Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքը ներառում է Նոյեմբերյան, Այրում քաղաքները, Նոյեմբերյանի տարածաշրջանն ամբողջությամբ, Բերդի ու Իջեւանի տարածաշրջանների որոշ գյուղեր: Այս ընտրատարածքն ընդհանուր առմամբ ընդգրկում է 44 համայնք: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում (այն ներառում է Իջեւան, Դիլիջան, Բերդ քաղաքները, այդ տարածաշրջանների մնացած գյուղերը) արդեն առաջադրվել է 4 թեկնածու, իսկ թիվ 40-ում` ոչ մի թեկնածու: Նշենք, որ իր վերընտրվելու մասին հայտարարել է այս ընտրատարածքից գործող պատգամավոր Միքայել Վարդանյանը, ում ընտրվելու հնարավորությունները մեծ են: Վերջինս անկուսակցական է, սակայն ՀՀԿ-ն հայտարարել է նրան սատարելու մասին: Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղից սերված հայտնի միկրովիրաբույժ, N 1 համալսարանական կլինիկայի տնօրեն Արտավազդ Սահակյանը մեզ հայտնել է, որ ինքը մարտի 21-ին է որոշելու` առաջադրելու է արդյոք իր թեկնածությունը: Մեր տվյալներով` Հայ ազգային կոնգրեսը որոշել է այս ընտրատարածքում պաշտպանել Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղի նախկին գյուղապետ, ներկայում Գյուղակադեմիայի դասախոս Հայկ Ղազարյանի թեկնածությունը: Սակայն Հայկ Ղազարյանը եւս դեռ չի որոշել` առաջադրելու է իր թեկնածությունը, թե ոչ: Նոյեմբերյանի ավագանու անդամ, երիտասարդ գործարար Վարուժան Բաբաջանյանը թիվ 40 ԸԸՀ-ից վերցրել է առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն առաջադրվելու հարցում նա եւս վերջնական որոշում չի կայացրել: Մի խոսքով, նախընտրական լարված սպասում է տիրում այս ընտրատարածքում: Իրավիճակը կհանգուցալուծվի մարտի 21-22-ին` առաջադրման ժամկետի վերջին 2 օրը:
ՎԵՐՋԻՆ 2 ՕՐԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