ԺԱԿ-Ը ՍԱՏԱՐԵԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունը համաժողով էր հրավիրել: Կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ ԺԱԿ-ի ազգային կոմիտեն որոշում է ընդունել, համաձայն որի` կուսակցությունը մասնակցելու է ԱԺ առաջիկա ընտրություններին եւ սատարելու է Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Կուսակցության համաժողովին ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանն ու ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը:
Մելիքյանն իր ելույթում նշեց, որ համաժողովն իրենց համար նշանակալի է երկու առումով. նախ, որ մեկ ամսից լրանում է «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության հիմնադրման 8-րդ տարեդարձը: «Սակայն մեզ համար այս համաժողովը հիմնականում կարեւորվում է քաղաքական լրջագույն մի շարժառիթով, որն այսօր ուղղակիորեն բխում է Հայաստանում լայնորեն մեկնարկած նախընտրական գործընթացների տրամադրությունից»,-մանրամասնեց ԺԱԿ նախագահը:
Կուսակցության առաջնորդը հիշեցրեց, որ ԺԱԿ-ը քաղաքական ասպարեզ է մտել 2004 թվականին` նպատակ ունենալով իր անմնացորդ նվիրումով, առաջադեմ գաղափարներով եւ ծրագրերով մասնակից դառնալ Հայաստանի հզորացման եւ հայ ժողովրդի բարեկեցության ապահովման գործին: «Մեր կուսակցությունը որոշեց վեր կանգնել նեղ կուսակցական, անձնական ամբիցիաներից եւ սատարել նախ Հանրապետական կուսակցությանը, ապա նաեւ Սերժ Սարգսյանին: 2007 թվականին մեզ հաջողվեց մեր շուրջը համախմբել հասարակական հնչեղություն ունեցող գործերին մեծ ակտիվություն դրսեւորած մի շարք կազմակերպությունների, որոնց հետ համակողմանի համագործակցությունը լայն թափով շարունակվում է մինչ օրս, բայց ավելի համալրված կազմով»,-հայտարարեց Մելիքյանը:
ԺԱԿ ղեկավարն ասաց, որ կուսակցության համար հերթական պատասխանատու քաղաքական որոշումն են կայացրել, որով էլ կանխորոշվել է ԺԱԿ մասնակցության ձեւաչափը սպասվող համապետական ընտրություններում: Վերջինս նշեց, որ կուսակցությունն ԱԺ ընտրություններին սատարելու է Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ին: «Այս որոշումը կայացնելիս ԺԱԿ ղեկավարությունը, անշուշտ, առաջնորդվել է նաեւ Հանրապետականի հետ անցած 5 տարիների հաջող համագործակցության փորձով, ԺԱԿ-ի համար կարեւորվել է այն սկզբունքայնությունն ու հետեւողականությունը, որը ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստ են դրսեւորել մեր երկրի եւ ժողովրդի համար կենսական նշանակության հարցերում»,-ասաց Ս. Մելիքյանը:
 «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության առաջնորդը ասաց նաեւ, որ գարդմանահայերը` աշխարհասփյուռ հայության հետ միասին, շարունակում են հուսալ, որ վաղ, թե ուշ պատմական Գարդմանքը` հարակից հայկական այլ գավառների հետ միասին, պիտի անպայման ազատագրվի եւ վերամիավորվի մայր հայրենիքին. «Համոզված եմ եւ դա ասում եմ որպես գարդմանցի, որ այսօր իմ հայաստանաբնակ համերկրացիներն ու նրանց հարցերով զբաղվող բազմաթիվ հասարակական կազմակերպությունները վստահապես հանդես կգան համապատասխան սատարող հայտարարությամբ եւ իրենց ուժերի ներածին չափով կմոտեցնեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժի` ՀՀԿ-ի հաղթանակը մայիսի 6-ին համապետական ընտրություններում. ուրեմն, եկե՛ք հավատանք, որ փոխենք»:
Ելույթ ունեցան նաեւ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանն ու Գագիկ Մելիքյանը: Վերջինս ՀՀԿ-ի եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանի անունից ողջունեց ԺԱԿ համաժողովը: «Ցանկանում ենք համաժողովին  բեղուն առաջընթաց: Ուզում եմ նաեւ ՀՀԿ խորհրդի անունից մեր երախտիքի խոսքը փոխանցել համաժողովի բոլոր անդամներին եւ բոլոր այն 16 հասարակական կազմակերպությունների անդամներին, որոնք իրենց սատարումը փոխանցեցին Հանրապետականին` առաջիկա ԱԺ ընտրություններին հաղթանակի առումով: Ես համոզված եմ, որ այն համոզմունքը, որ կա ձեր մեջ, ՀՀԿ-ին կհասցնի հաղթանակի»,-եզրափակեց Գ. Մելիքյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
R




Լրահոս