Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 19-ին՝ երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային և կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա։
Այս երևույթի առնչությամբ armlur.am-ը զրուցեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր և ծագումով վրացահայ Շիրակ Թորոսյանի հետ: Նա մեզ հետ զրույցում դատապարտեց նման արարքը և նշեց, որ դեպքի առնչությամբ զրուցել է եկեղեցու սրբազանի հետ:
«Դատապարտում եմ այս շատ տխուր և տգեղ իրողությունը: Կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունները պետք է լուրջ հետաքննություն իրականացնեն և պատժեն մեղավորներին, ստեղծեն իրավիճակ, որ ազգային և կրոնական հողի վրա նման միջադեպերը այլևս բացառվեն»,- ասաց Շ. Թորոսյանը:
Նա նաև նշեց, թե կարծում է, որ ծեծկռտուքը նման զանգվածային բնույթ չէր ստանա, եթե վրաց եկեղեցին և լրատվամիջոցները չիրականացնեին հակահայկական քարոզչություն: Նրա խոսքով` հենց այն հանգամանքը, որ ամեն ինչ տեղի է ունեցել Սբ. Էջմիածին եկեղեցում, վկայում է, որ այն կարող է լինել հակահայկական քարոզչության արդյունք: Սակայն Թորոսյանը չբացառեց նաև, որ նման միջադեպերի համար նպաստավոր միջավայր կարող են ստեղծել ադրբեջանցիները, որոնց թիվը քիչ չէ Վրաստանում: