ԴԵՌ ՉԳԻՏԻ` ՈՒՄ Է ԸՆՏՐԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկուսակցական երգիչ ԱՐԱՄՈՆ քաղաքականությամբ առանձնապես տարված չէ, հետաքրքրվում է այնքանով, որքանով որ հետեւում է լուրերին. «Էլ չեմ խորանում, քաղաքագետ չեմ, պարզապես ունեմ իմ կարծիքը»: Երգչի կարծիքը եւ մնացած այլ հարցերի պատասխանները` ստորեւ:
-Հիմա ավելի ստաբիլ վիճակ է հանրապետությունում: Դե, խնդիրները շատ են, մինուսներն ու պլյուսները` նույնպես, տա Աստված լավ ապագա մեր ժողովրդին:
-ԱԺ առաջիկա ընտրություններին ո՞ր կուսակցությանն եք տալու Ձեր ձայնը:
-Դեռ չգիտեմ: Ես անկուսակցական եմ: Կան հարցեր, որ ՀՀԿ-ականների հետ կարելի է համաձայնել, հարցեր էլ` դաշնակների: Ես կցանկանայի, որ պետական մտածողություն լիներ ամեն հարցի քննարկման մեջ, ու իրենց անձնականը մի կողմ դրվեր: Կուզեի, որ կոալիցիոն կուսակցությունները հաճախակի հանդիպեին միմյանց ու քննարկեին խնդիրները, ոչ թե առանձին-առանձին կամ պառլամենտում: Հարցերը լուծեին հանուն մեր երկրի: Ընդհանուր գործ է պետք անել: Զարմանում եմ, որ մի պետության մեջ 120 կուսակցություն կա, ու մի 60 հատն էլ գրանցված չէ: Ժողովուրդը կխելագարվի: Պետք է մի 3-4 կուսակցություն լինի ու պարագլուխներով հասկանան` ինչ անեն, երիտասարդներին էլ ներգրավեն: Ցանկություն ունեմ նույն պառլամենտում տեսնել նոր շունչ, նոր խոսք` իհարկե չանտեսելով հին պատգամավորներին: Հիմա 21-րդ դարն է, երիտասարդների մտածելակերպն ուրիշ է: Երիտասարդներ կան, որ շատ հասուն են, կայուն, կարող են նոր օրենքներ առաջ քաշել:    
-Ձեզ երբեւէ չե՞ն խնդրել որեւէ կուսակցության կամ թեկնածուի կողքին կանգնել:
-Եթե ես գտնում եմ, որ պետք է լինեմ ինչ-որ մեկի կամ գաղափարի կողքին, ես համաձայնում եմ: Ինչո՞ւ չէ, նախագահական ընտրություններին եղել եմ գործող նախագահի կողմից:
-Գալիք նախագահական ընտրություններին ո՞ւմ եք սատարելու:
-Դա մյուս տարի է լինելու, հիմա չեմ կարող ասել: Նախ պառլամենտական ընտրություններն են, այս պահին դրանք են կարեւոր: Ես` որպես քաղաքացի, միշտ կատարում եմ իմ պարտքն ու գնում ընտրություններին:
-Սոցիալական վիճակի մասին ի՞նչ կասեք:
-Ծանր է, դրա համար էլ պետք է փոքր ու միջին բիզնեսը շատ զարգանա, որ միջին խավ լինի, ինչը հիմա չկա: Եթե աշխատատեղեր լինեն, մարդիկ գոնե կկարողանան աշխատել: Միջին խավ է պետք ձեւավորել, դա շատ կարեւոր է պետության զարգացման համար: Գրեթե բոլոր գերպետություններն ունեն միջին խավ:
-Դուք Ձեզ ո՞ր խավի ներկայացուցիչ եք համարում:
-Ի՞նչ եք ուզում ինձնից լսել:
-Ճշմարտությունը:
-Ձեր կարծիքով` ես ո՞ր խավի ներկայացուցիչ եմ:
