ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. «Ազատություն» ռադիոկայանից տեղեկացվում ենք Հայաստանի մշակույթի որոշ ոլորտներում տեղի ունեցող միջոցառումների մասին` նկարչություն, քանդակագործություն, երգ-երաժշտություն, կինո, թատրոն: Սակայն ոչ մի խոսք չկա քաղաքաշինության, ճարտարապետության, հատկապես Երեւանի ճարտարապետական նկարագրի այլանդակման մասին: Հայաստանի ճարտարապետների միության նախագահը` Մկրտիչ Մինասյանը, լուրջ քայլեր է անում, որ Երեւանի նոր ճարտարապետական նկարագիրը ձեւավորելիս հին ճարտարապետական հիշողությունը ոչնչացվի: Իսկ  ամենայն հայոց ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, իր անմիջական խնդիրներով զբաղվելու փոխարեն, ման է գալիս Հանրապետական կուսակցության միջանցքներում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ինչո՞ւ մշակույթի այս ոլորտի խնդիրները չեն լուսաբանվում «Ազատություն» ռադիոկայանով:

Արամայիս Ասլանյան, 66 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքային նկարագրին վերաբերող խնդիրները կարեւորագույններից են մեր քաղաքացիների համար, եւ բնականաբար, մենք անդրադառնում ենք այդ հարցերին: Մաշտոցի պուրակի շինարարության  ժամանակ մենք մեծ աշխատանք տարանք եւ նույն կերպ վարվեցինք՝ Փակ շուկայի շինարարության հետ կապված: Այսինքն` այնպես չէ, որ մենք չենք լուսաբանում  այդ խնդիրները: Հարցում կոպիտ ձեւակերպումներ կան, որոնցից մենք  զերծ ենք մնում, բայց մենք թե՛ Մկրտիչ Մինասյանի, թե՛ Նարեկ Սարգսյանի հետ բազմաթիվ հարցազրույցներ ունենք, եւ կարծում եմ, որ անարդարացի են այդ նկատառումները: Մենք մեր ուժերի ներածին չափով լուսաբանում ենք Երեւանի քաղաքաշինությանն ու քաղաքային նկարագրին վերաբերող բոլոր հարցերը:

«Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի
ղեկավար Աղասի Ենոքյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աղասի Ենոքյանի հետ դժվար է չհամաձայնել, քանի որ մեր ընթերցողի հարցադրումը խիստ սուբյեկտիվ է ու հարցից ավելի շատ` գնահատականներ է պարունակում:




Լրահոս