Մարտի 12-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, Գյումրի քաղաքի 31-ամյա բնակիչ Հարություն Սարգսյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին (սպանություն) և 188 հոդվածի 1-ին (ապօրինի ձեռնարկատիրություն) մասերով:
Հարություն Սարգսյանը, ինչպես հայտնի է, մեղադրվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր` Մանյա Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանության մեջ:
Բացի այդ՝ դատապարտյալը մեղադրվում էր նաև առանց պետական գրանցման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեջ:
Այսպես, դատարանն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ 2012թ. ապրիլի 12-ին անհայտ անձի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից արձակված կրակոցով Կարեն Եսայանը սպանվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրել):
Քննչական խմբի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ 2012 թվականի ապրիլի 13-ին Հարություն Սարգսյանը ձերբակալվել է:
Իսկ երկու օր անց նրա նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դեպքից ամիսներ անց` 2012 թվականի նոյեմբերի 12-ին, Հ.Սարգսյանի մեղադրանքի ծավալը փոփոխվում է. այն լրացվում է ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 1-ին մասով (ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելը): Իսկ ահա 235 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը 7 ամիս անց վերացվում է, քանի որ ապացուցվում է, որ փամփուշտն արձակված է եղել որսորդական հրացանից: Վերջինս, ինչպես հայտնի է, հանդիսանում է ողորկափող հրազեն, և դրա համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվում:
Հարություն Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 188 հոդվածի 1-ին մասերով :
Քրեական գործը ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան 2012թ դեկտեմբերի 06-ին:
Դեպքի մանրամասները` ըստ դատարանի…
Հարություն Սարգսյանը համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ: Այս նպատակով Հարությունի հայրը՝ Սամվել Սարգսյանը, 2012թ փետրվարի վերջերին հանդիպել է Վարդան Ղուկասյանի հետ, սակայն վերջինս Սամվել Սարգսյանին դուրս է արել իր աշխատասենյակից՝ չցանկանալով նույնիսկ քննարկել այդ թեման:
Ամեն դեպքում իր նպատակին հասնելու համար Սամվել Սարգսյանը նույն հարցը քննարկելու համար հանդիպել է Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր՝ Գևորգ Ղուկասյանի հետ, ումից էլ տեղեկացել է, որ Մանյան պատրաստվում է ամուսնանալ մեկ ուրիշի հետ:
Այնուամենայնիվ՝ Սամվել Սարգսյանը փորձել է Ղուկասյաններին հետ պահել Մանյա Ղուկասյանին այլ անձի հետ ամուսնացնելու մտադրությունից՝ որդուն ներկայացնելով որպես առավել գերադասելի թեկնածու: Խնդրել է հնարավորություն տալ որդուն ծանոթացնելու Ղուկասյանների ընտանիքի հետ: Նախկին քաղաքապետի եղբայրը նույնպես մերժել է` հայտնելով, որ ամեն ինչ արդեն որոշված է, շուտով լինելու է Մանյա Ղուկասյանի նշանադրությունը:
Մերժված լինելու մասին Սամվել Սարգսյանը հայտնել է ընտանիքի անդամներին, այդ թվում՝ Հարություն Սարգսյանին:
Ավելի ուշ Սարգսյանները տեղեկացել են, որ 2012թ ապրիլի 12-ին Գյումրիում պետք է տեղի ունենա Մանյա Ղուկասյանի և Կարեն Եսայանի նշանադրության արարողությունը:
Դատարանի գնահատմամբ` Հարություն Սարգսյանը խանդի հողի, ինչպես նաև իր և իր ընտանիքի վիրավորված ինքնասիրությունն ու պատիվը վերականգնելու դրդումով որոշել է վրեժխնդիր լինել՝ Կարեն Եսայանին սպանելու և նշանադրության արարողությունը խափանելու միջոցով: Հանցավոր մտադրությունն իրականացնելու, հանցագործության կատարման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով Հարություն Սարգսյանը 2012թ մարտի վերջերից ծրագրել է Կարենի սպանությունը, ինչի համար մի քանի օր շարունակ գաղտնի հետևել է նրան:
Չբացահայտվելու նպատակով իր արծաթագույն, «Մերսեդես» մակնիշի «Ե» դասի` մգեցված ապակիներով ավտոմեքենայի վրա տեղադրել է ապօրինի ճանապարհով` առանց մաքսային կետում հաշվառելու Հայաստանի Հանրապետություն ներկրած Լ BM 5255 հաշվառման համարանիշը: Նույն ժամանակահատվածում հետևել է նաև Մանյա Ղուկասյանին, գրեթե ամեն օր ավտոմեքենայով կանգնել վերջինիս աշխատավայրից տուն տնից աշխատավայր գնալու ճանապարհի տարբեր հատվածներում:
Նույն թվականի ապրիլի 11-ին` ժամը 20:16-ին, Կարեն Եսայանը ու նրա ընկեր Ռոման Ղարաքեշիշյանն իրենց «Մերսդեդես» Մակնիշի, «Ե» դասի , արծաթագույն, 16 ՕԼ 850 համարանիշի և սև «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենաներով գնացել են Գյումրու Շիրակացի 109 հասցեում գտնվող ավտոլվացման կետ՝ ավտոմեքենաները լվանալու նպատակով: Այդ ժամանակ ևս Հարություն Սարգսյանը շարունակել է գաղտնի հետևել Կարեն Եսայանին:
Նա` իր վերը նշված ավտոմեքենայով ավտոլվացման տարածք մտնող մուտքից մոտ 10 մետր առաջ գնալով, այն կայանել է Շիրակացի փողոցի վրա, իջել է ավտոմեքենայից և, դեմքով կանգնելով դեպի ավտոլվացման կետի տարածքին, հետևել նրանց: «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենան լվանալու նպատակով թողնելով ավտոլվացման կետում՝ Ռոման Ղարաքեշիշյանը և Կարեն Եսայանը վերջինիս «Մերսեդես» մակնիշի, 16 ՕԼ 850 համարանիշի ավտոմեքենայով հեռացել են ավտոլվացման կետի տարածքից՝ վարսավիրանոց գնալու նպատակով:
Հարություն Սարգսյանը, շարունակելով հետապնդումը, գնացել է նրանց հետեւից: Ժամը 20:55-ին, երբ Ռոման Ղարաքեշիշյանը եւ Կարեն Եսայանը վերադարձել են ավտոլվացման կետ ՝ Կարեն Եսայանի ավտոմեքենան լվանալու նպատակով , նրանց հետապնդող Հարություն Սարգսյանն իր ավտոմեքենան կայանել է Շիրակացի փողոցի վրա՝ ավտոլվացման կետի դիմացի մայթին՝ ավտոմեքենայի դիմային մասն ուղղելով դեպի փողոցի կողմը, ապա իջնելով ավտոմեքենայից՝ դանդաղ քայլելով մտել է ավտոլվացման կետի տարածք և սպասել մինչև Կարեն Եսայանն իր ավտոմեքենայով հեռանա ավտոլվացման կետից ու ինքը շարունակի հետապնդումը:
Տեղացած անձրևի պատճառով Կարեն Եսայանը որոշել է գիշերն ավտոմեքենան թողնել ավտոլվացման կետում և ընկերների հետ նրանց ավտոմեքենայով հեռանալ ավտոլվացման կետից: Անակնկալի գալով՝ Հարություն Սարգսյանն անմիջապես մտել է ավտոլվացման կետ և, տեսնելով, որ Կարեն Եսայանի ավտոմեքենան մնալու է այդտեղ, վազքով գնացել է նրանց հետևից, նստել իր ավտոմեքենան և շարժվել Կարեն Եսայանի գնացած ուղղությամբ: Մեկ անգամ ևս համոզվելու համար, որ Կարեն Եսայանի ավտոմեքենան գիշերը մնալու է ավտոլվացման կետում և պարզելու, թե առավոտյան ավտոլվացման կետը ժամը քանիսին է բացվելու, Հարություն Սարգսյանը ժամը 22:13-ին իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վերադարձել է ավտոլվացման կետի տարածք:
Կետի տնօրեն Էդուարդ Խաչատրյանից տեղեկանալով, որ հաջորդ օրը լվացման կետի աշխատանքը սկսվելու է առավոտյան ժամը 09:00-ին, հեռացել է: Հաստատապես իմանալով, որ ավտոլվացման կետի աշխատանքները սկսվում են ժամը 09:00-ին, սպանությունն իրագործելու և չնախատեսված հանգամանքների պատճառով Կարեն Եսայանին տեսադաշտից չկորցնելու համար Հարություն Սարգսյանը 2012թ ապրիլի 12-ին իր նույն ավտոմեքենայով ավտոլվացման կետի տարածք է ժամանել աշխատանքներն սկսվելուց մեկ ժամ առաջ՝ ժամը 07:59-ին: Ավտոլվացման կետի պատուհանից ներս նայելով և համոզվելով, որ Կարեն Եսայանի ավտոմեքենան տեղում է, Հարություն Սարգսյանն իր ավտոմեքենան կայանել է ավտոլվացման կետի դարպասի դիմացի հատվածում՝ ավտոմեքենայի առջևի մասով դեպի լվացման կետը՝ դրանով իսկ տեսադաշտում պահելով լվացման կետի մուտքն ու ելքը՝ ապահովելով հետապնդումն անմիջապես սկսելու հնարավորությունը:
Շուրջ երկու ժամ՝ մինչև Կարեն Եսայանի գալը, մնացել է նույն դիրքում՝ առանց տեղաշարժվելու եւ ավտոմեքենայից իջնելու: Ընդ որում՝ անշարժ և աննկատ դիրքում է մնացել նաև այն ժամանակ, երբ ժամը 09:00-ից սկսվել է ավտոլվացման կետի աշխատանքը:
Ժամը 10:04-ին Կարեն Եսայանը, միայնակ գալով ավտոլվացման կետ, իր ավտոմեքենայով դուրս է եկել կետից եւ ուղևորվել դեպի Շիրակացու փողոց: Հարություն Սարգսյանն իր ավտոմեքենայով անմիջապես շարժվել և հետապնդել է նրան: Ալեք Մանուկյան փողոցի 21 հասցեում գործող բենզալցակայանի հանդիպակաց հատվածում ազդանշանով կանգնեցրել է իր առջևից ընթացող Կարեն Եսայանին, ապա, իջնելով ավտոմեքենայից, նստել է նրա ավտոմեքենան՝ վարորդի կողքի նստատեղին:
Շուրջ մեկ րոպե զրուցելուց հետո Հարություն Սարգսյանը և Կարեն Եսայանը վերջինիս ավտոմեքենայով հեռացել են այդտեղից, և ժամը 10:30-ի սահմաներում հասել Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարակից ամայի տարածք, որտեղ էլ Հարություն Սարգսյանը, իջնելով ավտոմեքենայից, իր մոտ գտնվող 16 տրամաչափի ողորկափող հրազենից գլխի շրջանում արձակած մեկ կրակոցով սպանել է Կարեն Եսայանին:
Այս ամենից հետո վերադարձել է Ալ. Մանուկյան փողոց, նստել նույն վայրում թողած իր ավտոմեքենան և ուղևորվել տուն:
Կատարված հանցագործության հետքերը թաքցնելու և իր համար այլուրեքություն ստեղծելու նպատակով Հարություն Սարգսյանը փոխել է ավտոմեքենայի վրա տեղադրված արտասահմանյան համարանիշները և դրանք դրել վարորդի նստատեղի ոտնատակի գորգի տակ, ավտոմեքենայի վրա տեղադրել իրական հաշվառման համարանիշը ՝ 32 ՍՍ 542:
Դատարանն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Հարությունը միաժամանակ փոխել է սպանության պահին հագին եղած հագուստները, որոնցից «Պոլո» գրառմամբ սվիտրը գցել է տան լոգասենյակում՝ լվացման ենթակա հագուստների մեջ, «STESSO» պիտակով անդրավարտիքը դրել է տան բակում կայանված «Մերսեդես» մակնիշի, 13 ՏՏ 464 համարանիշով, սև, «Կատաֆալկա» տեսակի թափքով ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղի տակ, ապա իր արծաթագույն, «Մերսեդես» մակնիշի «Ե» դասի, 32 ՍՍ 542 համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել է դեպի Բավրա մաքսակետ և ժամը 11:20-ին հատելով ՀՀ սահմանը՝ մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից էլ երեք ժամ անց կրկին վերադարձել է Գյումրի:
Հատկանշական է, որ ի հակառակ իր գործերի մասին ծնողներին հաշվետու չլինելու սովորությանը՝ սպանությունից հետո Վրաստան մեկնելու փաստն ի ցույց դնելու նպատակով գնալու և վերադառնալու ճանապարհին Հարություն Սարգսյանը պարբերաբար հեռախոսային խոսակցություններ է ունեցել հարազատների հետ՝ շեշտելով, որ գործով մեկնում է Վրաստան:
Իսկ Սարգսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված համախառն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է զգալի՝ 768.194 ՀՀ դրամի վնաս, որից եկամտահարկ՝ 471.904 ՀՀ դրամ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճար 296.290 ՀՀ դրամ:
Ինչ է եղել իրականում` ըստ Հարություն Սարգսյանի
Հարություն Սարգսյանը առաջադրված մեղադրանքներով իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է դեպքի հանգամանքների շուրջ ցուցմունքներ տալուց` հայտարարելով, որ ինքը Կարեն Եսայանին չի ճանաչել և նրա սպանության հետ որևէ առնչություն չի ունեցել: Որպես վկա հարցաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ վերջին տարիներին վաճառելու նպատակով ԱՄՆ-ից և Գերմանիայից ավտոմեքենաներ է ներկրել Հայաստանի Հանրապետություն և վաճառել դրանք:
Հարությունը դատարանին ասել է, թե շահագործում է արծաթագույն «Մերսեդես» մակնիշի 32ՍՍ542 համարանիշի ավտոմեքենան, որը հաշվառված է իր բարեկամ Աննայի անունով: Այն վարել է գերմանական համարանիշներով: Ավտոմեքենա բերելու նպատակով 2012թ մարտի սկզբին մեկնել է ԱՄՆ, որտեղից վերադարձել է մարտի 22-ին: Վերադառնալուց հետո տեղեկացել է, որ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայրը` Սամվել Սարգսյանը, հանդիպել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը` Գևորգ Ղուկասյանին և խնդրել ապահովել Վարդան Ղուկասյանի դստեր և իր շփումը` հետագայում ամուսնանալու նպատակով, սակայն նրանից տեղեկացել է, որ Վարդան Ղուկասյանի դուստրն ամուսնանալու է այլ անձի հետ:
Այդ ամենից բարկացել է, քանի որ չի ճանաչում այդ աղջկան և, որ այդ զրույցը ծավալվել է առանց իր գիտության: 2012թ ապրիլի 11-ին ողջ օրը զբաղվել է իր առօրյա գործերով: Ժամը 19-ի սահմաններում մայրն ու քույրը գնացել են իրենց մտերիմ Ալինայենց տուն` հյուր: Որոշ ժամանակ անց գնացել է նրանց հետևից, որի ժամանակ նկատել է, որ ավտոմեքենայի առջևի աջ լուսարձակն անսարք է: Որոշել է մինչև Ալինաենց տուն գնալը մտնել նրանց տան մոտ գտնվող` Շիրակացի փողոցի վրայի ավտոտեխսպասարկման և ավտոլվացման կայան:
Ավտոմեքենան կանգնեցրել է փողոցի վրա ու ոտքով մտել է ավտոտեխսպասարկման կայանի տարածք և հանդիպել լուսարձակներ վերանորոգող Արթուրին: Նա իրեն հայտնել է, որ չի կարող լուսարձակը վերանորոգել, և խորհուրդ է տվել այն վերանորոգել Երևանում: Դրանից հետո անցնելով այդտեղ գտնվող ավտոլվացման կետի մոտով և տեսնելով, որ նրանք սև գույնի «Ջիպ» տեսակի ավտոմեքենան լվացել ու արդեն չորացնում են, մտածել է իր մեքենան էլ տալ լվանալու:
Ավելի ուշ իր ավտոմեքենան տեղափոխել է ավտոլվացման կետի մոտ, սակայն ավտոլվացողները ասել են, որ դիմի տնօրենին: Այդ հարցով դիմել է տնօրենին, նա էլ ասել է, որ արդեն ուշ է, առավոտյան ժամը 8-ից հետո միայն կարող են լվանալ այն: Այնուհետև գնացել է Ալինաենց բակ, քրոջն ու մորը տարել տուն:
Հաջորդ օրը` 2012թ ապրիլի 12-ին, ժամը 8-ից 8:30-ի սահմաններում իր վերը նշված ավտոմեքենայով գնացել է Շիրակացի փողոցի վրա գտնվող ավտոլվացման կետ` պայմանվորվածության համաձայն ավտոմեքենան լվանալու նպատակով: Երբ տեղ է հասել, իջել է ավտոմեքենայից, փորձել է բացել ավտոլվացման կետի դուռը, սակայն այն փակ է եղել: Նստել է ավտոմեքենայում և սպասել է ավտոլվացողներին: Տեսնելով, որ ավտոլվացողները ուշանում են, հեռացել է, քանի որ նախնական պայմանավորվածության համաձայն պետք է մեկներ Վրաստան ու արդեն ուշանում էր: Այդպես, առանց ավտոմեքենան լվանալու, գնացել է Ջիվանի 54 հասցեում գտնվող իրենց տուն, գումար է վերցրել, ապա փոխել է ավտոմեքենայի տրանզիտ գերմանական համարները, տեղադրել է 32 ՍՍ 542-ը և, ժամը 10:10-ից 10:15-ին տանից դուրս գալով, մեկնել է Բոգդանովկա:
Այնուհետև վերադարձել է Հայաստանի Հանրապետություն: Ճանապարհին մտել է Աշոցք գյուղ, գնացել է գյուղի դպրոց, որտեղ աշխատում է մայրը, և նրա հետ վերադարձել է տուն:
Հարություն Սարգսյանը դատարանում նշել է. որ սպանված Կարեն Եսայանին ընդհանրապես չի ճանաչել, և թե ով է նրան սպանել, ինքը տեղյակ չէ:
Ինչպես է գնահատել դատարանը Հարություն Սարգսյանի ցուցմունքը
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի գնահատմամբ` ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պատճառաբանությունները անհիմն են, մտացածին: Այդ կերպ նա քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ է հետապնդում, նրա պատճառաբանությունները հերքվել են, և նրան մեղսագրված հանցավոր արարքները հիմնավորվել են քրեական գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված հետևյալ ապացույցներով.
Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պատճառաբանությունն այն մասին, թե իբր Գյումրու քաղաքապետի դստերը չի ճանաչել, հայրն առանց իրեն տեղյակ պահելու է գնացել քաղաքապետի դստեր ձեռքը խնդրելու, հերքվել են նրա ծնողների` Սամվել Սարգսյանի, Անահիտ Նիկոլյանի և քրոջ` Մելանյա Սարգսյանի ցուցմունքներով: Ըստ այդ ցուցմունքների` Հարություն Սարգսյանին ամուսնացնելու համար, ընտանիքով, այդ թվում` Հարություն Սարգսյանը, քննարկել և որոշել են դիմել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին` նրա դստեր հետ Հարությունի ամուսնանալու հարցով:
Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլյանը, քույրը՝ Մելանյա Սարգսյանը իրենց ձեռքով են գրել ցուցմունքները և ստորագրել, սակայն դատական նիստում հայտարարել են, որ 13.04.2012թ տրված ցուցմունքների մեծ մասը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ոստիկաններն ու քննիչներն, իրենց դնելով վատ վիճակի մեջ, ստիպել են, թելադրել և կորզել նման ցուցմունքներ: Ըստ իրենց՝ իրենք պատրաստ են եղել քննիչի թելադրանքով գրել այն, ինչ որ նրանք ցանկանում էին ունենալ, միայն թե դուրս գային այդ վիճակից` ոստիկանության շենքից, ճնշող մթնոլորտից: Իսկ Սամվել Սարգսյանը հայտարարել է, որ ինքը գտնվել է առողջապես վատ վիճակում, ճնշումը բարձր է եղել, անգամ չի կարդացել, թե ինչ է գրել քննիչը և առանց կարդալու ստորագրել է:
Ավելին` շուրջ երկու ամիս անց, երբ նրանք հրավիրվել են Երևան հատուկ քննչական ծառայությունէ հարցաքննության, օգտվելով իրենց իրավունքից հունիսի 25-ին հրաժարվել են ցուցմունքներ տալուց` նույնիսկ չմատնանշելով, որ առաջին ցուցմունքը իրենցից կորզել են անօրինական ճանապարհով: Հակասական է նրանց նման մոտեցումը և դատարանում կատարած անորոշ և չհիմնավորված հայտարարությունները:
