Մարտի 17-ին տեղի ունեցավ ԲՀԿ 6-րդ համագումարը, որին նեկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բնականաբար, այդ կարեւոր իրադարձությունը բուռն քննարկման առարկա էր դարձել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Օգտատեր Համլետ Կիրակոսյանը գրում է. «Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ համագումարում խոսել է համախմբվածության անհրաժեշտության մասին` նշելով. «Ես կրկին հայտարարում եմ, որ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար մեզ անհրաժեշտ է լայն համախմբում»: Սերժ Սարգսյանն էլ է խոսում համախմբվածության, հավատի, քաղաքական մշակույթի ձեւավորման մասին: Եղբա՛յր, եթե իրոք ուզում եք այդ ամենը լինի, ժողովուրդը հավատա ու համախմբվի, մի՛ կեղծեք ընտրությունները, մի՛ խաբեք մարդկանց, հաստավիզներ մի՛ բուծեք, թոխմախի մհերներին, լֆիկ սամոներին, նեմեց ռուբոներին ու սրանց նմաններին այս ժողովրդի գլխին կրակ ու պատիժ մի՛ շինեք, թե չէ ձեր էդ սիրուն-սիրուն խոսելը քոռ կոպեկի արժեք չի ունենա ու չունի…»: Իսկ Հովսեփ Կուբաթյանն էլ գրում է, որ ԲՀԿ ում հնչել է արդեն նախկին պաշտոնյայի ելույթ եւ հավելում` ԲՀԿ այնքան էր ուզում ստանալ «Եդինայա Ռոսիա»-ի ուղերձը, որ չի նկատել, որ ուղերձի հեղինակը գոյություն չունեցող պաշտոնյա է: Ըստ azatutyun.am-ի` «Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչը` ՌԴ Պետդումայի փոխխոսնակը, ընթերցեց Պետդումայի նախագահ Նիկոլայ Գրիզլովի ուղերձը»: Հիշեցնենք, որ Պետդումայի նախագահն է Սերգեյ Նարիշկինը, իսկ նախորդ նախագահը Բորիս Գրիզլովն էր: Իսկ թե ով է Նիկոլայ Գրիզլովը, Աստված գիտի: Օգտատեր Նելլի Դավոյանն էլ գրում է. «ԲՀԿ-ում նորմալ ձենով մարդ չկա՞ր, որ էդ քաղաքաշինության նախարարն էր վարում համագումարը: Կներեք արտահայտությանս, բայց ոնց որ զուգարանում լինի:
ԲՀԿ-ին ծաղրեցին նաեւ ՀՀԿ իրենց գործընկերները, օրինակ` ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «ԲՀԿ-ի համագումարը շատ լավ անցավ, ոնց որ մեր Թաթայի համերգը լիներ»: Իսկ մեկնաբանություններում էլ պատգամավորը, այն էլ լատինատառ հայերենով, ինչն արդեն իսկ նշանակում է թքած ունենալ վարչապետի եւ հայ հասարակության` հայատառ գրելու կոչի վրա, առաջարկում է Վարդան Օսկանյանին ուղարկել «Եվրատեսիլ»-ին մասնակցելու. Uremn Oskanyany kgna evrotesil?)))): Ի դեպ, Ավագյանի գրառումը հավանել էր (լայք էր տվել) նաեւ ԿԳՆ Ա. Աշոտյանը: ԲՀԿ-ն էլ իր հերթին զգուշանալու կոչ ուղղեց Կարեն Ավագյանին եւ ՀՀԿ-ին: Մասնավորապես ԲՀԿ-ական Զոհրապ Եգանյանն իր էջում գրում է. «Շատ զարմանալի էր, որ ՀՀԿ պատգամավոր Կ. Ավագյանը ԲՀԿ-ի համագումարը համեմատում է Թաթայի համերգի հետ: Երեւի մոռացել է, որ համագումարին ներկա էր նաեւ երկրի եւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Չնայած երեւի չարժե էլ շատ լուրջ վերաբերվել իրա ասածներին»:
Հ.Գ. Ահա այսպիսին է կոալիցիոն գործընկերների մակարդակը: ԲՀԿ համագումարը ծաղրեցին, քանի որ ԲՀԿ-ն էլ նույն «Ֆեյսբուք»-ում եւ հիմնականում կեղծ հաշիվներով` անընդհատ քննադատում եւ ծաղրում էր հանրապետականներին: Մի խոսքով, 2 կողմն էլ նույն են:
ԲՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ «ՖԵՅՍԲՈՒՔ»-ՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