-Եթե հաշվի առնենք, որ բիզնեսներ չունեք, աշխատում ապրում եք, երեւի միջին:
-Այո՛, հենց միջին: Կարեւորը հոգով լինես առողջ ու հարուստ, քան նյութականով, որը, վերջիվերջո, ոչ մի տեղ չես տանելու: 4 փայտի մեջ պառկելու ես ու գնաս էս աշխարհից:
-Բայց նյութականն էլ քիչ նշանակություն չունի:
-Իհարկե: Ինքս պետական ֆիլհարմոնիայի սոլիստ եմ ու ամեն օր էլ աշխատում եմ «Մալխաս» ջազ ակումբում: Այդպես եմ կարգավորում իմ սոցիալական խնդիրներն ու հարցերը:  
-Փաստորեն, եկանք հասանք խնդրին, որ մի տեղ աշխատելով` մարդ չի կարող ընտանիք պահել:
-Դե նայած ֆինանսական ամպլիտուդն ինչքան է: Կարող ես մի տեղ աշխատել ու բավարարի, մարդ էլ կա` 5-6 տեղ է աշխատում, որ կարողանա իր ընտանիքը պահել:
-Միջին ծախսեր անող ընտանիքի համար որքա՞ն գումար է անհրաժեշտ:
-Նայած, թե դու ինչպես ես ծախսում ու ինչքանով բավարարվում: Ստեղծագործող արվեստագետի համար այդ սանդղակն անսահմանափակ է: Մարդ կա` բավարարվում է փոքրիկ բանով, իսկ մյուսն ուզում է հազար բան անել` տեսահոլովակ, ձայնագրություն… Մարդ կա` միայն մի գույնով է բավարարվում:
-Արվեստագետի աչքով կասե՞ք, թե ինչ գույներով եք տեսնում մեր իրականությունը:
-Ինձ մոտ միշտ ծիածանի բոլոր գույներն են` մուգից պայծառ, հաստատ գորշ չէ:
-Մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ Ձեր որդին, ով, ի դեպ, ջութակահար է, պետք է մեկնի արտասահման` սովորելու: Գնա՞ց, թե՞ դեռ այստեղ է:
-Ավիկը հիմա սովորում է Գերմանիայում` Արվեստի բարձրագույն ակադեմիայում: Ինտեգրվել է Եվրոպայում, ինչը շատ նորմալ է: Ոչ մեկ իրավունք չունի որեւէ մեկին պարտադրել ապրել այստեղ: Մարդն իր կյանքով, իր մտքի ու քայլերի մեջ ազատ է, որտեղ իրեն հարմար է զգում, այնտեղ էլ պետք է ապրի, բայց դա չի նշանակում, որ ինքը հայրենիքի դավաճան է կամ հայրենիքը չի սիրում: Վերցնենք մեր մտավորականությունը. մեր շատ մեծեր դրսից են եկել, ուսում են ստացել դրսերում: Ես կողմնակից եմ, որ երիտասարդները գնան դուրս, սովորեն ու այդ գիտելիքները բերեն այստեղ, նոր բան ստեղծեն: Բայց եթե որեւիցե մեկը գնում է, չպետք է նրան մեղադրել: Միգուցե մի օր էլ ես գնամ: Ամեն ինչ հնարավոր է:
Անխոս ողջունելի է, երբ մեր էրեխեքը սովորում են, ինտեգրվում Եվրոպայի կյանքին: Նրանց միջոցով նաեւ Հայաստանի մասին են իմանում:
Ես լավատես եմ եւ ուզում եմ, որ բոլորը կարողանան վայելել, ապրել, քանի որ Աստված բոլորին հավասար է ստեղծել: Ամեն մարդ թող պարզ աչքերով նայի իր ընտանիքին: Ես հավատում եմ, սիրում եմ մեր պետությունը, դրոշը, գերբը: Թող Հայաստանը միշտ ժպտա:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս