ՀՀ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական համակարգում. նա արդեն առաջարկով դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին:
Այս մասին նշելով այսօր կայացած ասուլիսի ընթացքում՝ Երիցյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները, այն է՝ համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, Երևանի քաղաքապետի և Երևանի ավագանու անդամ ընտրվելու համար սահմանել միատեսակ նվազագույն տարիքային շեմ: Որպես հիմնավորում նա ներկայացրեց.
« ՀՀ Ընտրական օրենսգրքով (հոդված 132-րդ) համայնքի ղեկավար ընտրվելու տարիքային ցենզ է սահմանված 25 տարին, իսկ ավագանու անդամ ընտրվելու համար 21 տարին: Երևան քաղաքում ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, իսկ քաղաքապետ 30 տարին լրացած անձինք: Այսպիսով` խախտված են հավասար իրավունքները: Փոփոխությոընը նպատակ ունի սահմանել և երաշխավորել հավասար ընտրական իրավունքը, ինչպես նաև մեծացնել ավագանու դերը», – նշեց նա:
Մյուս փոփոխությամբ՝ ՀՀ համայնքների միության նախագահն առաջարկում է կանոնակարգել ընտրելու իրավունքը: Նա նշեց, թե պետք է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրելու իրավունքի նվազագույն տարիքային ցենզը սահմանել 16 տարին:
Հիմնավորում. «Ընտրելու իրավունքի նվազագույն շեմի փոփոխությունը հնարավորություն կտա ընդլյանելու երիտասարդության իրավունքները և մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը»: