ԵՐԲ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ՉԱՐԻՔԻ ԱՐԳԱՆԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2007թ. հունիսին «Արտաշատ» հյուրանոցի իր համարում դանակահարվեց եւ 2 օր անց հիվանդանոցում մահացավ 49-ամյա Մարիամ Վասիլյանը: Ովքեր ճանաչում էին այդ կնոջը, առանց ափսոսանքի ասում էին, որ տեղն է նրան: Բանն այն է, որ Մարիամ  Վասիլյանը, իր 3 անչափահաս երեխաներին թողնելով եղբոր խնամքին, «Արտաշատ» հյուրանոցում սենյակ էր վարձել, ուր եւ զբաղվում էր մարմնավաճառությամբ:
Դրա վերաբերյալ համապատասխան գրանցում կա Արտաշատի ոստիկանությունում, եւ ողջ քաղաքն իր շրջակա գյուղերով գիտեր այդ կնոջ մասին: Նրա համար տարիքը նշանակություն չուներ. 13-15 տարեկան տղաներին «դասեր» էր տալիս եւ պղծում դեռահասներին… Էլ չասած տարիքով տղամարդկանց մասին: Իր ծառայությունների համար նա պահանջում էր 2-3 հազար դրամ:
Մարիամի «ծառայություններից» օգտվում էր նաեւ 22-ամյա Արամը, ով բարի համբավ ուներ իրենց գյուղում: ՀՀ բանակում օրինակելի ծառայած, դպրոցում բարձր առաջադիմություն ունեցած տղան ցանկանում էր բուհ ընդունվել, սակայն որոշել էր 1-2 տարի հորն օգնել` տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար:
Որոշել էր, սակայն… գյուղի տղաներից մեկը, հերթական անգամ Մարիամի մոտից գալով, հայտնում է Արամին, որ Մարիամն ասել է, թե Արամը եւս եղել է իր մոտ: Լուր բերողը մի քանի անգամ կրկնում է այն վարկաբեկիչ խոսքերը, որ ասել էր Մարիամը, եւ հորդորում Արամին` «գնա՛ եւ Մարիամից բացատրությո՛ւն պահանջիր, այլապես այդ անունը կկպնի քեզ»: 2 օր անց նույն խոսակցությունը կրկին լսելով ընկերոջից` Արամը գնում է հյուրանոց` բացատրություն պահանջելու Մարիամից, որը ոչ միայն չի ժխտում, այլեւ ավելացնում է. «Անունդ չեմ հիշում, ո՞ր մեկիդ հիշեմ: Լավ եմ արել` ասել եմ»: Այդ խոսքերից ցնցված` 22-ամյա Արամը, առանց երկար մտածելու, գրպանից հանում է ծալովի դանակն ու սկսում հարվածներ տեղալ:
Քանիսի՜ ջահելությունն է կործանել այդ մանկապիղծ կինը, քանի՜ ընտանիքներ քայքայել… Մարիամն ու նրա հովանավորները մեղավոր չէի՞ն: Իսկ դատարանը ոչ մի մեղմացուցիչ հանգամանք չի դիտարկել. նույնիսկ այն հանգամանքը, որ Արամն ինքն է ներկայացել ոստիկանություն, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում է գտնվել, որ սուտ զրպարտանքից վիրավորված` սեփական արժանապատվությունը փրկելու համար դիմել է ծայրագույն քայլի: «Նախաքննությամբ չի հարցաքննվել քրգործով գլխավոր դերում եղած այն անձը, որը Մարիամից սուտ եւ վիրավորական լուր է բերել Արամին»,-պատմում են հարազատները, ավելին, «քննիչը, այդ տղայի անունը գրելու փոխարեն, նշել է մի տղա»: Բայց այդ «մի տղան» չի հարցաքննվել եւ չի դատակոչվել նաեւ դատարան: 5 տարի է անցել չարաբաստիկ այդ օրից: Արամն իր 7 տարվա պատիժն է կրում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում` զբաղվելով դերձակությամբ, եւ օրը մի քանի անգամ զղջում ու դատափետում է իրեն: «Ես սպանելու մտադրություն չեմ ունեցել,-ասել է Արամը դատարանում:-Ես միայն ուզել եմ Մարիամին վախեցնել ու ցավ պատճառել, որ նա իմ եւ ուրիշների վերաբերյալ սուտ լուրեր չտարածի»:
Արամի նյութապես անապահով ծնողները, դիմելով «Ժողովուրդ»-ին, խնդրել են իրենց ձայնը լսելի դարձնել ՀՀ նախագահին, որպեսզի հանուն Աստծո` իրենց որդու արդեն իսկ կրած պատիժը բավարար համարվի, եւ կալանքից ազատվի ներումով կամ վաղաժամկետ: «Այլեւս անկարող ենք տանել մեզ բաժին հասած կյանքի ծանր բեռը, դրան ավելացրած նաեւ «Կոշ»-ում տառապող մեր ջահել որդու արատավորված կենսագրությունն ու հոգեւոր ապրումները»,-գրում են Արամի ծնողները:
Հ.Գ. Հարկ է նշել, որ ոստիկանությունը տեղյակ է եղել Մարիամի անբարո եւ հանցավոր արարքներից ու չի խոչընդոտել նրա գործողությունները: Ավելին,  «Արտաշատ» հյուրանոցի այդ նույն հարկում, որտեղ իր «շահութաբեր ցեխն» էր ծաղկեցնում «ղառի դամա» Մարիամը (նրան այդպես են անվանել), բնակվում էր նաեւ ոստիկանության աշխատակիցներից մեկը: Բնականաբար,  ոստիկանությունը կասի` «տեղյակ չենք եղել, մեր աչքից վրիպել է», իսկ «Ժողովուրդ»-ն էլ կասի` ուրեմն ժամանակն է, որ նրանց փոխարինելու գան օրենքի բարեխիղճ եւ պատվախնդիր ծառաներն ու անվրեպ աչք ունեցողները, որոնք բարձր կպահեն ուսադիրների պատիվը եւ չեն հանդուրժի մարիամներին:  

ԹԵՐԵԶԱ ԱՍԱՏՐՅԱՆ




Լրահոս