Հարություն Սարգսյանի ցուցմունքում նշված այն հանգամանքը, թե իբր Մանյա Ղուկասյանին չի ճանաչում, հերքվել է նաև Մանյա Ղուկասյանի և Գուրգեն Վարդիկյանի ցուցմունքներով, ըստ որոնց` 2012թ մարտի 27-ից սկսած Հարություն Սարգսյանը հետևել է Մանյա Ղուկասյանին, գրեթե ամեն օր ավտոմեքենայով կանգնել է նրա տանից աշխատանքի և աշխատանքից տուն գնալու ճանապարհի տարբեր հատվածներում:
«Հանցագործության պատճառներից մեկը հանդիսացած Վարդան Ղուկասյանի կողմից Հարություն Սարգսյանի հորն աշխատասենյակից վռնդելու հանգամանքը»,- հիմնավորել է Գյումրու նախկին քաղաքապետ, վկա Վարդան Ղուկասյանն իր տված ցուցմունքում: Ըստ այս ցուցմունքի` 2012թ փետրվարի վերջին կամ մարտի սկզբին իր աշխատասենյակ է այցելել Սամվել Սարգսյանը, ներկայացել որպես Անիի նախկին ոստիկանապետ և որդու համար խնդրել է դստեր ձեռքը:
Իր այն հարցին, թե ո՞ր աղջկա մասին է խոսքը, նա չի կարողացել պատասխանել, ինչից վրդովվել և նրան վռնդել է իր աշխատասենյակից: Հետագայում տեղեկացել է, որ նույն հարցով Սամվել Սարգսյանը մի քանի անգամ դիմել է նաև եղբորը` Գևորգին, սակայն վերջինս, իմանալով իր դիրքորոշումը, այդ մասին իրեն չի հայտնել: Մանյայի նշանադրության հարցում որեւէ տարաձայնություն չի եղել, և Վարդան Ղուկասյանը նույնիսկ հարկ չի համարել այդ «անհեթեթ» խոսակցությունը դատարանում քննարկել:
Հարություն Սարգսյանի` խանդոտ, ագրեսիվ լինելու, խանդի հողի վրա ցանկացած քայլի` անգամ սպանության պատրաստ լինելու հանգամանքները հաստատվել են նրա ընկերուհիներ Ռոզա Կարապետյանի և Օհաննա Մախսոյանի ցուցմունքներով:
Վկա` Ռոզա Կարապետյանը ցուցմունք է տվել, որ ամուսինը վարել է Հարությունի սև գույնի «Մերսեդես» մակնիշի , «կատաֆալկա» ավտոմեքենան, ինչն էլ հանդիսացել է իր և Հարությունի ծանոթության, ապա մտերմության պատճառ: 2012թ հունվարից Հարությունը պարբերաբար զանգահարել է իրեն, իսկ որոշ ժամանակ անց ամուսնուց գաղտնի սկսել են հանդիպել: «Հարություն Սարգսյանը շատ խանդոտ է: Չնայած մեր միջև ինտիմ հարաբերություն չի եղել, ես ամուսնացած եմ, սակայն Հարությունը խանդել է ինձ և նույնիսկ ասել է, որ եթե ինձ տեսնի ուրիշ տղամարդու հետ, կամ թույլ տամ ինչ որ տղամարդու ինձ մոտենա, կամ նայի ինձ վրա, նա այդ տղամարդուն «կգյուլի»»,- ասել է վկան:
Վկա Օհաննա Մախսոյանը հիմնականում պնդել է իր նախաքննական ցուցմունքը` կատարելով որոշ վերապահումներ, մասնավորապես նշել է, որ թմրամիջոցի եւ զենքի պահը չի եղել, ինքը զենք չի տեսել եւ այդ մասին խոսք չի եղել: Առաջին ցուցմունքում նշել է, որ 2010թ սեպտեմբերից ճանաչում է Հարություն Սարգսյանին, ում հետ որոշ ժամանակ շփվելուց հետո դարձել են մտերիմ ընկերներ, ունեցել են ինտիմ հարաբերություններ: Իրենց մտերիմ հարաբերությունները տևել են շուրջ 7-8 ամիս: Բաժանվելուց հետո` 2011թ օգոստոսին, ստույգ օրը չի հիշում, Հարութը հանդիպել է իրեն և զրուցել են հարաբերությունները վերականգնելու շուրջ:
Զրույցը շարունակելու համար նստել է նրա ավտոմեքենան: Մերժում ստանալով` Հարությունը զայրացել է և ավտոմեքենան վարել է դեպի «Մայր Հայաստան» հուշահամալիր: Հասնելով հուշահամալիրի մոտ, թեքվել է դեպի աջ` նեղ ճանապարհով մի քանի մետր գնացել առաջ և կանգ է առել ամայի վայրում, որտեղ իրենք նախկինում չէին եղել:
Հարությունի հետ 7-8 ամիսների շփման ընթացքում շաբաթվա 4-ից 5 օրն անցկացրել են միասին, որի ընթացքում ուսումնասիրել է նրա բնավորությունը, վարքագիծը և նրան ճանաչել է` որպես շատ խանդոտ, գաղտնապահ մարդու: Ցանկացած մանրուք` օրինակ հեռախոսազանգին պահի տակ չպատասխանելը, ժամադրությունից մի փոքր ուշանալը կամ ժամադրված վայրից մի փոքր հեռու կանգնելը` կարող էին նրան հունից հանել: Հարությունն անհրաժեշտության դեպքում կարողանում էր թաքցնել իր բոլոր տեսակի զգացմունքները: Ավելի ուշ, երբ Հարությունը իմացել է, որ ինչ որ տղա հետաքրքրվել է իրենով, ասել է, որ այդ տղային զենքով կխփի և, որ մտածելու ոչինչ չունի: Նա բառացի ասել է. «Դու ի՞նչ ունես մտածելու, կհանեմ զենքը և խփեմ դրան»: Այդ խոսքերը ասելիս Հարությունը ձեռքը տարել է մեքենայի հետևի կողմը, կարծես հասկացնելով, որ այդտեղ ինչ որ բան կա, չնայած նա իրեն զենք ցույց չի տվել:
Դատարանը գտել է. որ պարզաբանումներ ստանալու համար Հարություն Սարգսյանի նախընտրելի վայր է հանդիսացել Կարեն Եսայանի սպանության դեպքի վայրը` «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարակից ամայի տարածքը, հաստատվում է Օհաննա Մախսոյանի նշված ցուցմունքով:
Տեսաձայնագրությունների կապակցությամբ Հարություն Սարգսյանի նախկին ընկերուհի Օհաննա Մախսոյանը ցուցմունք է տվել և դատարանում պնդել, որ Հարություն Սարգսյանի քայլվածքը տարբերվում է ուրիշների քայլվածքից: Նա ոտնաթաթերը դնում է դեպի ներս ու քայլվածքը մի փոքր նմանվում է արջի քայլվածքի: Երբ աջ ոտքը գցում է, ողջ մարմնով հենվում է ձախ ոտքի վրա և հակառակը: Չճանաչողը կարող է մտածել, որ նա կաղում է: Հարցաքննության ընթացքում իրեն ներկայացված` Գյումրու Շիրակացու 109 հասցեում կատարված տեսանկարահանումներն ուսումնասիրելիս քայլվածքի յուրահատկություններով ճանաչել է Հարություն Սարգսյանին: Այդ նկարահանումներում երևացող անձնավորությունը միանշանակ հանդիսանում է Հարություն Սարգսյանը:
Վերը շարադրված ապացույցները, ըստ դատարանի, փաստում են նաև, որ Հարություն Սարգսյանը 2012թ ապրիլի 11-ին ժամը 20:55-ից մինչև 21-49-ը այսինքն` 54 րոպե գտնվելով Շիրակացի 109 հասցեում գործող ավտոլվացման և ավտովերանորոգման կետերի տարածքում, նպատակ չի ունեցել զբաղվել ավտոմեքենան վերանորոգելու կամ լվանալու խնդիրներով, հակառակ դեպքում ավտոմեքենան վերանորոգելու կամ լվանալու համար նշված տարածք չէր գնա ոտքով, կամ գնալուց հետո գոնե կմտներ ավտովերանորոգման կամ ավտոլվացման կետեր: Փաստորեն Հարություն Սարգսյանը ողջ այդ ընթացքում` շուրջ մեկ ժամ ավտոլվացման և ավտովերանորագման կետերի տարածքում ոչինչ չի արել, միայն հետևել է Կարեն Եսայանին և սպասել, թե երբ է նա ավտոմեքենան վերցնելու լվացման կետից:
Այսպիսով, նշված ապացույցներով դատարանը հաստատել է այն հանգամանքները, որ Հարություն Սարգսյանն իրականում Կարեն Եսայանին հետապնդելու նպատակով է տևական ժամանակ մնացել հիշյալ ավտոլվացման և ավտովերանորոգման կետերի մոտ, այդ վայրում մնալու իրական նպատակը քողարկելու համար տարբեր պատճառաբանություններով մտել է ավտոլվացման և ավտովերանորոգման կետեր:
Վկա, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբայր Գևորգ Ղուկասյանը ցուցմունք է տվել, որ 2012թ. ապրիլի 12-ին` ժամը 15-ին, պետք է տեղի ունենար Մանյա Ղուկասյանի և Կարեն Եսայանի նշանադրությունը: Նախապատրաստական աշխատանքների ընթացքում եկել է Կարեն Եսայանի հայրը` Ռազմիկը և հայտնել, որ Կարենին չեն կարողանում գտնել: Տեղեկանալով, որ Կարենն առավոտյան պետք է ավտոմեքենան վերցներ ավտոլվացման կետից, որոնումները սկսել են այնտեղից:
Քաջատեղյակ լինելով, որ մինչ այդ Սամվելը որդու` Հարությունի համար Մանյայի ձեռքն էր խնդրել, ենթադրել է, որ Հարությունը խանդի հողի վրա կարող է Կարենին առևանգած լինել` նշանադրությունը խափանելու նպատակով: Գնացել են Սամվելենց տուն, որտեղ Հարությունին հորդորել են հայտնել տեղեկություններ Կարենի գտնվելու վայրի մասին, սակայն Հարությունը հայտարարել է, որ Կարենին չի ճանաչում և ոչինչ չգիտի նրա գտնվելու վայրի մասին: Այնուհետև, ոստիկանության աշխատակիցները Հարություն Սարգսյանին տարել են ոստիկանություն: Երբ գնացել են դեպքի վայր Կարենին տեսել է մեքենայի մեջ նստած, գլուխը գցած, սպանված վիճակում:
Դատարանը նկատում է, որ Հարություն Սարգսյանի այն պատճառաբանությունը, որ 2012թ. ապրիլի 12-ի առավոտյան Գյումրու Շիրակացի փողոցի 109 հասցեում գտնվող ավտոլվացման կետ է գնացել ավտոմեքենան լվանալու նպատակով, անհիմն է, քանի որ նա հաստատապես իմանալով, որ ավտոլվացման կետը բացվելու է ժամը 09-ին, նշված վայր է ժամանել մեկ ժամ շուտ` 07:59-ին: Նման, «շտապողականության» պայմաններում ժամը 09-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, ացվտոլվացման կետի աշխատանքները սկսված լինելու պայմաններում Հարություն Սարգսյանը չի դիմել ավտոմեքենան լվանալու խնդրով, փոխարենը ավտոլվացման կետից Կարեն Եսայանի հեռանալուն պես, հետևելով նրան, հեռացել է տարածքից` այդպես էլ շուրջ 2 ժամվա սպասումներից հետո չօգտվելով ավտոլվացման կետի ծառայությունից:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ պատիժ սահմանելիս դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, ինչպես նաև ամբաստանյալի անձը, որ նա նախկինում դատված չի եղել, տուժողի իրավահաջորդին անմիջական պատճառված վնասը, ինչպես նաեւ պետությանը պատճառված վնասը չի վերականգնել:
Կիրառվող պատիժը պետք է լինի արդարացի, համապատասխանի հանցանքի ծանրությանը , այն կատարելու հանգամանքներին եւ բավարար լինի նրան ուղղելու համար: Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին:
Ի դեպ, տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանը ներկայացրել է 12.000.000 ՀՀ դրամի քաղհայց, սակայն չի ցանկացել տվյալ դատական նիստում այն քննարկել:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով և ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 1-ին մասի սանկցիայով զրկել նաեւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Խափանման միջոց «կալանավորումը» պետք է թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360, 369-373, հոդվածներով դատարանը.
Վ Ճ Ռ Ե Ց
Ամբաստանյալ Հարություն Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 188 հոդվածի 1-ին մասով:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 14 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով, զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի համակցությամբ պատիժները լրիվ գումարելու սկզբունքով վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 15 տարի ժամկետով, զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1 տարի ժամկետով:
Դատարանը վճռեց Հարություն Սամվելի Սարգսյանի միջոցներից բռնագանձել 768.194 ՀՀ դրամ հօգուտ պետ բյուջեի` որպես պատճառված վնասի հատուցում:
Տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանին քաղհայցի իրավունք վերապահել:
Տեղեկացնենք, որ դատավճիռը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ գործի վարույթն ամբողջովին կարճվել է: