Քանի անչափահաս հանցագործ կա Հայաստանում, և քանիսն են պատիժ կրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի գրանցվել է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թվաքանակի նվազում:

Նախորդ տարվա 180 հանցագործի փոխարեն՝ այս տարի նրանց թիվը 160-ն է, իսկ հանցագործությունների 212 դեպքերի փոխարեն՝ 180-ը:

Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանը, ով հավելեց, որ առավել շատ հանցագործ անչափահասներ կան Շիրակի և Լոռու մարզերում:

Նելլի Դուրյանի փոխանցմամբ` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների պատճառը ոչ այնքան սոցիալականն է, որքան ծնողների դաստիարակությունը:

«Այս տարի նվազել են խուլիգանությունների, մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը, ինչպես դպրոցներում, այնպես էլ փողոցներում: Մինչ այսօր, իհարկե, արձանագրվում են դեպքեր, որոնք լինում են հասարակական վայրերում: Վերջերս կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերել ենք սառը զենք»,- շարունակելով խոսքը` ասաց Նելլի Դուրյանը` միաժամանակ նշելով, որ նվազել են նաև թմրանյութերի իրացման դեպքերը:

Անչափահասների գծով բաժնի պետի փոխանցմամբ` 300 իրավախախտ անչափահասից այս պահին ՀՀ ՔԿՀ-ներում կա պատիժ կրող ընդամենը 10 անչափահաս:

«Այս տարի ունենք սպանության դեպք: Թրաֆիքինգի դեպքերից հայտնաբերվել է աշխատանքային թրաֆիքինգի դեպք: Սեռական բնույթի թրաֆիքինգ դեպք դեռ չկա: Ավելացել են անօրինական զենք կրելու դեպքերը. նախորդ տարվա 4-ի փոխարեն՝ այս տարի 7-ն է»,- ասաց Նելլի Դուրյանը:

Վերջինիս տեղեկացմամբ` ինչպես բոլոր տարիներին, առաջին տեղում գողություններն են: Երկրորդ տեղում մարմնական վնասվածքներն են, մնացած հանցատեսակները` քիչ տոկոս են կազմում:

Տեսակարար կշիռը, 2,4%-ի փոխարեն, այս տարի 1,8% է:

Կրկնահանցագործ անչափահաս այս տարի դեռևս չկա, իսկ նախորդ տարի եղել են երկու անչափահասներ:

Նելլի Դուրյանը հայտնեց, որ ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերը նույնպես նվազել են: Նախորդ տարվա 19-ի փոխարեն՝ այս տարի 16-ն է: Նախորդ տարի ինքնասպանության դեպքերից 4-ն ավարտվել է մահով, 4-ը՝ կախվելու միջոցով: Իսկ այս տարի 16-ից 12-ն է մահով ավարտվել:

«1995-ից զգացվում է հանցագործությունների շարունական նվազում: 1997-ին ամենաշատն էր: Այն ժամանակ Նուբարաշենի հատուկ դպրոց է եղել, որն իսկապես իր դրական արդյունքը տվել է: 655 անչափահաս հանցագործ ունեինք այն ժամանակ: 2013-ին՝ 301, հիմա` 122 է»,- պատմեց Նելլի Դուրյանը:




Լրահոս