Տավուշի մարզի Մովսես գյուղում թշնամու կողմից պարբերաբար հնչող կրակոցները սովորական երևույթ են դարձել:
Armlur.am-ի հետ զրույցում Մովսեսի համայնքապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ ժամեր առաջ հնչած կրակոցների հետևանքով հացահատիկի հավաքման գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է:
Գյուղապետը հայտնեց, որ իրենք հստակ չեն կարող ասել` երբ կսկսվեն աշխատանքները, թեպետ այս պահին համեմատաբար հանգիստ է:
«Կոմբայնի ուղղությամբ են հնչել կրակոցները, հիմա այդ տարածքները հնձել չի լինում: Մեծ խնդիր է դարձել: Կոմբայնը տարածքից գիշերը հանել ենք, ուղարկել ավելի ապահով տարածք, մինչև տեսնենք` ինչ է լինելու»,- տեղեկացրեց Արարատ Ավալյանը` հավելելով, որ դիմել են Կարմիր խաչին, որպեսզի անվտանգությունն ապահովեն: Եվ դրանից հետո միայն հնարավոր կլինի հանգիստ անցնել հացահատիկի հավաքմանը:
«Եթե ուշ հավաքենք, տոկոսային կորուստներ կունենանք: Բայց չենք կարող հստակ ասել` որքան կլինի վնասի չափը: Երբ հացահատիկը հասունանում է, մի կողմից ծիտն է քաշում, մյուս կողմից` մուկը, մյուս կողմից էլ, հնարավոր է, անձրև լինի»,- շարունակելով խոսքը` ասաց Մովսեսի գյուղապետը` միաժամանակ նշելով, որ այլ կորուստներ, բարեբախտաբար, չեն եղել: