Ծայրահեղական այդ դրսևորումներն անհարիր են հայ և վրաց ժողովուրդների հարաբերություններին. Մայր աթոռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիրահայոց Թեմի ներկայացրած տեղեկատվության համաձայն, սույն թվականի հուլիսի 19-ին, Թբիլիսիում, ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքին անարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ և այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը իր խորը մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ և դատապարտում ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Սադրիչ սույն ոտնձգությունը ցավալի հետևանքն է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների` այդ թվում վրաց որոշ հոգևորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների: Ծայրահեղական նման դրսևորումները անհարիր են հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձերին և ապահովեն Վրաստանում Հայ եկեղեցու և հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը:




Լրահոս