ դնել եւ կենտրոնանալ ներկայիս հրատապ խնդիրների վրա»:

Ներկայացնելով ԱՄՆ բարձրագույն իշխանության մոտեցումները` Միգդալովիչը նկատում է, որ «Պետդեպը ընդունում է Հայաստանի պաշտոնական դիրքոշորումը, ըստ որի իշխանափոխությունը տեղի է ունեցել սահմանդրական ճանապարհով:

Նժեհ Հովսեփյան




Լրահոս