
Հունիսի 12-ին Հանքավանում մեկնարկել է կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում:
Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար: Նախագծի հերթական փուլը տեղի ունեցավ հուլիսի 18-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Միջոցառմանը մասնակցում էին 55 աղջիկներ մարզի դպրոցներից:
Միջոցառման սկզբում ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի բաժնի մասնագետ Լալա Երիցյանը և ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի բաժնի հրահանգիչ Սամսոն Հակոբյանը ներկայացրին ծրագրի մանրամասները մասնակիցներին և նրանց ծնողներին:
Դրանից հետո մասնակիցները մեկուկես ժամվա ընթացքում կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին ֆուտբոլային փոքր խաղեր: Մարզահագուստը, գնդակները և ֆուտբոլային այլ պարագաները տրամադրվել էին ՖԻՖԱ-ի կողմից: